Հայաստանում վեց տասնյակից ավելի քաղբանտարկյալ կա, խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Էլինար Վարդանյանը: «Քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման» օրակարգով հրավիրված լսումներն այսօր մեկնարկեցին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ներկայացմամբ:
Էլինար Վարդանյանը, որ նախագծի հիմնական զեկուցողն էր, պնդեց՝ Հայաստանում քաղաքական հայացքների համար ճնշումներն ահագնացել են. «Մեր տվյալներով՝ 60-ից ավելի, իսկ իմ գնահատականով, գրեթե 70 անձ ենթարկվում է քրեական հետապնդման, բնականաբար քաղաքական դրդապատճառներով, իսկ նրանցից գրեթե 40-ը գտնվում են քրեակատարողական հիմնարկներում»։
Նախագծում քաղբանտարկյալների կոնկրետ անուններ նշված չեն, փոխարենը ընդհանուր ասվում է, որ ճնշումների են ենթարկվում հոգևորականներ, նախկին ու ներկա քաղաքական գործիչներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, բարեգործներ, նաև իշխանությանը քննադատող քաղաքացիներ: Էլինար Վարդանյանն ամեն դեպքում առանձնացրեց ահաբեկչության փորձի և իշխանության յուրացում նախապատրաստելու համար մեղադրվող Լիդյա Մանթաշյանի օրինակը, որի կալանքն ու տեակցությունների արգելքը պահպանվում են:
«Լիդյա Մանթաշյանն այս պահին միակ կին քաղաքական բանտարկյալն է, և ընդամենը օրեր առաջ դատարանը հերթական անգամ երեք ամսով երկարաձգեց Լիդիայի կալանքը, և դա այլ կերպ, քան պատիժ Լիդիայի նկատմամբ հնարավոր չէ որակել», - ասաց նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նստացույց Գլխավոր դատախազության դիմաց՝ Լիդյա Մանթաշյանի ազատ արձակման պահանջովԲայց սա միակ անունը չէր, որ հնչեց այսօրվա լսումներին: Ընդդիմադիր գործիչներն ու փաստաբանները անդրադարձան Միքայել և Բագրատ սրբազանների, Սամվել Կարապետյանի, Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի, Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի և մյուսների գործերին՝ փորձելով հիմնավորել, թե ինչու են այս բոլոր անձինք քաղբանտարկյալներ:
«Քաղաքական բանտարկյալ ճանաչված անձը պարտադիր չէ, որ լինի անմեղ, գործի քաղաքական բաղադրիչը կարող է դրսևորվել, օրինակ, օրենքի ընտրովի կիրառման մեջ կամ չափազանց խիստ պատժի կիրառման մեջ համեմատած նույնատիպ հանցագործություն կատարած, բայց քաղաքական նախապատմություն չունեցող անձանց հետ կամ վերջապես անարդար դատավարության մեջ, որը այնուամենայնիվ կարող էր հանգեցնել մեղավոր անձի դատապարտմանը», - նշեց Վարդանյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմությունը խոսում է «վեց տասնյակ քաղբանտարկյալների» մասին, իշխանությունը ժխտում էԻշխանությունից կտրուկ են հերքում, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Ասում են՝ նման բան լիներ, գոնե միջազգային մի կառույց այդ մասին կբարձրաձայներ: Միջազգային կառույցների լռությունից ընդդիմադիրները դժգոհ էին, այսօրվա գրեթե բոլոր ելույթներում նրանք այդ խնդրին անդրադարձան:
Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեց՝ ինչպես էին նախկինում քաղբանտարկյալների թեմայով քննարկումներին արձագանքում միջազգային կառույցները. «Ցանկացած նման քննարկման ժամանակ Սվիտալսկին լեժանկան դնում էր և այստեղից չէր գնում որևէ տեղ»։
Ընդդիմադիրներն այսօրվա լսումներին նաև միջազգային կառույցների ներկայացուցիչների էին հրավիրել, բայց ինչպես հայտարարվեց նիստի մեկնարկին, ներկա էր միայն Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության քաղաքական ներկայացուցիչը: Ընդդիմադիրներին պակաս չվրդովվեցրեց նաև գլխավոր դատախազի բացակայությունը: Աննա Վարդապետյանի խորհրդականը դեռ երեկ էր «Ազատությանը» հայտնել՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դատախազը չի գնա ԱԺ:
«Կոնկրետ քաղաքական, իրավական գործողություն ենք պլանավորում գլխավոր դատախազի այս վարքագծի կապակցությամբ», - հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Ելույթներից բացի, լսումները նախաձեռնողներն Ազգային ժողով էին բերել այն բոլոր անձանց լուսանկարները, որոնց քաղբանտարկյալ են համարում:
Դրանք տեղադրված էին կառավարության անդամների համար նախատեսված հատվածում: Իշխանական որևէ պատգամավոր նիստին ներկա չէր, միայն Ազգային ժողովի նախագահը կարճ արձագանքեց քննադատություններին, այն էլ լրագրողների համար նախատեսված օթյակից. «Լավ է, որ լավ գաղափար են, նկարներ են դրել, որպեսզի ինչ-որ չափով դահլիճը լրացված լինի, կարող են մնացած տեղերում, որտեղ մարդ չկա նստած, նկարներ դնել՝ ինչ-որ նկարներ, օրինակ՝ անցյալից, որ մարդիկ հիշեն... այն մարդկանց, ովքեր լրագրողների ծնոտ էին կոտրում, ովքեր մարդկանց պադյեզդներում ծեծում էին, հեռուստաալիքներ էին փակում»:
Եվ մինչ իշխանությունը պնդում է, թե Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, ընդդիմությունը փորձում է լուծումներ գտնել: «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը դիմեց ընդդիմադիր քաղաքական ուժերին համագործակցության առաջարկով: Պատգամավորը մանրամասնեց, թե որ հարցերի շուրջ իր պատկերացմամբ պետք է համագործակցեն ընդդիմադիրները: Նախ ասաց՝ բոլոր օրինական միջոցներով պետք է ձևավորեն հակազդեցություն քաղաքական ճնշումների նկատմամբ, պաշտպանեն եկեղեցուն և քաղբանտարկյալներին, ընդդիմադիր դաշտում բացառեն իրար դեմ հակաքարոզչությունը, համախմբվեն և վերահսկեն նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացը՝ զերծ պահելով իշխանությանը չարաշահումներից:
«Ես հայտարարում եմ, որ մենք հաջորդ շաբաթվանից Հայաստանի բոլոր ընդդիմադիր դերակատար ուժերի հետ սկսելու ենք այս խորհրդակցությունները և կարողանալու ենք այդ ամբողջական կոնսոլիդացիան առնվազն, իմ վերը նշված օրակարգային հարցերի շուրջ ունենալ», - շեշտեց Սաղաթելյանը։
Լսումներից հետո քաղբանտարկյալների մասին հայտարարության նախագիծը կլրամշակվի և նորից կքննարկվի խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովում: Նախորդ քննարկումն այս հանձնաժողովում ավարտվել էր առանց քվեարկության: