Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինները վաղ առավոտյան խուզարկել են նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի՝ Կիևում գտնվող բնակարանը: Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունը հայտարարել է, որ քննչական գործողություններն արվում են հետաքննության շրջանակում: Թե որ գործով, գերատեսչությունը չի նշել:
Սակայն ըստ Financial Times-ի լրագրող Քրիստոֆեր Միլլերի` խուզարկությունն արվել է էներգետիկ ոլորտի կոռուպցիոն գործի շրջանակում:
Անդրեյ Երմակը ևս հաստատել է խուզարկության լուրը՝ նշելով, որ չի խոչընդոտել քննիչների աշխատանքին:
«Նրանց տրվել է բնակարան մուտք գործելու լիարժեք հնարավորություն, և իմ փաստաբանները տեղում են՝ համակարգելով գործողությունները իրավապահ մարմինների հետ։ Ես ապահովում եմ լիարժեք համագործակցություն», - հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը:
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Երմակին մեղադրանք չի առաջադրվել:
Նոյեմբերի սկզբին հակակոռուպցիոն մարմինները հայտարարեցին, որ բացահայտել են կոռուպցիոն սխեմա, որով գործող և նախկին պաշտոնյաներ պետական «Էներգոատոմ» ընկերության միջոցով մոտ 100 միլիոն դոլարի կաշառք են ստացել:
Սկանդալի պատճառով օրեր անց հրաժարական տվեցին էներգետիկայի և արդարադատության նախարարները: Ընդդիմությունը պահանջեց, որ հրաժարական տա նաև Երմակը, ում անունը ևս շոշափվում է, թեև նրա մասնակցությունը հաստատված չէ:
Կոռուպցիոն սխեմայի առանցքային դեմքն է համարվում գործարար Թիմուր Մինդիչը, որը, ըստ լրատվամիջոցների, նախագահ Զելենսկիի ընկերն է: Այսպես կոչված «Մինդիչի գործով» օրեր առաջ հարցաքննվել էր Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Խուզարկություն Երմակի բնակարանումՈւկրաինական ընդդիմությունն արգելափակել է Ռադայի ամբիոնըՆոր զարգացումներ Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալի շուրջՈւկրաինայի հակակոռուպցիոն բյուրոն հայտնում է էներգետիկ ոլորտում հանցավոր խումբ բացահայտելու մասինՈւկրաինացիները կարծում են, որ այս սկանդալը, խուզարկությունը խայտառակություն են և կազդեն թե՛ երկրի հեղինակության, թե՛ բանակցությունների վրա:
«Իհարկե, խուզարկությունը կխաթարի միջազգային հանրության վստահությունը Ուկրաինայի նկատմամբ: Դա նաև կազդի բանակցային գործընթացի վրա», - ասում է Վոլինի մարզի բնակիչ Պավլո Կոսևիչը:
«Նրանք պետք է անաղմուկ հետաքննություն անցկացնեն ... Ո՞րն է այս ամբողջ հրապարակայնության իմաստը։ Ինչպե՞ս է դա օգնում Ուկրաինային։ Ոչ մի կերպ: Խուզարկությունները բացասաբար կազդեն։ Ի՞նչ կմտածեն մարդիկ Ուկրաինայի մասին։ Ի՞նչ կմտածեն գործընկերներն Ուկրաինային օգնելու հարցում», - նշում է Կիևի բնակիչ Վիկտոր Նովիկովը:
«Կարծում եմ՝ Երմակը շատ երկիմաստ կերպար է։ Եվ որտեղի՞ց է նա հասել այստեղ։ Ոչ մի տեղից», - ասում է Կիևի բնակչուհի Նատալյա Բուլատովան:
Խուզարկությունից ժամեր առաջ Անդրեյ Երմակը, որը նաև խաղաղության ամերիկյան պլանի շուրջ ուկրաինական բանակցային խմբի ղեկավարն է, խոսել էր պլանի մասին՝ ասելով, որ քանի Զելենսկին է նախագահ, Ուկրաինան երբեք տարածքներ չի զիջի խաղաղության դիմաց, ինչպես առաջարկվում է ծրագրով: «Սահմանադրությունն արգելում է դա», - Atlantic-ին տված հարցազրույցում ասել է նա՝ հավելելով, որ հիմա կարող են խոսել միայն շփման գիծը որոշելու մասին:
Նախագահ Զելենսկին, որ առայժմ մեկնաբանություն չի արել իր գրասենյակի ղեկավարի տան խուզարկության մասին, իր հերթին հայտնել է, որ Ուկրաինան և ԱՄՆ-ը շաբաթավերջին կշարունակեն խաղաղության պլանի քննարկումը՝ ավելի մոտեցնելու դիրքորոշումները: Հաջորդ շաբաթ ևս կլինեն բանակցություններ, որոնց կմասնակցի նաև ինքը: Երեկոյան ուղերձում էլ նա ասել է, որ Ռուսաստանն արհամարհում է պատերազմը դադարեցնելու ջանքերը, հետևաբար պետք է ավելացնել ճնշումը։
«Խաղաղություն կլինի, թե ոչ, կախված չէ ռուսական սպառնալիքներից կամ նրա հնչեցրած վերջնագրերից։ Դա կախված է այն պայմաններից, որոնք աշխարհը կապահովի, որպեսզի այս ագրեսիան չշարունակվի», - պնդել է Վլադիմիր Զելենսկին:
Գերմանիայի կանցլերն էլ հայտարարել է, որ Ուկրաինան պետք է ուժեղ բանակ ունենա, իսկ խաղաղության պլանով Կիևին պետք է անվտանգության կայուն երաշխիքներ տրվեն: Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ Ուկրաինային տարածքային միակողմանի զիջումներ չպետք է պարտադրվեն:
«Մենք խաղաղություն ենք ուզում Ուկրաինայի համար և անվտանգություն՝ Եվրոպայի համար ... Մենք նաև համաձայն ենք, որ միակողմանի տարածքային զիջումներ չպետք է լինեն։ Ուկրաինային չպետք է ստիպել նման զիջումներ անել», - ասել է Մերցը:
Կանցլերը նաև ընդգծել է, որ ռուսական սառեցված ակտիվների հաշվին երկրի վերականգնման նպատակով Ուկրաինային վարկ տրամադրելու հարցն ավելի հրատապ է դառնում: Բելգիայի վարչապետը, ում երկրում պահվում է այդ միջոցների մի մասը, Եվրահանձնաժողովի նախագահին ուղղած նամակում նշել է, որ այս հարցով հաճեպ որոշումը կարող է վտանգել խաղաղության հասնելու հնարավորությունը։ Եվրամիության խոսնակն էլ հայտարարել է, որ սառեցված ակտիվների հարցով «ինտենսիվ քննարկումներ» են ընթանում, այդ թվում՝ Բելգիայի հետ:
Ու մինչ ԵՄ-ն քննարկում է սառեցված ակտիվների հարցը, Ռուսաստանի նախագահը Հունգարիայի վարչապետի հետ հանդիպմանն ասել է, որ դեռ կցանկանար ԱՄՆ նախագահի հետ հանդիպումը Բուդապեշտում անցկացնել:
Կրեմլի խոսնակն էլ հայտնել է, որ Վաշինգտոնը Մոսկվային է փոխանցել Ժնևում համաձայնեցված պլանի «հիմնական պարամետրերը», որոնք հաջորդ շաբաթ Մոսկվայում կքննարկվեն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ: Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը ցանկանում է շարժվել և հասնել խաղաղության՝ անկախ նրանից, որ Զելենսկին «ոչ լեգիտիմ» ղեկավար է։
«Մի կողմից՝ Զելենսկին բախվում է ոչ լեգիտիմ լինելու խնդրին՝ ընտրություններ անցկացնելուց և Սահմանադրությանը հետևելուց հրաժարվելու պատճառով։ Մյուս կողմից՝ բոլորը ցանկանում են և նախընտրում են առաջ շարժվել խաղաղ կարգավորման ուղղությամբ», - հայտարարել է Կրեմլի խոսնակը: