Մայր Աթոռը չի շտապում կարգալույծ անել Գարեգին Երկրորդին սրբապղծության հովանավոր համարած, դրանից հետո վարչապետի ընդունելությանն արժանացած բարձրաստիճան հոգևորականներին։ Այսօր հենց նրանցից մի քանիսի բացակայության պատճառով տապալված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովից հետո Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարեց՝ դատապարտում են այդ կեցվածքը, բայցև կոչ անում եկեղեցականներին վերադառնալ կանոնական դաշտ, իրենց մտահոգություններն արծարծել եկեղեցու ներսում, չխաթարել եկեղեցու միաբանությունը։ Նաև նշեցին, որ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անվան հետ կապվող ինտիմ սկանդալի քննությունը չեն փակել։ Ավելին, նախքան երեք հոգանոց հանձնախմբի եզրակացությունը կարող է քննարկվել նաև սրբազանի ծառայության ժամանակավոր կասեցման հարց։
Թե ինչ օրակարգով պետք է անցկացվեր Գարեգին Երկրորդի նախագահությամբ ծրագրված եկեղեցու գործադիր բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողովը, ճշտել չհաջողվեց, Մայր Աթոռում այսօր սակավախոս էին, բարձրաստիճան հոգևորականներից արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոսը՝ նրանց թվում. - «Հարցեր չկան, հարցերի պատասխան չեմ տալու»:
Բայց տեղեկատվական համակարգը փոխանցեց՝ ժողովը հնարավոր չի եղել գումարել, քանի որ ներկա չէին երեկ վարչապետի ընդունելությանն արժանացած ութ եպիսկոպոսներից հինգը՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ու Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
Ամենայն Հայոց կաթողիկոսի հասցեին հնչեցվող մեղադրանքները բացարձակ անհիմն են ու շինծու, սրբազանի թիրախավորումը՝ անթույլատրելի, տապալված նիստից, մասնակիցների քննարկումներից սա փոխանցեց Էջմիածինը։
Ինը եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված գրությունը, ըստ Մայր Աթոռի հայտարարության, խեղաթուրված է ներկայացնում Արշակ արքեպիսկոպոսի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԳՀԽ նիստը չի կայացել. Մայր Աթոռը պնդում է՝ կաթողիկոսի հասցեին մեղադրանքներն անհիմն ենՄայր Աթոռում Գերագույն հոգևոր խորհրդի ժողով է գումարվումՓաշինյանը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսների հետ«Մաքրել Մայր Աթոռը սրբապղծության հովանավորից». իշխանականները ողջունում են, Էջմիածինը՝ խեղաթյուրված համարումԵրեկ արտահոսած հայտարարության մեջ 13 բարձրաստիճան հոգևորականներից ինը Ամենայն Հայոց կաթողիկոսին անվանել են «սրբապղծության հովանավոր»՝ կոչ անելով մյուս եպիսկոպոսներին միանալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սրբապիղծ հոգևորականներից և նրա մեղքը կիսողներից մաքրելու գործին։ Բարձրաստիճան հոգևորականները Գարեգին Երկրորդի վարքագիծը անհամատեղելի էին որակել Հայ եկեղեցու կանոններին։
Հայտարարության հիմքում Արշակ սրբազանին վերագրվող անպարկեշտ տեսանյութն էր, որը, ըստ հեղինակների, Քննչական կոմիտեից ստացված փորձաքննության համաձայն՝ իրական է։
Մինչ հոգևորականները այդ հայտարարության մեջ պնդում են, որ Վեհափառը առոչինչ է համարել փորձաքննության արդյունքները, կոծկել է Արշակ արքեպիսկոպոսի սրբապիղծ արարքը և այդ կերպ դարձել սրբապղծության հովանավոր, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը պարզաբանել է, թե հանձնախումբը ըստ էության որևէ նիստ չի գումարել, չի հանդիպել Արշակ սրբազանին, իսկ Ամենայն Հայոց կաթողիկոսին ներկայացված հանձնախմբի անդամների եզրակացությունը պատշաճ ընթացակարգով չի կազմվել։
«Հանձնախմբի կողմից որևէ պաշտոնական դիմում չի կատարվել Քննչական կոմիտե Սրբազանին վերագրվող տեսանյութի փորձաքննության համար, իսկ հանձնախմբի առանձին անդամի կողմից ստացված եզրակացությունը ձեռք է բերվել օրենքի ակնհայտ խախտումով, սպառիչ և լիարժեք չէ և չի կարող արժանահավատ հիմք ծառայել, որով և չէր կարող ընդունելի նկատվել Հայոց Հովվապետի կողմից», - ասված է հաղորդագրությունում:
Ինքը՝ Արշակ արքեպիսկոպոսը կասկածի տակ էր դրել իրեն վերագրվող ինտիմ տեսանյութերի փորձաքննության առկայությունը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով նշանակվել և ստացվել է դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին Քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունից: «Եզրակացության պատճենը տրամադրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշյալ տեսանյութերի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնախմբի անդամներից մեկին, քանի որ այն իրավաչափորեն առնչվել է հանձնախմբի շահերին», - ասված է Քննչականի պաշտոնյայի պատասխանում:
Մայր Աթոռի դիվանապետի փաստաբան Արսեն Բաբայանն այսօր Ֆեյսբուքում գրառմամբ հայտնել է, որ Քննչական կոմիտեն ծանուցում է ուղարկել դատատեսաձայնագրային և դատադիմանկարային փորձաքննության եզրակացությունն ստանալու մասին և Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին «առաջարկել է ներկայանալ քննչական կոմիտե»:
Պնդելով, որ գործընթացում խախտվել են իր վստահորդի՝ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված մի շարք իրավունքներ, փաստաբանը հայտարարում է. - «Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, վերահաստատելով իր պնդումը, որ օրվա քաղաքական իշխանության քաղաքական հանձնարարությունները կատարող քննչական մարմիններին անհնարին է վստահել, հրաժարվում է այցելել քննչական կոմիտե՝ ծանոթանալու հենց ամենասկզբից օբյեկտիվությունից զուրկ որոշմանն ու եզրակացությանը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՔԿ. Փորձաքննությամբ հաստատվել է՝ տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոսն էՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շուրջ մեկ ամիս առաջ հայտարարել էր. - «Հոգևորականը «Բենթլի» ունենա, իրեք հատ կնիկ ունենա, հազար ներողություն էս բառի համար, էդ իրանց ընկալումն ա, ասենք, չորս հատ սիրուհի ունենա, ամեն երկրում մի հատ էրեխա ունենա, չգիտեմ, ոսկեղեններ ունենա, ինչ ասես ունենա ու ոչ մեկին հաշվետվություն չտա՞: Խելագար ե՞ք դուք: Այսինքն՝ դուք ո՞ւմ եք ներկայացնում, դուք Հիսուս Քրիստոսին, հլը մի հատ էլ մեզ են ասում նեռ, դուք ձեզ հայելու մեջ տեսել ե՞ք ընդհանրապես»:
«Ինքը որպես շարքային հավատացյա՞լ էր Կառավարությունում այս եպիսկոպոս և արքեպիսկոպոսներ ընդունում, իհարկե՝ ոչ: Ինքը որպես շարքային հավատացյա՞լ էր ոստիկանական ուժերով ներխուժում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին». - հոգևորականների հայտարարությունը, կարծում է Բյուրականի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը, կոմպրոմատների ճնշման ներքո է արվել: Վարչապետը Վեհափառին, Տեր Վրթանեսը՝ եպիսկոպոսներին է մեղադրում կուսակրոնության ուխտը խախտելու մեջ:
Նրանց թվում է նախկին իշխանության մերձավորներից համարվող Կճոյանը, որի անունը նաև օֆշորային սկանդալի կիզակետում էր, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանը, ով, ըստ մամուլի, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայրն է:
«Կոնկրետ իրենց է մեղադրում՝ այդ իր հետ հանդիպածներին: Վարչապետը «Բենթլի»-ից էր, չէ՞, խոսում, ապօրինի հարուստ լինելուց էր խոսում», - ասաց Տեր Վրթանեսը, լրագրողի հարցին էլ՝ «ինչո՞ւ է Կաթողիկոսը, այդ դեպքում, նախկինում ներել, օրինակ, ցոփ ու շվայտ կյանքը», արձագանքելով. - «Եկել են, զղջացել են, խոստովանել են, Վեհափառը իրեց ժամանակ է տվել, ներողամիտ է եղել, բարեգութ է եղել»:
Ըստ Տեր Վրթանեսի՝ 54 եպիսկոպոսից 8-ն է միացել Կաթողիկոսին գահընկեց անելու վարչապետի արշավին: Եթե անգամ բոլորը միանան, դա հիմք չէ Կաթողիկոսի հրաժարականի, պնդում է քահանան. - «Վեհափառ Հայրապետը կարող է միայն հրաժարական տալ, եթե դավանաբանական շեղում ունենա իր հավատքից»:
«Եթե կուսակրոնության ուխտը խախտած լինե՞ն», - այս հարցին էլ նա արձագանքեց. - «Վեհափառ եղած ժամանակ ուխտը խախտելու դեպքում նույնիսկ կանոն չկա, էսպես ասեմ՝ որևէ կանոն չկա, բայց դեպքն էլ չկա: Այսինքն՝ իրենք փորձում են, նայեք, մարդու անցյալի վրա ինչ-որ մեղքեր բարդել, 50 տարի առաջ ենթադրյալ կատարած հանցանքի համար այսօր հիշել են, և ի՞նչ ասեմ, այսօր անբարոյական կյանքով ապրող մեկն է հիշել, երբ որ իր կնոջ հետ ինքը ո՛չ ԶԱԳՍ-ով, ո՛չ եկեղեցով ամուսնացած չի»:
Այլ կարծիքի է իշխանությունը: Գարեգին Երկրորդի կաթողիկոսությունն այլևս հաշվված օրերի հարց են համարում: «Վերջացել ա էդ կինոն», - ասում էր Ազգային ժողովի նախագահը:
Իսկ դիտարկումներին ի պատասխան, որ վարչապետի կողքին հայտնված հոգևորականներն էլ ամենևին սուրբ չեն, Ալեն Սիմոնյանը հիմնականում խուսափում էր մեկնաբանել. - «Ես էդ մարդուն որպես նոր Կաթողիկոս, բնական ա, չեմ տեսնում, և դա իմ համար անքննելի հարց ա: Թե ինքը ինչ մասնակցություն կունենա, թե էդ ձեր նշած փաստերը ինչ հետևանքներ կունենան, ես որևիցե բան չեմ բացառում: Ի՞նչ եք առաջարկում, մարդը [Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը] գործող եկեղեցում պաշտոնյա ա և ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկն ա»:
Վարչապետն այս կիրակի Պատարագի կմասնակցի Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում, որը Կաթողիկոսին քննադատած ու Փաշինյանի շնորհակալությանն արժանացած հոգևորականներից Նավասարդ Կճոյանի առաջնորդած Արարատյան թեմի եկեղեցիներից է: