Այսօր նախատեսվում է Ուիթքոֆ-Պուտին հանդիպում. մինչ այդ Մոսկվան պնդում է՝ նոր տարածքներ է գրավել

Արխիվ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այսօր Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի նախագահի հետ՝ քննարկելու Ուկրաինայում արդեն չորրորդ տարին ընթացող պատերազմը դադարեցնելու ամերիկյան պլանը: Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը տեղի կունենա երեկոյան: Սա այս տարի Ուիթքոֆի առնվազն 5-րդ այցն է Ռուսաստան, որտեղ, ըստ Reuters-ի, նա կհանդիպի նաև Վլադիմիր Պուտինի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ ամերիկյան պլանը լավ հիմք է վերջնական համաձայնության համար։ Սակայն, Դմիտրի Պեսկովի խոսքով, սա շատ բարդ խնդիր է, և դեռ մի քանի հիմնարար հարցեր պետք է լուծվեն:

Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթն ասել է, որ ԱՄՆ վարչակազմը «շատ լավատեսորեն» է տրամադրված խաղաղության հասնելու հարցում. «Կարծում եմ՝ վարչակազմը շատ լավատես է։ Ակնհայտորեն, դուք տեսել եք, նախագահի ողջ թիմը շատ է աշխատել այս ուղղությամբ, նրանք բոլորն իսկապես ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի»։

Եվրամիության արտգործնախարարն էլ զգուշացրել է, թե Ուիթքոֆ-Պուտին հանդիպումը կարող է մեծացնել Ուկրաինայի վրա ճնշումը՝ զիջումներ կորզելու համար։ «Քանզի դա այս պատերազմը դադարեցնելու ավելի հեշտ ճանապարհն է»,- ասել է Կայա Կալլասը:

Կիևի համար առաջնահերթություն են ինքնիշխանության պահպանումն ու անվտանգության հուսալի երաշխիքները

Մինչ այդ Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահները եվրոպական մի շարք երկրների առաջնորդների հետ երեկ Փարիզից տեսակապով քննարկել են նախօրեին Ֆլորիդայում կայացած բանակցությունների արդյունքները: Մասնակցել են նաև Ուիթքոֆն ու ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը:

Այնուհետև Էմանյուել Մակրոնի հետ համատեղ ասուլիսին Ուկրաինայի նախագահը հայտարարել է՝ Կիևի համար առաջնահերթություն են ինքնիշխանության պահպանումն ու անվտանգության հուսալի երաշխիքները, քանզի Ռուսաստանը բազմիցս է խախտել պայմանավորվածությունները: Վլադիմիր Զելենսկին խոստովանել է՝ տարածքային վեճերն ամենաբարդն են. «Տարածքային հարցն ամենաբարդն է։ Եվ անվտանգության երաշխիքների հարցը ևս կարևոր է. մեզ ԱՄՆ-ի և Եվրոպայի կոնկրետ հանձնառությունն է հարկավոր այս հարցում»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղության ծրագրի շուրջ Ուկրաինա-ԱՄՆ բանակցությունները՝ «դժվար, բայց շատ կառուցողական»



Ֆրանսիայի նախագահն իր հերթին ասել է, որ ամերիկյան ծրագիրը կարող է վերջնականապես համաձայնեցվել միայն Ուկրաինայի և եվրոպական երկրների մասնակցությամբ, նույնը վերաբերում է անվտանգության երաշխիքներին, քանզի սեղանին է թե՛ Ուկրաինայի, թե՛ Եվրոպայի անվտանգությունը: Ինչ վերաբերում է տարածքային հարցերին, ապա դրանք միայն Ուկրաինան կարող է որոշել:

«Միայն Ուկրաինան կարող է խոսել տարածքների մասին՝ խոսքը իր սեփական տարածքների և ինքնիշխանության մասին է՝ ճանաչված միջազգային իրավունքով», - նշել է Մակրոնը:

ԱՄՆ-ն մտադիր է խաղաղության հաստատումից հետո սառեցված ակտիվները վերադարձնել Ռուսաստանին. Politico


Անդրադառնալով ռուսական սառեցված միջոցների հաշվին Ուկրաինային վերականգնման նպատակով վարկ տրամադրելու հարցին, ինչին դեմ է Բելգիան, որտեղ պահվում է այդ միջոցների մի մասը, Ֆրանսիայի նախագահն ասել է, որ նախատեսում են այս հարցով որոշում կայացնել մինչև տարեվերջ: Ելիսեյան պալատի ղեկավարը երեկոյան ուկրաինական հարցը քննարկել է նաև Դոնալդ Թրամփի հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ խոսնակ. Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործման վերաբերյալ «ինտենսիվ քննարկումներ» են ընթանում

Ամերիկյան Politico-ն հայտնում է, որ ԱՄՆ-ն մտադիր է խաղաղության հաստատումից հետո սառեցված ակտիվները վերադարձնել Ռուսաստանին:

ՌԴ-ն պնդում է՝ գրավել են Պոկրովսկ և Վովչանսկ քաղաքները

Ու մինչ Ուկրաինան, Եվրոպան և ԱՄՆ-ն քննարկում են խաղաղության պլանը, Ռուսաստանի նախագահը զինվորական համազգեստով երեկոյան այցելել է զինված ուժերի հրամանատարական կետերից մեկը, որտեղ Գլխավոր շտաբի պետը կրկին զեկուցել է, որ գրավել են Պոկրովսկ և Վովչանսկ քաղաքները: Վլադիմիր Պուտինն ասել է, որ Պոկրովսկը կարևոր ուղղություն է. «Բոլորս ենք հասկանում, թե դա որքան կարևոր է։ Դա լուծումներ կապահովի այն առաջադրանքների կատարման համար, որ մեր առաջ դրել ենք հատուկ ռազմական գործողության սկզբում»:

Ուկրաինական զինուժը հայտարարել է, որ ռուսական զորքը վերահսկում է Պոկրովսկի հարավային հատվածը միայն:

Ռուսական զինուժը Կրամատորսկում անօդաչուով հարվածել է բազմահարկ շենքի, կա մեկ զոհ, Օդեսայում էլ՝ էներգետիկ օբյեկտի, 36 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության: Մոսկվան պնդում է, որ ևս երկու բնակավայր է վերցրել:

Ուկրաինական զինուժն իր հերթին Օրյոլի մարզում հարվածել է վառելիքաէներգետիկ օբյեկտների: Ըստ Bloomberg-ի՝ ուկրաինական կողմը նոյեմբերին առնվազն 14 անգամ հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանների, ինչը մեկ ամսվա հաշվով ռեկորդային է: