Դեռ ութ ամիս առաջ էր իրավապաշտպան Արա Ղարագյոզյանը տեսանյութ հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես են ոստիկաններն իր պաշտպանյալին պառկեցրել գետնին, բռունցքով սեղմած պահելով նրա պարանոցն ու այտը՝ փորձում ձեռնաշղթա հագցնել:
Թեև Քննչական կոմիտեում քրեական գործ կա հարուցված, բայց որևէ ոստիկան մեղադրյալի կարգավիճակ չունի: Տղամարդը արմավիրցի Սերգեյ Աբրահամյանն է, որն այդ օրերին «Ազատությանը» պատմել էր՝ բռնությունները շարունակվել են նաև ոստիկանությունում. - «Ոտքերս ու ձեռներս կանդալած՝ մեջքիս հետևը, կանդալների դեմը, ոսկորներս ջարդում էին, լայն սկոչով բերանս կապել էին՝ գլխիս վրա փաթաթելով, մի 15 հոգով քացիներով, կոշիկի տակով դեմքիս, թքել վրես ... »:
Քննչական կոմիտեից մանրամասներ չեն հայտնում, միայն փոխանցեցին՝ նախաքննությունը շարունակվում է:
Իր նկատմամբ ոստիկանական բռնությունների մասին բարձրաձայնող Սերգեյ Աբրահամյանի կինը՝ Անժելա Միրաքյանն այսօր պատմեց՝ Արմավիրի մարզի խանութներից մեկում գողություն է եղել, ամուսնուն վկայի կարգավիճակով ոստիկանություն ներկայանալու ծանուցագրեր են ուղարկել: Կինը պնդում է՝ ամուսինը մի քանի անգամ ինքնակամ ներկայացել է, բայց տարբեր պատրվակներով հետ են ուղարկել: Օրեր անց ոստիկաններն իրենց տուն են եկել ու ամուսնուն ուժով բերման ենթարկել:
Ութ ամիս առաջ Ներքին գործերի նախարարությունից հակադարձել էին՝ ոստիկանները քննիչի որոշմամբ են գնացել քաղաքացուն հարկադրաբար բաժին ներկայացնելու, բայց նա չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, ինչի հետևանքով էլ ուժ է կիրառվել, ու Աբրահամյանը բերման է ենթարկվել։
Անժելա Միրաքյանն ասում է՝ ոստիկաններն այդ ընթացքում իրենց տանը հասցրել են անգամ սուրճ խմել, մինչ ամուսինը պատրաստվել է նրանց հետ ոստիկանություն գնալ, հետո ինչպե՞ս է հրաժարվել: Պահանջում է, որ ոստիկաններից բացի պատասխանատվության ենթարկվի նաև ամուսնուն բերման ենթարկելու որոշում կայացրած քննիչը, որը, կնոջ պնդմամբ, մի քանի անգամ իր ոտքով բաժին ներկայացած ամուսնուն չի ընդունել, հետո բերման ենթարկելու որոշում է կայացրել:
«Երկու աշխատող մեր տանը եկել են, նստել են, սուրճ ենք հյուրասիրել, բավականին երկար ժամանակ նստեցին», - պատմեց կինը:
Այս դեպքից ամիսներ անց Սերգեյ Աբրահամյանն այլ գործով, որն առնչվում է իր եղբորը, հայտնվում է կրկին նույն քննիչի տեսադաշտում: Ըստ մեղադրանքի՝ Աբրահամյանը հայհոյել է քննիչին, հարձակվել նրա վրա ու անգամ հերթապահ մասին աշխատակցի ձեռքը կծել: Ընտանիքը հերքում է սա, կինը պնդում է՝ ամուսինը նախ կծել չէր կարող. - «Ատամները հեռացված է, արմատներն են միայն տեղադրված, դիմացինները քաշված են՝ վերևի ատամնաշարը, ու այնպիսի ցավերի մեջ է, որ ես իրեն յոգուրտի նման պյուրեներ էի պատրաստում, որ կարողանար ուտել, օրն էլ մի քանի անգամ ցավազրկող էր խմում: Դա նա համար եմ ասում, որ ինքը հնարավոր չէր տենց կծեր, էլի»:
Անժելա Միրաքյանի պնդմամբ՝ քննիչն ինքն է սեռական բնույթի հայհոյանքներ տվել ամուսնուն, հետո հրահանգել «բռնել» նրան:
«Եթե մարդուն նախապես ասեր՝ «գիտե՞ս, քո վրա հոդված կա, դու պիտի ներկայանաս բաժին», արդեն ինքը պարտավորվում է ներկայանալու: Բայց երբ որ քննիչը դուրս է գալիս Քննչականի շենքից, դիմացը կանգնած հրամայում է աշխատողին՝ «բռնեք բերեք էստեղ», պարզ է, որ մարդը պիտի փորձի փախնի, բա ինչի՞ համար բռնեն բերեն, երբ որ ամիսներ առաջ, որ գործը հիմա քննվում է, ոստիկանությունից ինքը ծեծ է ուտում, նույն Քննչականում ծեծ է ուտում, նույն քննիչն է լինում վարող գործը, նույն քննիչը հմա հրամայում է՝ «բռնեք բերեք էստեղ»: Ինչի՞ էդ դեպքում ծանուցում չեք ներկայացնում, «բռնի բեր էստեղ»՝ էս հրաման կատարելը ի՞նչ է նշանակում, այսպես հրաման տալ, առաջին հերթին», - ընդգծեց կինը:
