Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությունը անփոփոխ է մնացել: Շարունակելու է հյուսիսից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից, այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի հետ:
Ներկայացնելով անցած շաբաթավերջին երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպման մանրամասներն՝ ասաց Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:
«Սկզբունքը շարունակում է մնալ նույնը. ինչպես այս տարվա հունվարին որոշվել էր, դա անփոփոխ է մնացել, բայց, բնականաբար, հնարավոր է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով գործնական անհրաժեշտություն առաջանա և այդ մասով, եթե հիշում եք, սեպտեմբերին տեղի ունեցավ նաև սահմանազատման հանձնաժողովների ղեկավարների միջև Հայաստանի ու Ադրբեջանի տարածքներում հանդիպում, և նրանք ուսումնասիրեցին հատվածները, որտեղով որ հնարավոր ենթակառուցվածքները պետք է անցնեն, այդտեղ գուցե անհրաժեշտություն առաջանա շատ կարճ հատվածները սահմանազատելու, որպեսզի նախագծման և շինարարության համար խնդիրներ չառաջանան», - մանրամասնեց ԱԺ Արտաքին հարաբերութունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հնարավոր է արտահերթ սահմանազատում TRIPP-ի համար. Թրամփի ուղու շինարարությունը «կսկսվի 2026-ի երկրորդ կեսին»Թեև հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովներն այս տարվա սկզբին որոշել էին, թե որ հատվածներն են սահմանազատվելու, բայց վաշինգտոնյան համաձայնություններից հետո վարչապետն ու իրավասու մյուս պաշտոնյաները բարձրաձայնեցին արտահերթ սահմանազատման մասին: Սա, ըստ հայ պաշտոնյաների, անհրաժեշտ է Սյունիքում «Թրամփի ուղու» իրականացման համար: Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մոտ երկու շաբաթ առաջ խորհրդարանում անգամ հայտարարում էր՝ այդ համաձայնությունները լրացուցիչ խթան են գործընթացը շարունակելու համար:
«Բացի դա, նաև, իհարկե, ավելի կոնկրետացավ խոսակցությունները այն մասին, թե ենթակառուցվածքները ինչ դիրք կունենան, և դիրքից կախված՝ որ հատվածները մենք պիտի սահմանազատենք, որպեսզի աշխատանքները, նույնիսկ նախագծային աշխատանքները սկսելու համար աշխատանքի բազա ունենանք: Հնարավոր է, որ ինքը արտահերթ ինչ-որ սահմանազատվելիք հատվածներ ունենանք, որպեսզի TRIPP-ի ենթակառուցվածքային զարգացմանը նպաստենք», - հայտարարել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այն տարածքները, որոնք Հայաստանինը չեն, պատրաստ ենք դուրս գալ, պահանջատեր ենք մեր տարածքների համար. ՔՊ-ականը՝ անկլավ-էքսկլավների մասինՍեպտեմբերին սահմանազատման հանձնաժողովների նախագահներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը Սյունիք ու Զանգելան փոխադարձ այցեր էին կատարել: Անցած ուրբաթ արդեն հանդիպեցին ադրբեջանական Գաբալայում: Այս նիստից հետո տարածված պաշտոնական հաղորդագրությունում ոչ մի խոսք չկա արտահերթ սահմանազատման մասին, կողմերը միայն վերահաստատել են նախկին՝ հյուսիսից հարավ սահմանազատելու համաձայնությունը, նաև քննարկել սահմանազատման համար անհրաժեշտ ուղեցույցերի նախագծերը: Արդյոք սա նշանակում է, որ Սյունիքում TRIPP-ի իրականացման համար արտահերթ սահմանազատում չի լինի. իշխանական Սարգիս Խանդանյանը պնդեց, թե մեկը մյուսի հետ կապ չունի. «Դա լրացուցիչ կամ զուգահեռ աշխատանք է», - ասաց Խանդանյանը:
Իսկ արդեն որոշված հատվածներում գործնականում ե՞րբ կմեկնարկեն սահմանազատման աշխատանքները, Խանդանյանը հստակ ժամկետներ դժվարացավ ասել, բայց վստահեցրեց՝ այժմ էլ կոնկրետ աշխատանքներ են իրականացվում:
«Բնակաբանար բացի փաստաթղթերի, քարտեզների հետ աշխատելուց, կլինեն անհրաժեշտություն նաև տեղանքում ուսումնասիրություններ, ճշգրտումներ անել և ենթադրում եմ, որ եղանակային պայմանների ու այլ հանգամանքների բերումով որքանով որ հնարավոր լինի առաջիկա ամիսներին աշխատանքները կշարունակվեն, կոնկրեն ժամկետներ այդ առումով նշել չեմ կարող», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգիս Խանդանյանը:
Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումն արդեն կլինի Հայաստանի որևէ քաղաքում, օրն ու տեղը դեռ որոշված չէ: