Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսները Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն խնդրում և առաջարկում են դադարեցնել «հերձվածող և անհնազանդ առաջնորդների պաշտոնավարումը»: Այս մասին ասված է սրբազանների տարածած հայտարարության մեջ, որն արվել է ի պատասխան վարչապետի հետ ավելի վաղ հանդիպած ու կաթողիկոսի հրաժարականը պահանջած բարձրաստիճան հոգևորականների հայտարարությունների:
Միքայել Աջապահյանն ու Բագրատ Գալստանյանն առաջարկում են վեհափառին անմիջապես նոր առաջնորդներ նշանակել տվյալ թեմերում, հրավիրել եպիսկոպոսաց ժողով, ապա գումարել Ազգային եկեղեցական ժողով։
Հայ առաքելական եկեղեցու մի խումբ հոգևորականներ 2 օր առաջ նոր հայտարարություն էին տարածել, որով կոչ են անում վեհափառին կամովին հանգստյան գնալ:
«Մենք ակնկալում ենք, որ Գարեգին Բ Կաթողիկոսը, ի սեր մեր եկեղեցու և մեր ժողովրդի, սթափ կգնահատի ստեղծված իրավիճակը, չի տանի մեր ազգն ու մեր Եկեղեցին ավելորդ ցնցումների, կամովին հանգստյան կկոչվի և այդ կերպ հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպելու», - նշված է հայտարարությունում, որը հրապարակվել է վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ում:
Այս հայտարարությունը տարածող 10 արքեպիսկոպոսներից ու եպիսկոպոսներից 8-ին օրերս ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Միքայել ու Բագրատ սրբազանները քննադատել ու դատապարտել են այս քայլերը՝ այդ հոգևորականներին ճանաչելով «խորթ և օտար»:
«Կատարվածը վերին աստիճանի նենգ և տիրադավ դավաճանություն է՝ դավադրաբար և ստորաբար, ինչը խորշելի է անգամ աշխարհականների, էլ ուր մնաց բարձրաստիճան հոգևորականների պարագայում։ Նրանցից յուրաքանչյուրը մեր աչքերի առջեւ և ներկայությամբ առիթը և հնարավորությունը չի փախցրել քծնելու և շողոքորթելու Վեհափառ Հայրապետին», - ասված է հայտարարության մեջ, որը տարածել է Աջապահյանի առաջնորդած Շիրակի թեմը:
Նրանք դիմել են նաև տվյալ թեմերի քահանաներին՝ հորդորելով հավատարմություն հայտնել Գարեգին Երկրորդին: