ՔԿ. Փորձաքննությամբ հաստատվել է՝ տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոսն է

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով նշանակվել և ստացվել է դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոսի պատկերված լինելու հանգամանքը։ Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության
պետ Շիրազ Գրիգորյանը՝ ի պատասխան «Ազատության» հարցման:

«Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, նշված եզրակացության պատճենը տրամադրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշյալ տեսանյութերի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնախմբի անդամներից մեկին, քանի որ այն իրավաչափորեն առնչվել է հանձնախմբի շահերին», - ասված է Քննչականի պաշտոնյայի պատասխանում:

«Ազատության»՝ երեկ Քննչական ուղարկված հարցման մեջ ասված էր.

«Մամուլում տարածվել է Եպիսկոպոսների հայտարարությունը, որտեղ նշվում է, որ Քննչական կոմիտեի փորձաքննությամբ հաստատվել է Արշակ Խաչատրյանի մասնակցությամբ տեսանյութերի իսկությունը։ Հայտարարության համաձայն, եպիսկոպոսները նոյեմբերի 25-ին Քննչական կոմիտեից ստացել են փորձաքննության արդյունքները, որոնք հաստատում են Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերի իսկությունը:

Արդյո՞ք Քննչական կոմիտեն եպիսկոպոսներից բաղկացած հանձնախմբին ուղարկել է Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերի փորձաքննության արդյուքները:

Արդյո՞ք փորձաքննությամբ հաստատվել է, որ այդ տեսանյութերը իրական են:

Արդյո՞ք Քննչական կոմիտեն պարզել է, թե ո՞վ է իրականացրել Արշակ սրբազանի գաղտնի տեսաձայնագրությունը, և ո՞վ է այն տարածել : Արդյո՞ք հեղինակներին գտնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են»:

«Ինչ վերաբերում 3-րդ կետով հայցվող տեղեկատվությանը, ապա այն չի կարող տրամադրվել՝ հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ պարունակելու պատճառաբանությամբ», - նաև ասված է Քննչականից ստացված պատասխանում:

Մայր Աթոռի դիվանապետի փաստաբան Արսեն Բաբայանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, թե Քննչական կոմիտեից ծանուցում է ստացել, որ «ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչի կողմից 2025 թվականի նոյեմբերի 25-ին կայացվել է դատատեսաձայնագրային և դատադիմանկարային փորձաքննություն նշանակելու մասին որոշում, և որի եզրակացությունը ստացվել է»։

«Քննչական կոմիտեն, հաշվի առնելով, որ այդ որոշումն ու եզրակացությունն իրավաչափորեն առնչվում են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին (իրենք են ուղիղ նշել), առաջարկել է ներկայանալ քննչական կոմիտե», - նշում է փաստաբանը, ապա պնդելով, որ գործընթացում խախտվել են իր վստահորդի՝ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված մի շարք իրավունքներ, հայտարարում.

«Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, վերահաստատելով իր պնդումը, որ օրվա քաղաքական իշխանության քաղաքական հանձնարարությունները կատարող քննչական մարմիններին անհնարին է վստահել, հրաժարվում է այցելել քննչական կոմիտե՝ ծանոթանալու հենց ամենասկզբից օբյեկտիվությունից զուրկ որոշմանն ու եզրակացությանը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մայր Աթոռը չի շտապում կարգալույծ անել վարչապետի ընդունելությանն արժանացած բարձրաստիճան հոգևորականներին ԳՀԽ նիստը չի կայացել. Մայր Աթոռը պնդում է՝ կաթողիկոսի հասցեին մեղադրանքներն անհիմն ենՓաշինյանը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսների հետ«Մաքրել Մայր Աթոռը սրբապղծության հովանավորից». իշխանականները ողջունում են, Էջմիածինը՝ խեղաթյուրված համարում Հոգևորականներին վերագրվող հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է. Տեր Եսայի«Սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպման». Փաշինյան