Նոր մեղադրանք Գրիգորի Խաչատուրովին. հայտարարվել է միջպետական հետախուզում

Գրիգորի Խաչատուրով, արխիվ

Նոր քրեական գործ Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ: Իրավապահները միջպետական հետախուզում են հայտարարել երկրից գործերով բացակայող Խաչատուրովի նկատմամբ: Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Խաչատուրովի նկատմամբ հանրային հետապնդում է հարուցվել օրերս, երկու հոդվածով: 48-ամյա գեներալ-մայորը մեղադրվում է կաշառք տալու և պատերազմի ժամանակ իշխանազանցության ու իշխանությունը չարաշահելու հոդվածներով:

Քննչականը գեներալին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը, սակայն, մերժվել է: Այսինքն՝ Հայաստան վերադառնալուց հետո նրան չեն կալանավորի: Գլխավոր դատախազությունը կբողոքարկի այս որոշումը:

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին մեկ այլ գործով էլ է անցնում, որի քննությունը դատարանում է: Այն առնչվում է պաշտպանության նախկին նախարարար Սեյրան Օհանյանի գործին: Ըստ իրավապահների՝ Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման համար:

Այս քրեական գործը, որով մեղադրյալ են և՛ պաշտպանության նախկին նախարար Օհանյանը, և՛ գեներալ-մայոր Խաչատուրովը, Ազգային ժողովում ներկայացրել էր գլխավոր դատախազը, երբ միջնորդում էր պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Օհանյանին։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պնդել էր, որ Օհանյանը վաճառել էր Պաշտպանության նախարարությանը պատկանող գույքը, ընդ որում՝ շուկայականից մի քանի անգամ ցածր գնով։

Գլխավոր դատախազն ասել էր՝ Արարատի մարզի Արմաշ համայնքում Պաշտպանության նախարարությանը պատկանող հողամասն ու շինությունը փաստացի վաճառվել են զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովին՝ 4 միլիոն դրամով, իսկ նա դրանք բանկում գրավադրել է 18 միլիոնով։

«Չբացահայտելով իրական գնորդին՝ 2009 թվականի հունվարի 13-ին Արդարադատության նախարարության Կենտրոն նոտարական գրասենյակում Արմեն Հակոբյանի և Պաշտպանության նախարարության, թիվը չբացահայտեմ, զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հետ փոխկապակցված անձ Էդգար Արշակյանի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր», - ներկայացրել էր Վարդապետյանը:

Խաչատուրովն ու Օհանյանը չեն ընդունում մեղադրանքը:

Գեներալ-մայոր Խաչատուրովը 44-օրյա պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած մոտ չորս տասնյակ բարձրաստիճան զինվորականներից մեկն էր։ Այս պահանջից ամիսներ անց նրան ազատեցին Երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։

2020 թվականի օգտոստոսին՝ պատերազմից մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած տավուշյան մարտերի համար վարչապետի միջնորդությամբ Խաչատուրովը պարգևատրվել էր «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանով։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դատարանը մերժել է Խաչատուրովին կրկին կալանավորելու՝ Գլխավոր դատախազության միջնորդությունըԳլխավոր դատախազությունը Գրիգորի Խաչատուրովին կրկին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել Գրիգորի Խաչատուրովն ազատ արձակվեց՝ 20 միլիոն դրամ գրավի դիմացՎերաքննիչը եզրահանգել է, որ Գրիգորի Խաչատուրովն ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը. փաստաբանԳրիգորի Խաչատուրովը ազատ արձակվեց Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել էԳրիգորի Խաչատուրովն ազատվեց ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից


Առավել մանրամասն տե՛ս այստեղ