Իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց մեղադրում են պատերազմի զոհերի թիվը մանիպուլացնելու մեջ

«Եռաբլուր» զինվորական պանթեոն

2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօրվա սոցցանցային իր այս գրառմամբ կրկին բացեց 44-օրյայի զոհերի թվի մասին բանավեճը:

Ինչո՞ւ հիմա. խորհրդարանի նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանն «Ազատությանն» ասաց՝ «քանի որ հանրության շրջանում շատ են զոհերի թվի վերաբերյալ մանիպուլյացիաներն, ու պարբերաբար 5000 զոհի մասին շրջանառվում են կեղծ թվեր, ԱԺ նախագահը պաշտոնապես հրապարակված թիվը վերահրապարակել է»:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ալեն Սիմոնյանի հայտարարությունն է «թվերի մանիպուլյացիա» որակում:

«Եթե նրանք հենց սկզբից հրապարակեին անունները և մեր հերոս զինվորների, անմեղ քաղաքացիական բնակիչների՝ զոհերի թիվը, այս հարցը չէր առաջանա: Զոհերի կորստի ցավը փորձում են այսպես նվազեցնել, թե ի՞նչ 5 հազար, ընդամենը 3 հազար 833: Ամեն անվան հետևից մի կյանք է, մի ճակատագիր է, մի ընտանիք է, հարված ամբողջ ազգին: Եվ հիմա այս թվերի մանիպուլյացիան առնվազն ազնիվ չէ», - ասաց նա:

Զոհերի թիվը հրապարակելուց հետո կարճ ժամանակ անց ԱԺ նախագահը տեսանյութով որոշեց անդրադառնալ իր գրասենյակ պարզաբանման համար զանգած լրագրողների հարցերին՝ խիստ զարմացած. «Այս թիվը պաշտոնապես վաղուց հրապարակված է, և գիտեք՝ պրոբլեմն ինչումն է, որ այնքան մեզ փորձել են այլ թվերով մեր հանրությանը ցավեցնել, դրա վրա քաղաքական դիվիդենտներ հավաքել այդ սրիկա քաղաքական գործիչները, որոնք այլ թվեր են հրապարակել, որ մեր իրականության մեջ այս թիվը կարծես թե նորություն լինի»:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը Ալեն Սիմոնյանին հիշեցնում է՝ իշխանությունն է խուսափում հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի անուները:

«Ուզում եմ չափման միավորը գտնել՝ սրիկայությունը որն է, սրիկա չէ՞ արդյոք այն իշխանությունը, որի օրոք ՀՀ զինված ուժեր զորակոչված զինծառայողներից 225 հոգի 22 թվականի սեպտեմբերին՝ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ, Գեղարքունիք, Ջերմուկ՝ մեր հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվածները, այս իշխանությունը մի բառ չասեց այս տարի՝ հիշատակելու հայրենիքի համար զոհված այդ բոլոր զինծառայողներին», - ասաց նա:

«Ամեն անգամ մանիպուլացրել է: Ցանկացած երկրում, որտեղ ունեն իրենց երկրի պաշտպանության համար զոհվածներ, բազմաթիվ հուշահամալիրներ կան աշխարհի 4 ծեգերում, անուն առ անուն գրված է», - հավելեց նա:

2021-ին Փաշինյանն այսպես էր փորձել հակադարձել 5 հազար զոհի մասին ընդդիմությունից հնչող հայտարարություններին. «4 հազարի կարգի, պլյուս/մինուս 50»:

Իշխանությունը մշտապես վրդովվել է 5 հազար զոհերի մասին՝ ընդդիմության հիշատակումներից, բայց իրավապահներն անցած 5 տարիներին զոհերի ճշգրիտ թիվը հրապարակելու հարցում հետևողականությամբ աչքի չեն ընկել:

Չնայած Ալեն Սիմոնյանի պնդմանը, թե զոհերի պաշտոնական թիվը վաղուց հայտնի է, 44-օրյա պատերազմում 3 հազար 833 զոհի մասին ՔԿ-ն այս ամիս է խոսել, ընդ որում՝ FactorTV-ին բանավոր են փոխանցել: «Ժողովուրդ» պարբերականին, օրինակ, ասել էին՝ այս տարվա փետրվարի 20-ի դրությամբ 2020 թվականի 44-օրյա մարտական գործողությունների ընթացքում զոհվել է 3 հազար 941 անձ: «Ազատությանը» փոխանցել էին, որ 44-օրյայի զոհերը 3 հազար 981-ն են:

Քննչական կոմիտեի խոսնակն «Ազատությանն» այսօր ասաց՝ մեզ սխալ տեղեկություն են հայտնել, քննիչի վրիպակն է եղել:
44-օրյա պատերազմի վերաբերյալ քննվող քրեական վարույթում զոհերի թիվը, ըստ նրա, 3 հազար 833 է:

Զոհերի անունները, ըստ ՔԿ խոսնակի, չեն հրապարակվելու: