Իշխանությունները միլիարդների ծրագրեր են խոստանում Վանաձորում այն դեպքում, երբ դրանք հաստատելու պարտավորություն ունեցող ավագանին արդեն 9 ամիս նիստ չի անցկացրել:
Տարվա ավարտին ուղիղ մեկ ամիս է մնացել: Ծրագրերը միայն խոստումներ կմնան ընտրություններից առաջ, թե՞ ի վերջո իշխանություններին կհաջողվի համոզել ընդդիմադիր գոնե մի քանի անդամների ներկայանալ նիստին քվորում ապահովելու և դրանք հաստատելու համար:
Այսօր Վանաձորի քաղաքապետարանում հաջորդ տարվա բյուջեի և սուբվենցիոն ծրագրերի հանրային քննարկումն էր: Հայտարարեցին՝ 2024-ի համեմատ հաջորդ տարի կրկնակի ավելի փող կունենա համայնքը՝ մոտ 13 միլիարդ դրամ: Ոչ միայն այս տարվա չծախսված 5 միլիարդ դրամը կտեղափոխվի հաջորդ տարի, այլև կառավարությունն առատաձեռն կգտնվի դոտացիոն հատկացումներում: Համայնքապետարանի ֆինանսական բաժնի ղեկավար Վահե Գրիգորյանն ասաց՝ աննախադեպ գումարներ են լինելու:
«Այստեղ նաև պետք է նշենք, որ մենք ունենալու ենք պաշտոնական դրամաշնորհների աճ»,- ասաց Գրիգորյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վանաձորի ավագանին 4 տարվա փակուղուց դուրս բերելու ևս մեկ քայլ. արդյո՞ք կհաջողվիԼոռու ՔՊ-ական մարզպետ Արեն Մկրտչյանը նույնպես եկել էր հանրային քննարկմանն ու անձամբ ներկայացրեց ծրագրերը, որ խոստանում են հաջորդ տարի համայնքի ու կառավարության համաֆինանսավորմամբ իրականացնել Վանաձորում: Մանկապարտեզների կառուցում, տասնյակ փողոցների ու բակերի վերանորոգում, տանիքների ու վերելակների նորոգում, այգիների բարեկարգում, անգամ մանկապարտեզներն անվճար կդառնան: Մարզպետ Մկրտչյանն այսօր թղթին տված նախագծեր էր բերել իր հետ: Բազմաթիվ այս ծրագրերի իրատեսական լինելու մասին կասկածներ չհնչեցին:
Մարզպետ Արեն Մկրտչյանի խոսքով.- «Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում Վանաձորի համար մեկ տարվա համար նախատեսված սա աննախադեպ բյուջե է և աննախադեպ ծրագրային փաթեթ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լոռու մարզպետը Վանաձորի ավագանուն կոչ է անում մասնակցել նիստին. ընդդիմությունից հորդորում են շանտաժով չխոսելՀաջորդ տարին նախընտրական է ոչ միայն խորհրդարանի, այլև Վանաձորի համար: Թեև արդեն 4 տարի այստեղ ավագանին այդպես էլ համայնքի ղեկավար չընտրեց ու ավագանու ընդամենը մի քանի արտահերթ նիստ տեղի ունեցավ, բայց հաջորդ տարի լրանում է ավագանու լիազորությունների ժամկետն ու նոր ընտրություններ են սպասվում: Մինչ այդ դատարանն ավագանուն արգելանքի տակ է պահում, ընդդիմադիրները բոյկոտում ու արտահերթ նիստերին չեն ներկայանում, արդեն 9 ամիս նիստ չեն էլ նախաձեռնել:
Լոռու մարզպետն իր նշանակումից ի վեր՝ անցած երկու ամիսներին պարբերաբար կոչ է արել ավագանու ընդդիմադիր անդամներին ներկայանալ նիստերին ու համայնքի համար կարևոր ծրագրերը հաստատել: Բայց ընդդիմադիրները հայտարարել են, որ նիստերին չեն գնա: Արդյո՞ք ի վերջո իշխանություններին կհաջողվի նիստ անցկացնել: Մարզպետը հույսն ընդդիմադիրների ողջախոհության վրա է դնում:
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյան.- «Ծրագրերը, որոնք ներկայացվում են, բացառապես կապված են քաղաքի մարզկենտրոնի զարգացման հետ: Օրակարգում որևէ քաղաքական հարց չկա, չկան քաղաքական հակադրություններ, և ես կարծում եմ, որ պետք է գալ և հնարավորություն տալ Վանաձորին զարգանալու»:
«Ազատություն».- Ձեզ թվերը ի՞նչ են ցույց տալիս, ամեն դեպքում քանի՞ ձայն է պակասում ավագանու նիստի համար։
Արեն Մկրտչյան.- «Ես դետալներին չանդրադառնամ, ես հույս ունեմ նիստը կկայանա, ավելի ընդհանրական պատասխանեմ ձեր հարցին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոռուպցիան բնում խեղդելու խոստում, երկաթյա կարգապահության պահանջ. Արեն Մկրտչյանը ստանձնում է Լոռու մարզպետի պաշտոնըԻշխող «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Արեն Մկրտչյանը կոռուպցիան բնում խեղդելու և երկաթյա կարգապահության խոստումներով ու պահանջներով ստանձնեց Լոռու մարզպետի պաշտոնը: Երկու ամիս է անցել: Արդյոք հաջողվել է նորանշանակ մարզպետին անել այն, ինչ անցած յոթ տարիներին չի հաջողվել անել իր նախորդներին:
Արեն Մկրտչյան. - «Հաջողվել է 11 համայնքապետերին գրություն ուղարկել և համայնքապետերից ստանալ բոլոր օտարված մանկապարտեզների, մշակույթի տների, երաժշտական դպրոցների և այլ համայնքային ենթակառուցվածքների ցանկը, նաև վարձակալությունները և մասնավորապես օտարումները ուղարկված են գլխավոր դատախազին, որքանով տեղյակ եմ, նաև դրա հիմքով տրված են համապատասխան հանձնարարական։
«Ազատություն».- Պարոն Մկրտչյան, դրանք նորություններ չէին, Ձեզ նախորդած պաշտոնյաներն էլ այդ գրություններն ուղարկել են, այդ քրեական գործերը....
Արեն Մկրտչյան.- «Ես պատասխանեմ իմ մասով, նախորդածների մասով, նախորդած մեր գործընկերներին հարցրեք, օտարումների մասով ենք գործողություններ արել, վարձակալությունների մասով ուսումնասիրություններ ենք անում, առաջիկայում դուք կլսեք համայնքին վերադարձվող գույքերի մասին...»:
Այսօրվա հանրային լսումները տեղի ունեցան օրենքի պահանջով: Բյուջեն և սուբվենցիոն ծրագրերն ավագանու հաստատմանը ներկայացնելուց առաջ հանրությանն են ներկայացվում: