«Կոբախիձեն սպառնում է Հայաստանի իշխանություններին». Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, արխիվ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պնդում է՝ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վերջնագիր է ներկայացրել Հայաստանի իշխանություններին՝ պահանջելով զերծ մնալ Երևանը վրացական արևմտամետ ՀԿ-ների գործունեության նոր կենտրոնի վերածելուց։ Այս մասին բանտում գտնվող Վրաստանի երրորդ նախագահը գրել է նախօրեին Ֆեյսբուքի իր օգտահաշվում։

«Կոբախիձեն Հայաստանին խնդրել է վրացական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին վռնդել Երևանից: Հայաստանի մայրաքաղաքն այժմ լեփ-լեցուն է վրացիներով, քանի որ արևմտյան փողերով անցկացվող բոլոր համաժողովները, որոնք նախկինում Վրաստանում էին կազմակերպվում, այժմ տեղափոխվել են Երևան։ Վրաստանի իշխանությունները նաև պահանջում են փակել այդ կազմակերպությունների հաշվեհամարները»,- գրել է Սաակաշվիլին։

Ո՛չ Վրաստանի, ո՛չ էլ Հայաստանի իշխանությունները Սաակաշվիլիի այս պնդումները չեն մեկնաբանում։ Վրաստանի նախկին նախագահի տեղեկություններով, սակայն, Հայաստանի իշխանությունները Կոբախիձեի կառավարության պահանջները կատարել չեն շտապում։

«Փաշինյանի կառավարությունը պատասխանում է, որ Հայաստանում «օտարերկրյա գործակալների» մասին օրենք գոյություն չունի։ Ավելին, նման օրենքի ընդունում չի էլ նախատեսվում։ Այդ իսկ պատճառով վրացիների ազատ գործունեության սահմանափակման հիմքերը բացակայում են։ Կոբախիձեն, սակայն, Երևանին սպառնում է բեռների տեղաշարժի սահմանափակումներով»,- պնդում է Վրաստանի նախկին ղեկավարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վրացական երազանք»-ը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի նիստին

Սաակաշվիլին, ի դեպ, վստահ է՝ բեռնափոխադրումների սահմանափակման այն սպառնալիքները, որ հնչեցվում են Հայաստանի հասցեին, արդեն իսկ գործում են Ադրբեջանի դեպքում։ Նախկին նախագահի այս հայտարարությունը հաստատում են Բաքվի լրատվամիջոցները՝ պնդելով, որ վերջին շաբաթներին Վրաստանի մաքսային ծառայությունները արհեստական խոչընդոտներ են ստեղծում ադրբեջանական բեռնատարների համար։ Որպես հետևանք՝ սահմանային անցակետերում հարյուրավոր ադրբեջանական մեքենաներ են կուտակվել։

«Որևէ բացատրություն չկա։ Վրացի մաքսավորների պահվածքը խիստ ագրեսիվ է և թշնամական։ Նրանցից ոմանք նույնիսկ պնդում են՝ ինչու եք այս ճանապարհով բեռներ փոխադրում։ Գնացեք ձեզ Զանգեզուրի միջանցքով տեղափոխեք»,- նշել է վարորդներից մեկը։

Մյուս վարորդներն Ադրբեջանի պետական հեռուստատեսության եթերում ևս նշել են՝ վրացական սահմանային ծառայություններն իրենց նկատմամբ սկսել են անբացատրելի ագրեսիվ պահվածք դրսևորել։

«Իմ փաստաթղթերում որևէ խնդիր չկար։ Չնայած դրան ես Թբիլիսիի մաքսատանը մնացի ավելի քան 20 օր։ Այդ ողջ ընթացքում մաքսավորները ադրբեջանցի վարորդների հետ շփման ընթացքում իրենց շատ ագրեսիվ են պահում։ Նրանցից շատ քիչ են տարբերվում նաև Վրաստանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները»,- ասել է ադրբեջանցի վարորդ Փարվին Հասանովը։

Վրացական իշխանությունները ադրբեջանական բեռների տեղաշարժի հանդեպ այս խոչընդոտների մասին որևէ բացատրություն առայժմ չեն ներկայացրել։ Բաքվի իշխանամետ մամուլում և վրացական կողմի գործողությունների մի քանի վարկած է շրջանառվում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բեռնափոխադրողները՝ Պապոյանին․ ինչո՞ւ է Վրաստանը դեռ ստուգում իր տարածքով Ռուսաստան հասնող հայկական կոնյակի որակը

Ուժային կառույցներին մոտ կանգնած Caliber.az կայքն, օրինակ, տեղի ունեցածում կրկին հայկական հետք էր նշմարել՝ գրելով, թե Վրաստանում միշտ էլ հայկական միջավայրի հետ կապված գործիչներ են եղել։ «Այդ կապն արտահայտվել է ծագման, կենսագրության կամ քաղաքական համակրանքի տեսքով։ Այդ մարդիկ չէ, որ որոշում են Վրաստանի քաղաքական կուրսը, սակայն նրանց ներկայությունը կառավարման համակարգում բավական նկատելի է»,- պնդում է կայքը։

Վրաստանի ընդդիմադիր շրջանակներում ավելի շատ հակված են ռուսական հետքի փնտրտուքներին։ Միխեիլ Սաակաշվիլին, օրինակ, կասկած չունի՝ ադրբեջանական բեռնատարները սահմանին արգելափակվում են հենց Մոսկվայի պահանջով։