«Մաքրել Մայր Աթոռը սրբապղծության հովանավորից». իշխանականները ողջունում են, Էջմիածինը՝ խեղաթյուրված համարում

Իշխանությունը ողջունում է, իսկ Մայր Աթոռը խեղաթյուրված է համարում եպիսկոպոսներին վերագրվող հայտարարությունը:

Այսօր օրվա սկզբում նախ իշխանական մամուլը, ապա նաև իշխող ուժի անդամները մեկը մյուսի հետևից արագորեն տարածեցին մի հայտարարության լուսանկար, որը վերագրվում է Մայր Աթոռի մեկ տասնյակ եպիսկոպոսներին և արքեպիսկոպոսներին։

Համաձայն այդ փաստաթղթի՝ 13 բարձրաստիճան հոգևորականներից 10-ը Ամենայն Հայոց կաթողիկոսին անվանել են «սրբապղծության հովանավոր»՝ կոչ անելով մյուս եպիսկոպոսներին ու հավատացյալներին միանալ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սրբապիղծ հոգևորականից և նրա մեղքը կիսողներից մաքրելու գործին»:

Այս կոշտ հայտարարությունը բարձրաստիճան հոգևորականները հիմնավորել են Քննչական կոմիտեից ստացված փորձաքննության եզրակացությամբ, պնդելով, թե Արշակ սրբազանին վերագրվող անպարկեշտ տեսանյութերը իրական են:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արշակ սրբազանն իրեն վերագրվող ինտիմ տեսանյութի գործով ցուցմունք է տվել

Հոգևորականները պնդում են, որ Վեհափառը առոչինչ է համարել այդ փորձաքննության արդյունքները, կոծկել է Արշակ սրբազանի սրբապիղծ արարքը և այդ կերպ դարձել սրբապղծության հովանավոր: Այսպիսով, ըստ հայտարարության հեղինակների, Գարեգին Երկրորդն անհավատարիմ է գտնվել իր վարդապետությանը և հետևաբար նրա վարքագիծը անհամատեղելի է Հայ եկեղեցու կանոնական իրավունքին:

Առ այս պահը, սակայն, բարձրաստիճան հոգևորականներից և որևէ մեկը հրապարակավ չի հաստատել՝ այդ հայտարարությունը և դրա տակ դրված իրենց ստորագրությունը իրական են, թե ոչ:

Ըստ տարածված լուսանկարների՝ այդ հոգևորականների թվում են Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և այլք:

Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդը վստահեցնում է՝ կաթողիկոսի հրաժարականը չի պահանջում


Ցուցակում հայտնված, սակայն հայտարարության տակ չստորագրած Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը տեղյակ չէր տարածված հայտարարությունից: Այսօր լրագրողների հետ զրույցում նա անընդհատ կրկնում էր, որ դեռ պետք է ծանոթանա տեքստին: Ամեն դեպքում Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդը վստահեցնում էր՝ կաթողիկոսի հրաժարականը չի պահանջում:

«Իմ անունը կա այդտեղ, բայց ստորագրությունը չկա», - ասել է նա:

Մայր Աթոռի արձագանքը


Մայր Աթոռը, որ ողջ օրվա ընթացքում լռություն էր պահպանում, օրվա ավարտին այդ հայտարարությունը որակեց խեղաթյուրված. «Հիշյալ հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է։ Մի շարք տեղեկություններ և պնդումներ չեն համապատասխանում իրականությանը։ Այս առնչությամբ անհրաժեշտ քննարկումներից հետո լուսաբանություններ կտրվեն»։

Արշակ սրբազանն իր անվան շուրջ կատարվող իրադարձությունները բացատրում է իր դիրքորոշմամբ


Արշակ սրբազանը, ում հայտարարության հեղինակները սրբապիղծ էին որակել, այսօր կասկածի տակ է դրել այդ հայտարարության իսկությունը՝ պնդելով, որ ստորագրողները դեռ պետք է հաստատեն՝ իսկապես միացել են այդ հայտարարությանը, թե ոչ:

«Ես տակավին հիմքեր չունեմ ամբողջական հաստատելու, որ այն անձինք, որոնց անունները նշված են, իրենք կրում են այդ պատասխանատվությունը։ Երբ կհաստատվի իրենց կողմից, այն ժամանակ այդ թեմայի շուրջ մենք կխոսենք», -ասաց նա:

Ինչ վերաբերում է հայտարարության մեջ նշված փորձաքննության արդյունքներին, համաձայն որոնց իբրև թե հաստատվել է, որ Արշակ սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութերը իրական են, ապա Մայր Աթոռի դիվանապետը կասկածի տակ դրեց նաև փորձաքննության իսկությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի՞նչ կրքեր են եռում Վեհարանի փակ դարպասների ներսում

«Ինձ հայտնի չէ փորձաքննություն, փորձաքննության եզրակացություն, և ինձ մոտ բնական հարց է առաջանում՝ եթե ես ուղակիորեն ներգրավված եմ ակամա այս պրոցեսի մեջ, ինձ հայտնի չէ որևէ փորձաքննության եզրակացություն, ինչպե՞ս կարող է 3-րդ, 4-րդ գործին չառնչվող անձանց ձեռքին այդպիսի փորձաքննություն լինել»:

Արշակ սրբազանը իր անվան շուրջ կատարվող իրադարձությունները բացատրում է իր դիրքորոշմամբ, որոնք դուր չեն գալիս ոմանց։ Ամեն դեպքում պնդեց՝ չի փոխելու իր դիրքորոշումը և Մայր Աթոռից հեռանալու մտադրություն չունի։ Նա բազմիցս է սուր որակումներով քննադատել վարչապետ Փաշինյանին:

«Ինչո՞ւ հեռանամ։ Ցանկացած որոշման տակ պետք է լինի իրավական, կանոնական, բարոյական կամ գեթ տրամաբանական հիմք։ Ես ոչ մի տեսանկյունից նման հիմք չեմ տեսնում։ Ես ինչ-որ որոշում պետք է կայացնեմ, որովհետև ինչ-որ մարդիկ այդպե՞ս են ցանկանում։ Դա դուք ճի՞շտ եք համարում։ Իհարկե՝ ոչ»:

Ազատագրելու գործին կարող է մասնակցել Հայ Առաքելական եկեղեցու ցանկացած հետևորդ. վարչապետ

Մինչև բարձրաստիճան հոգևորականները կհաստատեն կամ կհերքեն իրենց վերագրվող հայտարարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապեց որպես եկեղեցու հետևորդ «որդիական խոնարհությամբ» ընդունել այդ հայտարարությունը, իսկ որպես կառավարության ղեկավար՝ ողջունեց հաստատակամությամբ և վճռականությամբ։ Ավելին, Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց ընդունել նրանց:

«Այս հայտարարությունը նախ ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում, և ես, իհարկե, սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպման, որպեսզի նաև նրանց դիրքորոշումները, մոտեցումները հայտարարությունից բխող ավելի մանրամասն հասկանամ»:

Արդյոք Փաշինյանը պատրաստ է Մայր Աթոռը ազատագրել այն հոգևորականների միջոցով, որոնց մասին էլ կուսակրոնության ուխտը խախտելու մասին տեղեկություններ կան։ Լրագրողը հիշեցրեց օֆշորային պատմությունների մեջ ներքաշված և «Բենթլի» մականունը ստացած Նավասարդ Կճոյանին, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանին, ով, ըստ մամուլի, տարբեր պաշտոններ զբաղեցրած Արգիշտի Քյարամյանի հայրն է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մայր Աթոռը կոչ է անում Նավասարդ արք. Կճոյանի առնչությամբ հարգել անմեղության կանխավարկածը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաստաբանի փոխանցմամբ, արքեպիսկոպոս Կճոյանը չի ընդունում մեղադրանքը

«Ես ասել եմ, որ մեր Սրբության Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ազատագրելու գործին կարող է մասնակցել Հայաստանյաց Առաքելական եկեղեցու ցանկացած հետևորդ։ Դա վերաբերում է բոլոր քաղաքացիներին։ Եթե հարցնեք՝ Կտրիճ Ներսիսյանն էլ կարո՞ղ է մասնակցել այդ բարենորոգմանը, ես կարծում եմ, որ ինքն իր մասնակցության բոլոր շանսերը սպառել է և պետք է ազատի Սուրբ Էջմիածինը»:

Արդյոք Քննչական կոմիտեն իսկապես եպիսկոպոսներից բաղկացած հանձնախմբին ուղարկել է Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերի փորձաքննության արդյունքները,
արդյոք իսկապես փորձաքննությամբ հաստատվել է, որ այդ տեսանյութերը իրական են, ինչն էլ առիթ է հանդիսացել աղմկահարույց հայտարարության համար։ Մեր այս հարցերին պատասխանելու համար Քննչականից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել, ինչը և արել ենք:

Մինչ այդ իշխող ուժի անդամները մեկը մյուսի հետևից ողջունում են բարձրաստիճան հոգևորականներին վերագրվող հայտարարությունները։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրեց, որ եկեղեցին մաքրվում է, իսկ Փաշինյանի ղեկավարած ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը արձանագրեց. «Ահա և վերջ։ Եթե առաջ ասում էինք, որ Կտրիճ Ներսիսյանի կեղծ կաթողիկոսության օրերն են հաշված, հիմա արդեն կարելի է ասել՝ ժամերը»: