Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց զինվորական ծառայությունը կես տարով կրճատելու Պաշտպանության նախարարության առաջարկը: Երբ հրատապ ճանաչված այս նախագիծն ամբողջությամբ ընդունվի, հունվարից բանակ զորակոչվող երիտասարդներն արդեն տուն կվերադառնան երկուսի փոխարեն մեկուկես տարի անց:
Ժամկետի կրճատումը չի վերաբերի զինված ուժերում արդեն ծառայողներին, բայց նախարար Սուրեն Պապիկյանն անարդար ոչինչ չտեսավ սրա մեջ:
«Շատ արդար է, մեր սիրելի զինվորներն ու նրանց ծնողները, ում զավակները գտնվում են ծառայության մեջ, պետք է ըմբռնումով մոտենան, որովհետև սա վերաբերում է ապագայում ծառայողներին», - իր ելույթում ասաց նախարար Սուրեն Պապիկյանը՝ ընդգծելով. «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիների պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման և ընդլայնման ուղղությամբ կատարված շարունական աշխատանքների շնորհիվ. «Պաշտպան հայրենյաց» ծրագիր, ատեստավորման համակարգ, արհեստավարժ զերժանտական համակարգի ներդրում և այլն», -ասաց Պապիկյանը:
Պաշտպանության նախարարության այս նախագիծը քննադատեցին ընդդիմադիր պատգամավորները
«Ձեր կուսակցական ծրագրերով մենք ամբողջ Արցախն ենք կորցրել, բայց Զինված ուժերի զարգացումը ապահովելը, կազմ-հաստիքային փոփոխությունները, կառուցվածքային փոփոխությունները և համալրումը այլ բան է պատրաստության հետ կապված», - 8 տարի ռազմական գերատեսչությունը ղեկավարած Սեյրան Օհանյանը հակադարձեց՝ բարեփոխումն ընդունելի է, եթե այն բխում է երկրի իրավիճակից ու խնդիրներից, բայց Արցախը կորցնելուց հետո Հայաստանի սահմանային պաշտպանությունն ավելացել է շուրջ 100 կիլոմետրով:
«Ղարաբաղի 283 կմ-ին ավելացրել է Ադրբեջանի հետ սահմանը Զոդից մինչև Մեղրի, դրանից ելնելով մենք պետք է որոշում ընդունենք, թե ինչպիսին է մեր ազգային անվտանգության ռազմավարությունը և Պաշտպանության նախարարությունը պաշտպանական ռազմավարական վերանայում պետք է անի և դրանից բխող հարցերով պետք է ինքը համալրման ամբողջ գործընթացը կազմակերպվի», - նշեց Սեյրան Օհանյանը:
Մինչ Պաշտպանության նախարարությունը հիմնավորում է, որ ժամկետայինների ծառայությունը կես տարով կրճատում են պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման շնորհիվ և դրա համար արդեն գործուն քայլեր են արել, ընդդիմադիրները խնդիրներն էին թվարկում.
«Ատեստացիոն համակարգն անհավասար պայմաններ է ստեղծում Զինված ուժերի միջև: Նորից եմ ասում. հրամանատարը թող ստանա բարձր աշխատավարձ, բայց պետք է այնպես անել, որ իր զորքն էլ ստանա բարձր աշխատավարձ, ընդ որում՝ որոնք գտնվում են սահմանին», - հայտարարեց Սեյրան Օհանյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պապիկյանը վստահեցնում է, ընդդիմությունը՝ կասկածում․ ինչ կտա ծառայության կրճատումըԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ծառայության կես տարով կրճատումը համարեց լոկ նախընտրական մի քայլ: Պնդեց՝ բացի ժամետը կրճատելուց, այլ գործողություններ չեն արվելու, օրինակ՝ եթե պարտադիր զինծառայության ժամկետը կրճատում են՝ հենվելով պայմանագրայինների ռեսուրսի վրա, ի՞նչ պայմաններում են նրանք ծառայում.
Պատգամավոր Աննա Գրիգորյանի խոսքով. - «Հիմա մենք ունենք համալրման խնդիր, եթե պետք է ձևավորվի պրոֆեսիոնալ բանակ, դա պետք է ձևավորվի պայմանագրային զինծառայողների միջոցով»:
Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն, իր հերթին, նախարարին առաջարկեց փոխել ատեստացիոն համակարգը. որպեսզի համալրվեն պայմանագրայինների շարքերը, նրանք ևս պետք է բարձր աշխատավարձ ստանան, բայց վարձատրությունը ատեստացիայի արդյունքներից է կախված: Սուրեն Պապիկյանն դեմ է համատարած բարձրացվող աշխատավարձին, դա, պնդեց, դեմոտիվացնում է զինվորականներին, թող գան, քննություն հանձնեն, կբարձրացնեն:
Երևանի կենտրոնում աշխատող պարեկն ավելի բարձր է վարձատրվում, քան՝ պայմանագրայինը, հակադարձեց Աննա Գրիգորյանը:
«Հիմա ՀՀ քաղաքացին, եթե ընտրությւոն կատարի՝ որտեղ գնա աշխատելու՝ հաշվի առնելով սահմանում առկա ռիսկերը, մարտահրավերները, պայմանները և այն, ինչ ունենալու է օրինակ՝ Երևանի կենտրոնում պարեկ աշխատելիս, ակնհայտ է, չէ, եթե մենք համալրման խնդիր ենք փորձելու լուծել, եթե պրոֆեսիոնալ բանակ ենք փորձելու ձևավորել, առնվազն տարրական, բազային աշխատավարձի բարձրացումը պարզապես հրամայական է», - նշեց պատգամավորը:
Ըստ իշխանական պատգամավորի՝ հնարավորություն է հասնելու պրոֆեսիոնալ բանակի
Սա ոչ թե նախընտրական, այլ՝ խաղաղության հաստատման քայլ է, համոզված հայտարարում էր ՔՊ-ական Հակոբ Արշակյանը:
«Մեր այսօրվա քննարկվող օրինագիծն այն մասին է, որ խաղաղությունը եկել է և խաղաղությունը այսօր է, և դա իր արտացոլումն է գտնում, այդ թվում՝ նաև մեր պաշտպանական գերատեսչության ընդունած քաղաքականության վրա, ըստ այդմ՝ ծառայության ժամկետը կրճատելով և դարձնելով18 ամիս»:
Պաշտպանության հանձնաժողովի նախագահ, իշխանական Անդրանիկ Քոչարյանը կոչ արեց կողմ քվեարկել նախագծին:
Նրա խոսքով.- «Խաղաղության նպատակը, որ դրված է այսօր մեր քաղաքական ամենակարևոր որպես նպատակ, ուղղություն, ինքն այսօր արդեն հնարավորություն է տալիս թևակոխել պրոֆեսիոնալ բանակի»:
Քոչարյանը պնդեց՝ սա հնարավորություն է տալիս հասնել պրոֆեսիոնալ բանակի: Ըստ պաշտպանության հանձնաժողովի նախագահի՝ գնալով ավելանում է բանակի պրոֆեսիոնալ մասի թվաքանակը և ռեսուրսի խնդիր չկա. «Թվաքանակի խնդիր չունենք, որովհետև վերջին հաշվով մենք պատկերացնում ենք պրոֆեսիոնալ բանակն իր բոլոր դրսևորումներով, այն, ինչ տարիներ շարունակ, գուցե 94-ից սկսած մենք դիրքապահ բանակ ենք տեսել, որոշակի սահմանապահ դրսևորումներով, այսօր մենք ստեղծում ենք և՛ սահմանապահ զորքեր, և՛ կանոնավոր բանակի այն կառույցները , որոնք իրենք գտնվելով մի քիչ ավելի հետնամասում, ձեռք են բերում մարտական ավելի լուրջ փորձառություններ», - շեշտեց իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Նույնը պնդեց պաշտպանության նախարարը, հետո էլ ընդունեց, թե անսպառ ռեսուրսներ չունեն: Իշխանական պատգամավորներից մեկն առաջարկում էր խրախուսել օրինակ չծխող զինվորներին ու նրանց շուտ տուն ուղարկել: Նախարար Սուրեն Պապիկյանը, սակայն, ասաց. «Մեր ռեսուրսներն անսպառ չեն, մենք կարող ենք քայլեր անել, որ հասարակության համար դիտվի որպես խրախուսական, պատանիների համար խրախուսական, բայց չենք կարող անընդհատ մենք շեշտը դնել բանակի ու անընդհատ խրածուսենք. բոլորին տուն ուղարկենք, բոլորին բանակից ազատենք, չենք կարող դա ուղղակի անել»:
Հենց Սուրեն Պապիկյանի տեղակալն էր ամիսներ առաջ խորհրդարանում խոստովանել, որ բանակը համալրման խնդիր ունի ու նաև այդ պատճառով են ստիպված վարժական հավաքի մասնակիցներին ներգրավում մարտական հերթապահության մեջ:
Ընդդիմադիրների կողմից քննադատված այս օրինագծի երկրորդ ընթերցումը տեղի կունենա արդեն արտահերթ նստաշրջանում՝ պարտադիր մինչև տարեվերջ, որ հունվարից օրենքը գործի: