Պուտին. Ռուսաստանը կա՛մ ռազմական, կա՛մ այլ ճանապարհով ամբողջությամբ կվերցնի Դոնբասը

Վլադիմիր Պուտին, Սթիվ Ուիթքոֆ, Ջարեդ Քուշներ, կոլաժ

Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ Կրեմլում հանդիպելուց երկու օր անց կրկին սպառնացել է՝ հայտարարելով, որ Ռուսաստանը կա՛մ ռազմական, կա՛մ այլ ճանապարհով ամբողջությամբ կվերցնի Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերը, այսինքն՝ ամբողջ Դոնբասը: Ռուսաստանի նախագահն ընդգծել Է՝ ուկրաինական զորքը ստիպված կլինի դուրս գալ այդ տարածքներից:

«Ամեն ինչ հանգում է դրան։ Կա՛մ մենք ազատագրում ենք այս տարածքները զենքի ուժով, կա՛մ ուկրաինական զորքերը լքում են այս տարածքները և դադարեցնում այնտեղ կռվելը», - ասել է Պուտինը:

Հնդկաստան կատարելիք այցից առաջ India Today-ին տված հարցազրույցում Վլադիմիր Պուտինն առաջին անգամ խոսել է Կրեմլի հանդիպման մասին՝ այն «շատ օգտակար» անվանելով: Կրեմլի ղեկավարն ասել է, որ հանդիպմանն անցել են ամերիկյան բոլոր՝ 27 առաջարկների վրայով, որոնք ներկայացված էին չորս փաթեթով: Դրանք, ըստ նրա, հիմնված էին Ալյասկայի պայմանավորվածությունների վրա, և որոշ հարցերի Մոսկվան համաձայնել է: ՌԴ նախագահը նաև ասել է, որ խնդրի կարգավորումը բարդ է, իսկ Եվրոպան պետք է նպաստի գործընթացին, ոչ թե խոչընդոտի:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն, իր հերթին, հայտարարել է, որ եթե Եվրամիությունն Ուկրաինային «վարկ տրամադրելու քողի տակ գողանա» ռուսական սառեցված ակտիվները, ապա Մոսկվան դա կարող է պատերազմ հրահրելու գործողություն համարել՝ ԵՄ-ի և առանձին երկրների համար դրանից բխող հետևանքներով։

Ու մինչ Մոսկվան կրկին սպառնում է, Ուկրաինայի գլխավոր բանագնաց Ռուստեմ Ումերովը մեկնում է Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու Ուիթքոֆի հետ, որը նրան կներկայացնի Պուտինի հետ դեկտեմբերի 2-ի հանդիպման արդյունքները: Երեկ էլ ուկրաինական պատվիրակության ղեկավարը խորհրդակցություններ է անցկացրել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ:

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան ասել է, որ Ումերովը հեռախոսազրույց է ունեցել Ուիթքոֆի հետ, սակայն քանզի սա նուրբ հարց է անվտանգության նկատառումներով, որոշվել է մանրամասները քննարկել դեմ առ դեմ:

«Նրանց գնահատմամբ՝ Մոսկվայի բանակցությունները դրական նշանակություն ունեն խաղաղության գործընթացի համար ... Եվ նրանք ուկրաինական պատվիրակությանը հրավիրեցին առաջիկայում բանակցությունները շարունակել ԱՄՆ-ում», - նշել է Սիբիգան:

Չնայած Կրեմլի հանդիպումից հետո Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ փոխզիջումային լուծում դեռ չկա, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ Ուիթքոֆի ու Քուշների հանդիպումը «բավականին լավ» է անցել: ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը լրագրողներին ասել է, թե այդ հանդիպումից տպավորություն է ստեղծվել, որ ռուսական կողմը «շատ» է ցանկանում համաձայնության գալ պատերազմը դադարեցնելու հարցում, և հավելել է, որ ամեն դեպքում պարզ չէ, թե ինչ կլինի:

«Նախագահ Պուտինը շատ լավ հանդիպում է ունեցել Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի հետ։ Ինչ դուրս կգա այդ հանդիպումից, չեմ կարող ասել, որովհետև համագործակցելու համար երկու կողմ է հարկավոր», - նշել է Թրամփը:

Բրյուսելում երեկ տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը, որի արդյունքներով դաշինքի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ դաշնակիցների մեծ մասը՝ երկու երրորդը, պատրաստ է ֆինանսավորել Ուկրաինայի համար զենքի գնումները:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտնել է, որ երկու երկիր պլանավորում է քննարկել այս հարցը, ևս երկուսը՝ Ավստրալիան և Նոր Զելանդիան, խոստացել են միանալ այդ երկրներին: Ռյուտեի խոսքով՝ դաշնակիցները պլանավորում են մինչև տարեվերջ մոտ 5 միլիարդ դոլարի զենքի մատակարարում ֆինանսավորել:

«Սակայն մենք պետք է ավելին անենք, և բոլոր դաշնակիցները պետք է իրենց ներդրումն ունենան՝ ապահովելու, որ պատրաստ լինենք։ Նաև պատասխանատվությունը պետք է արդարացիորեն բաշխվի», - նշել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը:

Այս ընթացքում կողմերը շարունակել են հարվածները: Օդեսայում ռուսական հարվածների հետևանքով վիրավորվել է վեց մարդ, վնասվել է էլեկտրակայան։ Դոնեցկի մարզի Սլավյանսկ (Սլովյանսկ) քաղաքում առնվազն ութ մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու երեխա:

Ուկրաինական զինուժն, իր հերթին, հարվածել է ռուսաստանյան մի շարք շրջանների:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուիթքոֆի և Քուշների հետ հանդիպումը արդյունավետ էր. ՊուտինՎորոնեժի մարզում ԱԹՍ հարձակման հետևանքով կա մեկ վիրավորՈւկրաինայի խաղաղության բանակցությունների ուղին դեռ հստակ չէ. ԹրամփԲանակցությունները Կրեմլում՝ «օգտակար, կառուցողական և իմաստալից, սակայն փոխզիջումային լուծում դեռ չկա»Եվրահանձնաժողովը Ռուսաստանի սառեցված ակտիվներն օգտագործելու փաթեթ է ներկայացրելԴոնեցկի վերահսկողությունը ռուս-ուկրաինական բանակցությունների չլուծված հիմնական հարցերից մեկն է. Ռուբիո