Պապիկյանը վստահեցնում է, ընդդիմությունը՝ կասկածում․ ինչ կտա ծառայության կրճատումը

Բանակում ծառայությունը կես տարով կրճատելու նախագիծն իշխող ուժը մտադիր է ընդունել հրատապ ռեժիմով: Այսօր ԱԺ Պաշտպանության հանձնաժողովում միայն իշխանականների ձայներով նախագիծն ընդունվեց:

Իշխանության այս անհետաձգելի փոփոխությունը ընդդիմությունից համարում են նախընտրական քայլ, որ նորակոչիկների ընտանիքներն իրենց ձայնը տան Փաշինյանի թիմին:

«Այն, որ սա նախընտրական գործողություն է, քայլ է, նույնիսկ որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում, համենայն դեպս նույնիսկ ձեր այն հայտարարությունը, որ պետք է լիներ գործողություն, այս օրենքը իրականություն պետք է դառնար, հիմա հունվարից է սկսելու աշխատել, պարզ է, որ սա նախընտրական տրամաբանություն ունի», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Այս նախաձեռնությունը նախընտրական չէ հաստատ», - արձագանքեց ՔՊ-ից հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունը հավանություն տվեց պարտադիր զինվորական ծառայությունը կրճատելու նախագծին

Եթե այս փոփոխությունը նախընտրական նպատակով չէ, ինչո՞ւ է իշխող ՔՊ-ն ամեն ինչ անում, որ օրենքը ուժի մեջ մտնի մինչև հունվար՝ ընտրություններին նախորդող զորակոչից արդեն ծառայությունը դառնա մեկուկես տարի: ՔՊ-ական նախարարը բացատրեց արդարության տեսանկյունից:

«Նախագիծը շրջանառելուց հետո դրվել է e-draft համակարգում, մարդիկ սկսել են դրա մասին կարծիքներ հայտնել, քննարկումներ, նամակներ տարբեր, բնականաբար, մեզ համար էլ է ակնհայտ դարձել, որ շատ ավելի ճիշտ կլինի, որ դա անենք հունվարի 1-ից», - ասաց Սուրեն Պապիկյանը:

Աննա Գրիգորյանը նախագծին արձագանքեց նաև որպես մայր: Մեկ տարվա ծառայությանն էլ դեմ չէր լինի, բայց արդյոք դրան զուգահեռ իշխանությունը կարողանալո՞ւ է այս փոփոխությունից բխող մյուս վտանգները նվազեցնել, չեզոքացնել, հարցրեց նա. «Առաջինը, իհարկե, համալրման խնդիրն է. պարո՛ն Պապիկյան, որքան էլ ասում ենք՝ 2 տարին 1.5 տարի դարձնելով, թվակազմի վրա դա որևէ ազդեցություն չի ունենում, այդ դեպքում տրամաբանական հարց է առաջանում, նույնիսկ կարող է առաջարկ ծնվել, դե այդ դեպքում եկեք մեկ տարի դարձնենք»:

«Մենք բավարար ուշադրություն չենք դարձրել պահեստազորին, իսկ աշխարհում եթե երկիրը կանգնում է պատերազմի առաջ, նրա հիմնական հենարանը ոչ թե ժամկետային զինծառայողներն են, այլ պահեստազորը: Հիմա մենք խնդիր ենք դրել տարիների ընթացքում հնարավորինս արագ մեր ողջ պահեստազորն անցկացնել կարճ պատրաստության խողովակով և միևնույն ժամանակ տարածքային պաշտպանության զորքերի շրջանակներում նրանց համար հստակ դարձնել իրենց պոտենցիալ խնդիրը, ծառայության ուղղությունները», - ասաց Պապիկյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զինվորական ծառայության ժամկետը կրճատելու կառավարության որոշումը՝ իշխանություն-ընդդիմություն բանավեճի առիթ


Նախարարի ու իշխանականների բացատրություններից հետո էլ ընդդիմադիր պատգամավորի մտահոգությունները չփարատվեցին: Սուրեն Պապիկյանը հիմնավորում էր, թե պարտադիր ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել պայմանագրային ծառայության գրավչության ու ընդլայնման ոււղությամբ կատարված աշխատանքների արդյունքում:

«Առաջին տեսանկյունից հանրության համար ժամկետի կրճատումը ընկալվել է որպես դրական քայլ, բայց երբ մարդը սկսում է սառը դատողության դիտարկել, արդեն սկսում է մտածել այն մասին, թե այս փոփոխությունը միջնաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով իր անվտանգության կամ իր անվտանգության միջավայրի վրա ինչ ազդեցություն է ունենալու, և իմ հարցադրումն այս համատեքստում եմ ներկայացնում», - նշեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա առաջարկեց ներկայացնել, թե որքան մարդ է հրաժարվել պայմանագրային զինծառայությունից, կամ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում որքանով է հաջողվել զինծառայողներ համալրել: Եթե նախարարը փորձում է թվերով հիմնավորել բարեփոխման դրդապատճառը, ուրեմն թող մյուս թվերն էլ հրապարակի, որ հանրությունն ավելի ռեալ գնահատի՝ այս բարեփոխման ազդեցությունը դրական, թե բացասական է լինելու:

«Մենք մոտավոր հաշվարկ ունենք՝ հաշվի առնելով նախորդ տարիների տենդենցը, ինչ համալրում կունենանք արդեն այն ժամանակ, երբ որ հունվարի 1-ին զորակաչվողները կզորացրվեն, և նաև սա հաշվի առնելով՝ մենք տեսնում ենք, որ մեր հնարավորությունները, մարդկային ռեսուրսի ավելացումն էապես ավելին է լիելու», - ասաց նախարար Պապիկյանը:

Խորհրդարանական ընդդիմությունը, որ սուր քննադատում է Փաշինյանին ու նրա թիմին, այս նախագծի հարցում ավելի զգուշավոր էր ու պահանջում էր, որ իշխանությունը հիմնավոր, համոզիչ բացատրություններ տա՝ արդյոք ծառայությունը կրճատելուն զուգահեռ պատկերացնո՞ւմ են դրանից բխող վտանգները ու արդյոք բավարար քայլեր անում են դրանք նվազեցնելու համար:

Ընդդիմադիրները ոչ դեմ, ոչ էլ ձեռնպահ քվեարկեցին, պարզապես չմասնակցեցին քվեարկությանը: Քննարկումն արդեն կշարունակվի արտահերթ լիագումար նիստում: Իշխող ուժի ձայները բավարար են այս նախագիծն ընդունելու համար: Վարչապետ Փաշինյանը մինչ նախագծի ընդունումն է արդեն հայտարարել՝ ուզում են մարտունակ բանակը փոխել պաշտպանունակ բանակով, որ կարողանան պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Փաշինյանի կառավարության օրոք՝ 2021, 2022 թվականներին, ադրբեջանցիները Հայաստանի ինքնիշխան տարածքից կիլոմետրեր են օկուպացրել: Տեսնո՞ւմ է Սուրեն Պապիկյանը հնարավորություն, որ ՔՊ-ի իշխանության օրոք վերականգնվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Իհարկե, արձագանքեց պաշտպանության նախարարը. «Սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի միջոցով»: