Ինչպե՞ս է տրվելու առողջապահական ապահովագրության մեկնարկը. նախագիծը մտավ ԱԺ օրակարգ

Առողջապահության նախարարությունից դեռ չեն հստակեցնում, թե կոնկրետ ինչ բժշկական ծառայություններ է ներառելու հունվարից խոստացված առողջապահական ապահովագրությունը։

Նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանական հանձնաժողովում նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, թե ծառայությունների ցանկը կհրապարակվի, երբ առողջապահության ապահովագրության օրենքն ընդունվի։

Առողջապահության նախարարի պատասխանները, սակայն, օրենքի քննարկմանը ներկա ընդդիմադիրներին չգոհացրին: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Անահիտ Ավանեսյանի արձագանքից վրդովվեց ու հայտարարեց՝ նախարարը պարտավոր է հայտնել, թե ապահովագրությունը կոնկրետ ինչ ծառայություններ է ներառելու։

«Այնպիսի մի տպավորություն է ստեղծվում, կարծես թե այդ ծառայությունների փաթեթը մենք գաղտնի ենք պահում։ Ես ամեն օր դրա մասին խոսում եմ՝ ինչ է մտնում, որ ծառայություններն են մտնում, բայց դրանք նախագծեր են», - ասաց նախարարը:

Կառավարությունից չեն թաքցնում՝ ապահովագրությունը չի ներառելու բժշկական բոլոր ծառայությունները։ Վարչապետը դեռ անցած ամիս հայտարարել էր, որ այն ներառելու է ամենահաճախ օգտագործվող ծառայությունների ընդամենը 30 տոկոսը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 200,000 դրամ և ավելի աշխատավարձ ստացողների հարկային բեռը հնարավոր է ավելանա՝ առողջապահության ապահովագրության շրջանակում

Ըստ պաշտոնյաների՝ մեկ ամսից մեկնարկող առողջապահական ապահովագրությունից առաջին փուլով օգտվելու են մինչև 18 տարեկան երեխաները, 65 տարին լրացած քաղաքացիները, առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք, 28 և ավելի անապահովության բալ ունեցող քաղաքացիները. նրանց փոխարեն պետությունը կվճարի։

«Հաջորդ խումբն այն քաղաքացիներն են, ովքեր իրենք են վճարելու իրենց ապահովագրավճարը։ Դա վերաբերում է 200 հազար դրամ աշխատավարձից ավելի գումար վաստակող անձանց։ Նշեմ, որ այս մեկնարկային, հաշվարկային շեմը վերաբերում է համախառն եկամտին։ Սա նշանակում է, որ հարկերը ներառյալ, և եթե անձը մի քանի տեղ է աշխատում, ապա ևս հաշվարկվում է նրա բոլոր տեղերում հաշվարկված աշխատավարձի հանրագումարը։ Եվ եթե այս հանրագումարը 200 հազար դրամից ավելի է, ուրեմն նա կընդգրկվի 2026 թվականին առողջության ապահովագրության համակարգում», - բացատրեց Ավանեսյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առողջության ապահովագրությունը՝ «2026-ից». ովքեր են ներառվելու առաջին փուլում

Արդեն 2027 թվականից համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող անձինք: 200 հազար և ավելի բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիները ապահովագրությանն ամսական 10 հազար 800 դրամ կվճարեն։ Կառավարությունը, սակայն, որոշ արտոնություններ է սահմանել, որոնք, նախարարի ձևակերպմամբ, կնվազեցնեն նրանց ամսական բեռը։ Օրինակ՝ 200 հազարից 500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները «Զինապահ» հիմնադրամին 5 հազար 500 դրամի փոխարեն հազար դրամ կվճարեն, իսկ 4 հազար 500 դրամը կուղղեն առողջության ապահովագրությանը, ևս 6 հազար դրամ էլ կստանան եկամուտների հայտարարագիր լրացնելու դեպքում:

«500-ից մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացողների համար կգործի հետևյալ սանդղակը՝ նրանք վճարում են «Զինապահ» հիմնադրամին 8 հազար 500 դրամ, կշարունակեն վճարել հազար դրամ «Զինապահին», մնացած 7 հազար 500 դրամը կշարունակեն վճարել արդեն առողջության ապահովագրության հիմնադրամ և էլի սոցկրեդիտների շրջանակներում հետ կստանան 4 հազար դրամ։ Ստացվում է, որ այս խումբ քաղաքացիների համար առողջության ապահովագրության առաջնային մեկնարկային տարվա համար, ըստ էության, ֆինանսական հավելյալ բեռ չի ավելանում», - պարզաբանեց նախարարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հերթական ժամկետը հնչեց՝ 2026-ի հունվարի 1-ից

Իսկ արդյոք առողջապահական համակարգը պատրա՞ստ է նման մեծ մասշտաբի բարեփոխման, արդյոք պոլիկլինիկաները պատրա՞ստ են հունվարի 1-ից քաղաքացիների մեծ հոսքեր ընդունելուն, կա՞ն բավարար թվով մասնագետներ, հետազոտություններն իրականացնելու համար կա՞ բավարար քանակի որակյալ բժշկական տեխնիկա, առողջապահության նախարարից հետաքրքրվում էր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

«Պե՞տք չեն լինելու հիմա նախնական հետազոտությունները», - հարցրեց նախարարը:

«Չէ, տեսեք, ապահովագրական փաթեթի մեկնարկի տարեկան հետազոտությունները և սկրինինգները դառնալու են հասանելի անձին, և մենք հասկանում ենք, որ այդ երկու տարվա ցիկլը անհրաժեշտ է, որ ոչ թե բոլորը հունվարի 1-ին գան և անցնեն սկրինինգը, հետազոտությունները և այլն, որ ապահովագրական փաթեթը ակտիվանա, այլ մինչև 29 թիվը բոլորն այս ընթացիկ նորմալ, առանց նման՝ Ձեր նշած կատաստրոֆիկ երևույթների, հանգիստ կանցնեն իրենց հետազոտությունները, և 29-ից հետո արդեն, երբ որ ցիկլը կսկսի նորմալ ընթացքով արդեն գնալ, կդառնա պարտադիր», - արձագանքեց Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ արդեն այդ ժամանակ փաթեթից օգտվելու համար, օրինակ, կին քաղաքացիներին կպարտադրվի անցնել կրծքագեղձի հետազոտությունը և այլ հետազոտություններ. «Կկրկնի երկու տարվա մեջ։ Շատ լավ, կշարունակի օգտվել ապահովագրությունից։ Չի կրկնի, նրան կգա հիշեցում դրա մասին, ապահովագրական փաթեթը կսառի, մինչև կօգտվի:

Այսինքն՝ այստեղ մենք հենց Ձեր նշած ռիսկերը կառավարելու համար այս անցումային շրջանը դեռ ապահովելու ենք, որ մարդիկ առանց իրարանցման կարողանան այդ հետազոտությունները անցնեն»։

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում առողջապահության ապահովագրության կառավարության ներկայացրած նախագիծը դրական եզրակացություն ստացավ ու ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստում, այն արդեն երկու ընթերցում պետք է անցնի օրենքի ուժ ստանալու համար։ Դեռ պարզ չէ՝ խորհրդարանը երբ կքննարկի նախագիծը: