Թեև «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում ընդգրկվելու վերջնաժամկետին դեռ 5 օր կա, բայց իշխանական երկու պատգամավոր՝ Լենա Նազարյանն ու Քրիստինե Պողոսյանն արդեն որոշել են չառաջադրվել:
Լենա Նազարյանի որոշման մասին «Ազատության» հետ զրույցում հայտնեց նրա ամուսին, ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Բաբայանը՝ առանց պատճառների մասին խոսելու:
2021-ի արտահերթ ընտրություններից հետո Լենա Նազարյանը խորհրդարանում հաճախ չի լինում, աչքի չի ընկել նաև օրենսդրական ակտիվ գործունեությամբ, ելույթներով: Փոխարենը ՔՊ-ական պատգամավորն ակտիվ մասնակցում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի աշխատանքներին: Ուղիղ մեկ տարի առաջ է ընտրվել այս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: ՔՊ-ական մյուս պատգամավոր Քրիստինե Պողոսյանն Ազգային ժողովի նիստերին մասնակցում է, բայց ի տարբերություն մյուս թիմակիցների պասիվ է ելույթների հարցում: Չառաջադրվելու պատճառների մասին կարճ փոխանցեց. «Մեծ հարգանքով ու գնահատանքով եմ վերաբերվում բոլորին, ով որոշում կկայացնի մնալ և շարունակել այդ ծանր աշխատանքը, ես կօգնեմ նրանց, եթե կլինի իմ օգնության կարիքը։ Ես որոշում եմ կայացրել նվիրել կյանքիս մյուս հատվածը արվեստին»:
Տատանվում է ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ եղբայրը, որ պատգամավոր է եղել նաև նախորդ երկու գումարման խորհրդարաններում, «Ազատության» հետ զրույցում չպարզաբանեց՝ ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց՝ չառաջադրվելու մասին տեղեկությունը:
«Ազատություն». -Չորս օր է մնացել և կավարտվեն առաջադրումների համար սահմանված ժամկետները և Դուք դեռ որոշում չունեք, կցանկանաք լինել հաջորդ խորհրդարանում, թե՞ ոչ:
Հրաչյա Հակոբյան. -Չորս օրը քիչ ժամանակ չէ, այնպես որ, եթե որոշում ունենամ, որ ցանկանում եմ լինել հաջորդ խորհրդարանում, դեռ չորս օր ունեմ, որպեսզի առաջադրվեմ ցուցակում լինելու համար:
«Ազատություն». -Ինչո՞ւ եք տատանվում, պարոն Հակոբյան:
Հրաչյա Հակոբյան. - Չեմ տատանվում, ուղղակի նաև չեմ էլ շտապում:
«Քաղաքացիական պայմանագրի» համամասնական ցուցակում ընդգրկվելու համար առաջադրումների վերնաժամկետը նոյեմբերի 30-ն է: Առաջադրվելու դիմումներ կարող են ներկայացնել ոչ միայն կուսակցականներ, այլև անկուսակցականներ, եթե ունեն վարչության կազմից որևէ մեկի երաշխավորագիրը: Առաջադրվածների թվի, նրանց՝ կուսակցական լինել-չլինելու վերաբերյալ մանրամասներ ՔՊ վարչության անդամ, պատգամավոր Հասմիկ Հակոբյանն ասաց՝ կհայտնեն, երբ առաջադրումների ժամկետն ավարտվի, տվյալներն ամփոփեն:
«Դեռևս վարչությունը չի ամփոփել՝ ինչ դիմելիություն ունենք, որովհետև մինչև ամսվա վերջին օրը կարող են առաջադրվել քաղաքացիները, բայց, գիտեմ, որ ակտիվ առաջադրումներ կան, ես բազմաթիվ կուսակցական գործընկերների գիտեմ, որոնք առաջադրվել են, բայց հրապարակում չեն արել և բազմաթիվ հրապարակումներ կան և, քանի որ ընկերներիս շրջանում շատ են հենց կուսակցական մարդիկ, պարբերաբար տեսնում եմ առաջադրումների մասին հրապարակումներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
Իշխող ուժի նախընտրական ցուցակի ձևավորման այս մեթոդը նորամուծություն է, բայց միայն ինքնառաջադրվելը դեռ չի նշանակում, որ ցանկացողները կհայտնվեն ընտրացուցակում: Նախ ցուցակները կզտի կուսակցության գործադիր մարմինը, բայց ցուցակում ընդգրկվելու հարցում որոշիչ կլինեն կուսակցության համաժողովում պատվիրակների ձայները: Ամեն դեպքում, մինչ այժմ ՔՊ-ից ցուցակը ձևավորելու հենց այս ընթացակարգն են ներկայացրել: Հասմիկ Հակոբյանը նշում է՝ կան ՔՊ-ականներ, որոնք միանշանակ կլինեն ցուցակում, բայց պնդում է՝ ինքառաջադրումների այս մեխանիզմն ինքնանպատակ չէ:
«Մենք ուզում ենք նաև նոր մարդիկ ներգրավվել, ինչպես ներգրավվել, պետք է իմանալ այդ մարդկանց ցանկությունների մասին, ինչպես իմանալ ցանկությունների մասին, պետք է հրապարակային նման հայտարարություն լինի, ի դեպ նաև ոչ կուսակցական մարդկանց համար է այս հայտարարությունը», - ընդգծեց Հակոբյանը:
Եթե վարչությունը ինքնառաջադրվածների թեկնածությունները հաստատի, նրանք նաև պետք է մուծում անեն՝, կուսակցականները՝ 500 հազար դրամ, ոչ կուսակցականները 1.5 միլիոն: