«Փաշինյանը պետական ծառայողներին էր փոխանցում Ալիևի պահանջը». ընդդիմադիր պատգամավորը՝ շաբաթօրյա հավաքի մասին

Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին վարչապետի հրավիրած համաժողովը հիշեցրել է Կոմունիստական կուսակցության հայտնի միջոցառումները, որտեղ, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը պետական ծառայողներին փորձում էր պարտադրել իր կուսակցության գաղափարներն, այդ թվում՝ Ալիևի պահանջով նոր Սահմանադրության ընդունումը. «Կարող ենք ասել, որ պետական ծառայողներին հավաքել էր փոխանցելու Ալիևի պահանջը՝ ռեբրենդինգ արած, նոր Սահմանդրություն ունենալու մասին», - «Ազատության» հետ զրույցում ասաց պատգամավորը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչո՞ւ Փաշինյանը հանդիպեց հազարավոր պետծառայողներին. նոր Սահմանադրությունը, աէրոդինամիկան և պետության լեգիտիմությունը

Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելու պահանջը, որտեղ խոսվում է Լեռնային Ղարաբաղի մասին, Խաղաղության պայմանագիրը ստորագրելու Ադրբեջանի նախապայմանն է:

«Ինչո՞ւ նոր Սահմանադրություն և ոչ թե սահմանադրական փոփոխություններ: Որովհետև սա Հայաստանի համար նոր քաղաքական բովանդակություն է, նոր գիտակցություն, նոր քաղաքական և պետական վարդապետություն, և ինչպես Նոր Կտակարանում է ասվում՝ նոր գինին՝ նոր տիկերի մեջ», - իր ելույթում ասել է վարչապետ Փաշինյանը:

Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ընդգծում է.

«Ես հիշեցնեմ, որ մինչև վերջերս Հայաստանում նոր Սահմանդրության նարատիվ և քննարկում չկար, կար Սահմանադրության փոփոխության քննարկումներ, այն բանից հետո, երբ Իլհամ Ալիևը պահանջեց Հայաստանի Սահամանադրության փոփոխություն, այդ քննարկումն այդ տերմինաբանությամբ Հայաստանի ներքին դիսկուրսի մաս դարձավ, և Փաշինյանը կարծես հենց այս հարցերին պատասխանելով փորձում էր արդարանալ, որ դե գիտեք՝ նոր Սահմանադրություն է անհրաժեշտ, որ ուղղակի նոր սկիզբ լինի պետության համար, որովհետև հին գինին նոր տակառներում չեն լցնում: Բայց, իրականում, նոր Սահմանադրության պահանջը բացառապես Ադրբեջանի պահանջն է»:

«ՔՊ նարատիվների պարտադրում ՝ պետական ապարտին». Քրիստինե Վարդանյան

Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ շաբաթ օրով հազարավոր պետական ծառայողներին, նաև գործադիրից անկախ համարվող դատական համակարգի ներակայացուցիչներին հավաքելով՝ «Փաշինյանը յուրօրինակ ուժի ցուցադրություն էր իրականացնում՝ ցույց տալով, որ այսօր բոլորը կախված են իրենից, որ իր գաղափարներն ու մոտեցումնեը պետք է ընդունելի լինեն բոլորի համար»: Շաբաթօրյա համաժողովին մասնակացում էին նաև Սահամանդրական դատարանի նախագահն ու ԲԴԽ նախագահը:

«Նեղ Կուսկացական նարատիվների պարտադրում՝ պետական ապարտի աշխատողներին: Ես չգիտեմ պետական, վարչական ռեսուրսի չարաշահումն ուրիշ ի՞նչ տեսք ունի: Օրինակ՝ ես եվրոպական որևէ երկրում նման բան չեմ տեսել», - ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Փաշինյանը շուրջ 8000 պետական ծառայողների առջև ունեցած ելույթում հիմնականում խոսեց նոր Սահմանադրություն ունենալու և այդկերպ լեգիտիմությունը ամրապնդելու մասին:

Վարչապետը պետական ծառայողներին փոխանցեց, որ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն պետք է տեղի ունենա հենց 2026-ի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո, որպեսզի այդ ընտրությունները մասնակից ուժերի համար դառնան հնարավորություն՝ նոր Սահմանադրության շուրջ քննարկումներ ծավալելու համար:

Վարչապետի խոսքով. - «Դա հնարավորություն է, որ բոլոր ուժերը Սահմանադրության օրակարգի հետ կապված իրենց ասելիքն ու մոտեցումները նախ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում կիսեն ժողովրդի հետ, իսկ արդեն ընտրությունների արդյունքում ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական մեծամասնության դիրքորոշումը վճռական կլինի Սահմանադրության վերջնական նախագծի ձևավորման գործում»:

Ընդդիմադիր պատգամավորն էլ նշում է. - «Փաշինյանը 2026 թվականի ընտրություններն, ըստ էության, վերածել է հանքվեի, այսինքն՝ 2026 -ին մեզ սպասվում է ոչ թե պարզապես ընտրություն, որտեղ դուք ընտրելու եք քաղաքական ուժի, այլ դուք իրականացնելու եք հանաքվե, խոշոր հաշվով՝ Սահմանադրական հանրաքվե եք իրականացնելու, խոշոր հաշվով՝ Ալիևի պահանջների հանրաքվե եք իրականացնելու: Կարծում եմ՝ այստեղ արձագանքը շատ հստակ պետք է լինի, մեր առաջարկը դա է՝ Ալևի պահանջով Հայաստանում Սահամանդրություն չպետք է փոփոխվի: Եթե 2026-ի ընտրությունները Փաշինյանը վերածում է այդ հանրաքվեի, ուրեմն այնպես անենք, որ այդ հանրաքվեի արդյունքները չերջանկացնեն Ալիևին և Փաշինյանին», - ասում է Քրիստինե Վարդանյանը:

ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի հավաստիացմամբ՝ պետական ծառայողներն իրենց կամքով են մասնակցել հավաքին

Իսկ ինչպես էին շուրջ 8000 պետական ծառայողները կանչվել շաբաթօրյա հավաքին: Փաշինյանի ղեկավարած ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե «վստահաբար գրություն է ուղարկվել» պետական մարմիններին: Ալեքսանյանը միաժամանակ հավաստիացրեց՝ հազարավոր պետական ծառայողներն իրենց կամքով են մասնակցել այդ հավաքին, իսկ մամուլի հրապարկումները, թե նրանց պարտադրել են, իրականությանը չեն համապատասխանում:

Լրագրողի հարցին, թե 7000 հոգի շաբաթ օրով որոշել էր գա՞ր: Ալեքսանյանն ասաց.

«Այո, ինչո՞ւ չպետք է ուզեին գալ»:

Ի պատասխան, թե ազատ օր էր, Ալեքսանյանն ընդգծեց. «Դրա համար ամբողջ պետական ապարատը չէր, 7000 հոգի էր»:

ՔՊ-ական պատգամավորը նաև համաձայն չէ ընդդմիության այն պնդումների հետ, թե Փաշինյանի շաբաթօրյա համաժողովը Հյուսիսային Կորեան և նրա ղեկավար Կիմ Չեն Ընի հավաքներն էին հիշեցնում. «Դուք այդտեղ որտե՞ղ եք Հյուսիսային Կորեա տեսել», - հարցրեց Ալեքսանյանը:

Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանին ամենուր ծափահարելու ավանդույթին, լինի եկեղեցական պատարագներում, թե համաժողովներում, ապա դա ՔՊ փոխնախագահի համոզմամբ՝ ոչ թե Հյուսիսային Կորեային, այլ ժողովրդավարական երկրներին հատուկ երևույթ է, խնդիրն ակնոցի մեջ է. «Այստեղ հարցը պրիզմայից է: Եթե դուք նայում եք Հյուսիսային Կորեայի ակնոցով, դա ուրիշ բան է, եթե նայում եք ժողովրդավարական ակնոցով, դա լրիվ ուրիշ բան է: Ձեզնից է գալիս, նկատի ունեմ՝ դիտողից: Ծափը, ծափահարություններն, ինքնին շատ ժողովրդվարական, շատ նորմալ երևույթ են», - ընդգծեց ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը: