Կրակի նոր տարածում չի գրանցվել. ի՞նչ իրավիճակ է հրդեհների վայրում այս պահին

Դիլիջանի հարակից անտառներում չորս օջախներ կան, որոնք շարունակում են այրվել, առավոտյան «Ազատությանը» փոխանցեցին տեղում աշխատող փրկարարները: Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանն էլ քիչ առաջ պնդեց, որ կրակի նոր տարածում չի գրանցվել: Նրա փոխանցմամբ՝ հնարավոր է եղել կրակի տարածումը կանխել։

«Ժամը վեցի դրությամբ Տավուշի մարզում կրկին նույն չորս կետերում իրականացվում են հրդեհշիջման աշխատանքներ։ Տարածվածության որևէ դեպքեր չունենք արձանագրված։ Հրդեհաշիջման աշխատանքները բարեհաջող իրականացվում են, և այլ հատվածներում նոր բռնկված հրդեհներ այս պահի դրությամբ չունենք», - ասաց նա։

«Ազատության» թղթակիցը Տավուշից հաղորդում է, որ տեսանելի կրակ չկա, ավելի շատ ծխացող հատվածներ են այս պահին:

Հրշեջ-փրկարարներն առաջիկա ողջ գիշերը շարունակելու են աշխատանքը։ Նրանք նշում են, որ օջախները անմատչելի տարածքներում են, և իրականում շատ մեծ դժվարություններով է աշխատանքը կատարվում։

Նարեկ Սարգսյանը վստահեցրեց, որ նույնիսկ անտառային հատվածներում հիմնական այրվող մասը խոտածածկ տարածքներն են, և ծառերը հիմնականում ծխահարվում են, ոչ թե ամբողջովին այրվում։ Փորձում են կանխել, որպեսզի կրակը չհասնի շատ խիտ անտառային տարածքներ։

«Հրդեհաշիջումն իրականացվում է դժվարամատչելի հատվածներում, մեր փրկարարները իրականում շատ ծանր և կարևոր գործ են անում այս պահին, դժվարամատչելի հատվածներում փրկարար ծառայողները իրենց հետ տանում են հատուկ տեխնիկա, ինչի միջոցով այդտեղ իրականացնում են հրդեհաշիջում, այդ հատվածներում մեքենաներ բարձրանալու ուղղակի հնարավորություն չկա։

Մեր տեխնիկան բավական է և բավականացնում է, և անձնակազմի թվաքանակն էլ այս պահին բավականացնում է», - նշեց Սարգսյանը:

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ Դիլիջանի «Կազաչի» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում դեռ հինգ օր առաջ բռնկված հրդեհը գրեթե մարված են համարում: