Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ:
Նրանց թվում են Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել սրբազաններին նրանց «սկզբունքային դիրքորոշման համար», որ այսօր արտահայտել են հրապարակային կերպով: Փաշինյանը խոսել է արժեքային համակարգի դերի մասին:
«Ես կարծում եմ, որ այն թեման, որ արծարծել եք դուք, անձնավորվածի միջոցով մենք շատ կարևոր մի ընդհանրական օրակարգի հետ ենք առնչվում», - նշել է վարչապետը:
Այսօր իշխանամերձ լրատվամիջոցները հայտարարություն էին տարածել: Ըստ այդ հրապարակումների՝ եպիսկոպոսները հանդես են եկել նոր հայտարարությամբ, որտեղ փաստել են, որ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, իսկ Ամենայն Հայոց կաթողիկոսն «ամեն գնով փորձում է կոծկել Արշակի սրբապիղծ արարքը»։
Իր ճեպազրույցում այդ հայտարարությանն անդրադառնալով Փաշինյանը սրբազաններին հանդիպման էր հրավիրել:
Արդեն հանդիպմանը Փաշինյանը նշել է, որ պետության և հասարակության արժեքահեն լինելը կապված է նաև հոգևոր կյանքի հետ։ Ընդգծվել է, որ մեր արժեքներն առաջին հերթին առնչվում են մեր հոգևոր արժեքներին, և իրականության մեջ ինչպիսի դեր ունեն մեզ համար հոգևոր արժեքները՝ դրանք մեծապես կանխորոշում են նաև պետության և հասարակության արժեքահեն լինելը, ասված է կառավարության հաղորդագրության մեջ:
«Ես կարդացել եմ ձեր հայտարարությունը հենց այդ դիտանկյունից, ես համենայն դեպս տեսել եմ արտահայտությունը նույն կարգի մտահոգության», - շեշտել է Փաշինյանը:
Մայր Աթոռից «Ազատությանը» փոխանցել էին, որ դա խեղաթյուրումներով շարադրված տեքստ է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հոգևորականներին վերագրվող հայտարարությունը խեղաթյուրումներով շարադրված տեքստ է. Տեր Եսայի ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպման». Փաշինյան