Ի տարբերություն ոստիկաններին առնչվող գործի, որի քննությունն ութ ամիս շարունակվում է, այս մեկով, ասաց Անժելա Միրաքյանը, երկու-երեք օրվա ընթացքում ամուսնու նկատմամբ կալանքի որոշում է կայացվել, նա հիմա բանտում է: Այնտեղից՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից 39-ամյա տղամարդն արդեն երկու նամակ է ուղարկել «Ազատություն» ռադիոկայան ու պատմել, որ այս գործով վկայի կարգավիճակ ունեցող իր կինն ու եղբայրը ցուցմունք են տվել և հերքել իրեն վերագրվող խուլիգանական արարքները, բայց հետո նոր վկաներ են ներգրավվել, որոնք պնդել են, թե լսել են այդ հայհոյանքները:
«Ես էդ պահին փորձել եմ դեպքը նկարեմ, կադրեր չեմ կարողացել, որովհետև աշխատողները չէին թողնում, իբր, նշում էին, խանգարում եմ քննչական գործողություններին: Բայց քննչական գործողություն ո՞նց կարող է իրականացվել, եթե միացված կամերա չկար, եթե էդ պահին հարցազրույց տվող չկար: Ամբողջ միջադեպը եղել է Քննչականի շենքի դիմացը, ոչ թե ներսը», - ընդգծեց Անժելա Միրաքյանը:
Սերգեյ Աբրահամյանի երկամսյա կալանքի ժամկետը դեկտեմբերի 22-ին է լրանալու: Կինը վստահ է՝ քննիչը կմիջնորդի, որ կալանքը երկարաձգվի, որովհետև, ասաց, ամուսնուն չեն ներում, որ նախորդ գործով կադրերը հրապարակել ու բռնության մասին բարձրաձայնել են. - «Ի սկզբանե ունեն տրամադրվածություն: Ըստ իս՝ քանի որ տուժող է ճանաչվել, շարունակությունն էլ, նշեցի, որ նույն քննիչն է եղել, ինչը տեղեկացել եմ ամուսնուցս, որ նույն քննիչն է եղել»:
Տղամարդն առաջին անգամ չէ հայտնվում իրավապահների տեսադաշտում, պնդում են Քննչականից՝ հավելելով, որ մի քանի դատվածություն ունի: Կինն էլ հակադարձում է՝ մեկը մյուսի հետ ի՞նչ կապ ունի, իրենք այս երկու գործերով արդար քննություն են պահանջում, պնդում է՝ երկու դեպքով էլ խախտվել է իր ամուսնու իրավունքը: Երեք անչափահաս երեխա ունի, տան միակ աշխատողն ամուսինն էր, որը հիմա բանտում է: Հարցնում է՝ ինչպե՞ս եղավ, որ մի գործով, որում տուժողի կարգավիճակ ունի ամուսինը, քննությունն ութ ամիս ձգձգվում է, իսկ մյուսով, երբ տուժողը քննիչն է, գործն արագ ընթացք ստացավ, ու ամուսինը հայտնվեց բանտում:
«Սա գալիս է նրանից, որ նախկինում ոչ մեկ չի պատասխանատվության ենթարկվել, ոչ մեկ գործից չի հեռացվել, շարունակում է նույն կերպ աշխատել, դրա շարունակությունն է: Էդ համակարգում օրենք չի գործում, ոնց ուզում՝ էնպես վարվում են մարդկանց հետ», - պնդեց Անժելա Միրաքյանը:
«Ազատություն»-ը փորձեց նաև քննիչ Հակոբ Հովհաննիսյանի կամ նրա փաստաբանի դիրքորոշումը լսել, բայց պատասխան չստացավ:
Բանտում գտնվող Սերգեյ Աբրահամյանի պաշտպանությամբ զբաղվող Արա Ղարագյոզյանը, որը նաև «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության իրավապաշտպան է, ասում է՝ իրենց կազմակերպությունն ուսումնասիրել է ու պարզել, որ հատկապես վերջին յոթ տարիների ընթացքում խոշտանգման հոդվածներով անցնող ոստիկանները հետո պաշտոնի առաջխաղացումներ են ունեցել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաստաբանը պնդում է՝ ոստիկաններն իր պաշտպանյալի նկատմամբ անհարկի են ուժ կիրառել. ՆԳՆ-ից արձագանքել են