«Ինչի՞ են հրապարակել իմ երեխայի անունը». զորականցի երիտասարդի հայրը պահանջում է համացանցից հեռացնել խմբակային ծեծի տեսանյութը

Հենց այսօր չափահաս է դառնում զորականցի երիտասարդը, ում խմբակային ծեծի տեսանյութը համացանցում մեծ աղմուկ ու զայրույթ է բարձրացրել: Ընտանիքը ծննդյան օրը նշելու փոխարեն քննարկում է այս երևույթը, որ իրենց համար ամոթալի են համարում, և պահանջում՝ տեսանյութը հեռացնել համացանցից: Այսօր հայր ու որդի Զորականի գյուղապետարանում էին՝ անհանգստացած:

«Իմ տղայի ծնունդն ա, ես ոչ մի բան դեռ չեմ ձեռնարկել, ու աչքիս ծնունդն էլ չի գալիս: Առաջին հերթին էս հարցն ա՝ ինչի՞ են հրապարակել իմ երեխայի անունը: Ես ուզում եմ էսօր էդ հարցին լուծում տամ, որ էսօր գնամ հանգիստ իմ երեխայի մոտ նստեմ, իմ երեխային մի կես ժամով ուրախացնեմ գոնե», - ասաց հայրը:

Երկու ամիս առաջ տեղի ունեցած դեպքի տեսանյութում հինգ հասակակից՝ ոտքերով ու ձեռքերով հարվածում են գլուխը պահած ու ցավից բղավող տղային: Խոսքերից պարզ է, որ նրան մեղադրում են դպրոցի պահակին ինչ-որ տեղեկություն հայտնելու մեջ: Տուժողը հերքում է, բայց հարվածները շարունակվում են:

Տեսանյութը տուժողի հորը հասել է դեպքից մեկ ամիս անց, ինչից հետո էլ նա այն իրավապահներին է հանձնել. «Եկել եմ մեր գյուղապետի մոտ, որ էս հարցին տեսնենք՝ ինչ լուծում կարանք տանք, որ համացանցում չտարածվի, դա ինձ համար էլ է ամոթ, մեր գյուղի համար էլ է ամոթ, իմ երեխայի համար էլ»:

Քննչական կոմիտեից հայտնում են՝ հինգ պատանիներից մեկին կալանավորել են մեկ ամսով, երեքին՝ 20 օրով, մեկին տնային կալանք են տվել: Երկու օրից բոլորն էլ արդեն ազատության մեջ կլինեն. դատարանը նրանց կալանքը երկարացնելու քննիչների միջնորդությունը մերժել է, և միայն մեկի նկատմամբ վարչական հսկողություն սահմանել: Մյուս չորսի համար որևէ խափանման միջոց չկա:

Մինչդեռ և՛ հայրը, և՛ Զորականի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը վստահ են՝ գործը դատարան կհասնի, մեղավորները կպատժվեն. «Դասերից հետո է եղել, մենակ մեր երեխաները չեն, Կոթիից, Նոյեմբերյանից խառը էրեխեք էլ կան, էդ էրեխեքից ինչ-որ զանգել են ասել՝ էդ էրեխեն քֆուր ա արել, էս ա արել, էն ա արել, Նոյեմբերյան ա դեպքը եղել: Գործն իրավապահների մոտ ա, ընթացք տված ա, պատժված են, պատժվում են, պատժվելու են»:

Երիտասարդն առաջիկա ամիսներին բանակ կզորակոչվի: Նաև այդ պատճառով է նեղվել համացանցի աղմուկից: Նրան դատաբժշկական փորձաքննության են ենթարկել դեպքից մեկ ամիս անց ու մարմնին վնասվածքներ չեն հայտնաբերել, ասում է հայրը. «Էդ դեպքը, որ վիդեոն էլ տեսնում ես, տեսնողի համար ցնցող է, բայց մենք գյուղացի մարդիկ ենք, իրար հասկացող մարդիկ ենք, բաժնում էլ եմ ասել, Քննչականում էլ եմ ասել, մենք էլ ենք ջահել եղել, մենք էլ ենք իրար հետ վիճել, կռվել, հետո սաղ հարթվել ա գնացել: Վաղը, մյուս օրը իրար հետ բանակ են գնալու, պիտի նենց անենք, որ իրար երեսի պարզ ճակատով նայեն»:

Ծեծին մասնակից տղաներից մեկը Արթիկ քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է:

«Նման դեպքերը վկայում են հարցին առնչվող խորքային խնդիրների առկայության մասին». ՄԻՊ

Երեկվանից համացանցում դեպքը դատապարտող տարբեր հայտարարություններ են: Մեղադրանքներ են հնչում պետական պատասխանատու կառույցների հասցեին:

Մարդու իրավունքների պաշտպանն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ կրթական հաստատություններում բռնության հայտնաբերման, կանխարգելման և պատշաճ արձագանքման արդյունավետ մեխանիզմների բացակայությունը նպաստում է նման անընդունելի միջադեպերի առաջացմանը։

«Տավուշի մարզում բարձր դասարանի աշակերտների կողմից անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը մատնանշում է այն բոլոր խնդիրները, որոնք առկա են մեր հասարակական միջավայրում՝ բռնության նկատմամբ վերաբերմունքի, դրա կանխարգելման, դեպքերին արձագանքման և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում: Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույլատրելի, այլ վկայում են հարցին առնչվող խորքային խնդիրների առկայության մասին: Պետությունն ունի պարտավորություն ապահովելու անչափահասների անվտանգությունը դպրոցում, ուսումնական այլ հաստատություններում և դրանցից դուրս», - ասված է հայտարարությունում։

Գլխավոր դատախազությունը միայն այսօր է որոշել վերաքննիչ բողոք ներկայացնել զորականցի երիտասարդին ծեծի ենթարկածներին չկալանավորելու դատարանի որոշման դեմ:

Դատախազությունից հայտնում են, թե խափանման միջոցների փոփոխությունների վերաբերյալ դատական ակտերն այսօր են ստացվել: Արդյոք հանրային աղմուկը կազդի՞ դատարանի որոշման վրա, թե՞ ոչ, պարզ կլինի առաջիկա օրերին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի ուսանողին ծեծի ենթարկածներին չկալանավորելու որոշման դեմ