Ովքե՞ր հաղթահարեցին անցողիկ շեմը, և ինչպե՞ս են բաշխվել ձայները Վաղարշապատում

Վաղարշապատի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Արգիշտի Մեխակյան, 16-ը նոյեմբերի, 2025թ.

Վաղարշապատի ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Արգիշտի Մեխակյանը: Իշխանական թեկնածուն, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ստացել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների քվեների 48.51 տոկոսը:

«Շատ շնորհակալ եմ յուրաքանչյուրիցդ», - աջակիցներին ուղղված խոսքում ասաց Մեխակյանը:

«Քաղաքացիական պայմանագիրն» ամենայն հավանականությամբ ավագանիում կունենա 19 մանդատ և առանց որևէ ուժի աջակցության կստանձնի համայնքի կառավարումը: Երկրորդ տեղում «Հաղթանակ» դաշինքն է, որի մաս են կազմում «Առաջ» և Դաշնակցություն կուսակցությունները, ցուցակը գլխավորողն էլ Սևակ Խաչատրյանն է: Այս ուժի օգտին քվեարկել է մոտ 32 տոկոսը: Նրանք, ըստ ամենայնի, 12 մանդատ կստանան:

ՔՊ-ական թեկնածուն կեսգիշերին արդեն լրագրողների հետ զրույցում հայտարարում էր՝ պատրաստ են աշխատել ընդդիմության հետ կառուցողական մթնոլորտում:

«Լեգիտիմ իշխանությունը ոչ մի խնդիր չի ունենում իր աշխատանքի մեջ, ավելի վստահ է լինում, և ես շատ ուրախ կլինեմ, որ մեր ընդդիմությունը էնպիսի օրակարգեր բերի քննարկման, որոնք միտված կլինեն համայնքի զարգացմանը», - ասաց Մեխակյանը:

Ընդդիմության թեկնածու Սևակ Խաչատրյանն այսօր զանգերին չի պատասխանել, տեղեկացրել է վաղը սպասվող ասուլիսի մասին: Բայց կեսգիշերին Factor TV-ի հետ զրույցում արդեն հայտարարել է՝ չի պատրաստվում շնորհավորել Արգիշտի Մեխակյանին: Նրա պնդմամբ՝ ընտրություններն անցել են ճնշումների և վարչական ռեսուրսի կիրառման պայմաններում: Այդուհանդերձ, Խաչատրյանը ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին առայժմ չի խոսել, հակառակը՝ շեշտել է՝ վերցնելու են մանդատները:

«Եվ այդ ամենը, բոլորն իրար հետ հավաքեցին էդքան տոկոս, ինչքն, այսպես ասած, ծայրը ծայրին փորձեցին վերցնել համայնքային իշխանությունը; Ինձ թվում է՝ վաղը, դեռ էսօր ժամանակ չենք ունեցել քննարկելու, վերլուծելու, վաղը կամ մյուս օրը հայտարարությամբ հանդես կգանք», - ասել է Խաչատրյանը:

Անցողիկ շեմը հաղթահարած երրորդ ուժը «Մայր Հայաստան»-ն է, կուսակցության քաղաքապետի թեկնածու Գրիշա Հարությունյանը ստացել է ձայների շուրջ 5 տոկոսը: Ընտրություններին մասնակցած մյուս 5 ուժերը, այդ թվում՝ Երևանի ավագանիում «Քաղաքացիական պայմանագրի» կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորող Հարություն Մկրտչյանը, դարձյալ նախնական տվյալներով, չեն հաղթահարել անցողիկ շեմը:

«Առանց ձեզնից մեկի, ձեզնից մեկի բացակայությամբ հնարավոր չէր լինի Վաղարշապատում ջախջախել մեծախոս, մեծաբերան ընդդիմությանը», - «Քաղաքական պայմանագրի» աջակիցներին ասում էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Գիշերվանից իշխանության տարբեր ներկայացուցիչներ պնդում են, թե հաղթել են նախկիններին: Ընտրության արդյունքներին արձագանքել է նաև վարչապետը՝ պնդելով, թե Վաղարշապատի բնակիչներն իրենց ընտրությամբ աջակցեցին Հայաստանի պետականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը: Նիկոլ Փաշինյանը սա համարել է նաև 2026-ի խորհրդարական ընտրության նախերգանք.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իմ բոլոր գործընկերներին եմ շնորհավորում, Հայաստանի բոլոր քաղաքացիներին եմ շնորհավորում 2026 թվականի համապետական ընտրությունների այս հնչուն նախերգանքի համար։ Հայաստանի ժողովուրդը հաղթելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում»:

Իշխանության ընդդիմախոսները, մինչդեռ, հակադարձում են՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի հաղթանակր պայմանավորված էր մի քանի գործոնով: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարի կարծիքով՝ իշխող ուժը Գյումրիում պարտությունից հետո դասեր է քաղել սխալներից: Էդմոն Մարուքյանը հիշեցնում է, թե ինչպես ընտրություններից առաջ Վաղարշապատը խոշորացվեց՝ ներառելով Խոյ համայնքը, որի կազմում 17 գյուղ կա: Այս համայնքում մինչ Արմավիրի մարզպետ նշանակվելը ղեկավար էր Արգիշտի Մեխակյանը:

«Քարտեզի հիման վրա որոշվում է թեկնածու. սկզբից քարտեզն են որոշում, որ այ էս քարտեզով ենք անում, էս քարտեզում ո՞վ է ուժեղ՝ էս թեկնածու, եթե Խոյ համայնքի ղեկավարն է, դե ուրեմն դարձնում ենք Խոյ համայնքի ղեկավարին Էջմիածնում ԺՊ: Այսինքն՝ Վաղարշապատ քաղաքում դառնում է ինքը ԺՊ և շատ հանգիստ սկսում էքարոզարշավ իրականացնել: Այսինքն՝ իր ձեռքում է Վաղարշապատի ռեսուրսները և 18 բնակավայրերի ռեսուրսները՝ նաև լիազոր ներկայացուցիչներով, ովքեր ներգրավվում են ավագանիում», - հայտարարեց Մարուքյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարած նախնական տվյալներից պարզ դարձավ, որ Արգիշտի Մեխակյանի և Սևակ Խաչատրյանի քվեների տարբերությունն էական է հենց նախկին Խոյ համայնքի 17 բնակավայրերում: ՔՊ-ական Մեխակյանը իր ծննդավայր Խոյում ստացել է 7 հազար 64, իսկ ընդդիմադիր Խաչատրյանը՝ 2 հազար 552 ձայն: Այլ է պատկերը Էջմիածին քաղաքում, այստեղ ընդդիմադիր և իշխանական թեկնածուների քվեների տարբերությունը քիչ է՝ ընդամենը մի քանի հարյուր. Մեխակյանը ստացել է 7 հազար 844, իսկ Խաչատրյանը՝ 7 հազար 64 ձայն:

Վերջնական տվյալները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի կիրակի օրը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հաղթանակ» դաշինքի 3 անդամների տներում խուզարկություններ են. «կան ձերբակալվածներ»Որևէ ընտրության արդյունք չի կարող հիմք լինել՝ Վեհափառին հրաժարական պարտադրելու. Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Էջմիածնում Արգիշտի Մեխակյանի ձայները Սևակ Խաչատրյանից մի քանի հարյուրով են ավելի. տարբերությունը մեծ է ԽոյումՀՀ ժողովուրդը հաղթելու է 2026-ի ընտրություններում. Փաշինյանը շնորհավորել է Արգիշտի Մեխակյանին ԿԸՀ-ն հրապարակեց Վաղարշապատի բոլոր ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները. ՔՊ-ն հաղթում էԱվարտվեցին Վաղարշապատի ընտրությունները. քվեարկությանը մասնակցել է ընտրողների 45.12 տոկոսը Ընտրություններ Վաղարշապատում. դիտորդական առաքելությունները պարբերաբար խախտումներ են արձանագրում