Կայա Կալլաս. Հայտարարում եմ 15 մլն եվրոյի մասին, որն ուղղվելու է խաղաղությանը, ավելի դիմակայուն Հայաստանին

«Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունները, որոնք մեկնարկեցին օգոստոսին, շատ կարևոր են: Դրանցով ավարտվեց տարիներ շարունակ տեղի ունեցող կոնֆլիկտը: Դուք ունեք ԵՄ-ի աջակցությունն այս հարցում», - Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի ավարտից հետո հայտարարեց ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը:

«Այսօր ես հայտարարում եմ 15 մլն եվրոյի մասին, որն ուղղվելու է խաղաղությանը, ավելի դիմակայուն Հայաստանին: Մի քանի նախաձեռնություններ են իրականացվելու՝ ականազերծման գծով վերապատրաստում, սարքավորումներ են տրամադրվելու», - Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ շարունակելով. «Իհարկե, Հայաստանը նաև այլ մարտահրավերներ ունի. Ռուսաստանը և իր պրոքսիներն ապատեղեկատվական արշավներ են իրականացնում Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք օգտագործվել են Մոլդովայում, շատ ակտիվ աշխատել են Մոլդովայում: Այսինքն՝ սցենարը նույնն է: ԵՄ ֆինանսավորումը կօգնի հայնտաբերել և արձագաքնել արտասահմանյան ազդեցություններին»:

Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանն այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ստորագրել են համագործակցության նոր՝ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթը։

«Մենք քննարկել ենք սահմանային կառավարման հարցում օգնություն տրամադրելը, ինչպես նաև նախկին հակամարտությունների և անվտանգության հետ կապված ականազերծման գործողությունների, ականազերծման հետ կապված վարժանքների, ինչպես նաև ականազերծման հետ կապված սարքավորումների տրամադրման հարցերը, և մենք քննարկել ենք նաև գործիքներ, որոնք վերաբերում են ընթացիկ և ինտեսիվացող ապատեղեկատվական արշավներին հակազդելուն: Սա նաև այն գործիքակազմն է, որ մենք ունեցել ենք Մոլդովայում, որով Հայաստանը ևս հետաքրքրված է», - ընդգծեց Կայա Կալլասը: