Պուտին. «Ստացել ենք ամերիկյան խաղաղության պլանը և պատրաստ ենք քննարկել այն»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ստացել են Ուկրաինայում խաղաղության Միացյալ Նահանգների պլանը և պատրաստ են քննարկել այն:

«Մենք ստացել ենք ամերիկյան խաղաղության պլանը՝ ամերիկյան վարչակազմի հետ ունեցած հաղորդակցության խողովակների միջոցով: Կարծում եմ, որ այն կարելի է օգտագործել որպես վերջնական խաղաղ կարգավորման հիմք, բայց մանրամասները դեռ մեզ հետ չեն քննարկվել: Եվ կարող եմ գուշակել, թե ինչու: Պատճառը ենթադրում եմ նույնն է. ամերիկյան վարչակազմը դեռ չի ստացել Ուկրաինայի համաձայնությունը: Ուկրաինան դեմ է սրան», - ասել է Վլադիմիր Պուտինը:

«Եթե Կիևը չի ուզում քննարկել նախագահ Թրամփի առաջարկը, ապա նրանք և պատերազմ հրահրող եվրոպացիները պիտի հասկանան, որ Կուպյանսկում տեղի ունեցածը կկրկնվի ռազմաճակատի մյուս կարևոր հատվածներում: Միգուցե ոչ այնքան արագ, որքան մենք կցանկանայինք, բայց կրկնությունն անխուսափելի է», - պնդել է Ռուսաստանի նախագահը:

«Մեզ այս իրավիճակը ձեռնտու է, քանի որ հանգեցնում է հատուկ ռազմական գործողության նպատակների իրականացմանը, բայց ինչպես ասել եմ բազմիցս, մենք նաև պատրաստ ենք խաղաղ բանակցությունների և խաղաղ լուծման: Իհարկե, դրա համար անհրաժեշտ է, որ առաջարկվող պլանը մանրակրկիտ քննարկվի: Մենք պատրաստ ենք դրան», - վստահեցրել է Պուտինը:

Խաղաղության ծրագրով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ է տալիս Ուկրաինային, բայց որոշ պայմաններով։ Ուկրաինան պարտավորվում է չդառնալ միջուկային պետություն: Ղրիմը, Դոնեցկը և Լուգանսկը անցնում են Ռուսաստանին և դե ֆակտո ճանաչվում ռուսական, Խերսոնում և Զապորոժիեում շփման գիծը սառեցվում է, տարածքների մի մասը դառնում է ապառազմականացված բուֆերային գոտի՝ դե ֆակտո Ռուսաստանի վերահսկողության տակ։ Կողմերը պարտավորվում են սահմաններն ուժով չփոխել։

Ուկրաինան նաև պարտավորվում է չմիանալ ՆԱՏՕ-ին, կրճատել զինված ուժերի թիվը: ՆԱՏՕ-ն պարտավորվում է զորք չտեղակայել Ուկրաինայում, Ռուսաստանն էլ՝ չհարձակվել Ուկրաինայի և Եվրոպայի վրա: ԱՄՆ-ը և Եվրոպան Ուկրաինայի վերակառուցման խոշոր ներդրումային փաթեթ կպատրաստեն, որին ռուսական սառեցված ակտիվներից 100 միլիարդ դոլար կհատկացվի, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն աստիճանաբար կվերացվեն:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ ազգին ուղղված տեսաուղերձում հայտարարել է, որ այժմ երկիրը կարող է շատ դժվար ընտրության առաջ կանգնել՝ կա՛մ արժանապատվության կորուստ, կա՛մ առանցքային գործընկեր ԱՄՆ-ին կորցնելու ռիսկ:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփ. Զելենսկին ստիպված կլինի հավանություն տալ խաղաղության ԱՄՆ ծրագրինՈւկրաինան կանգնած է «շատ դժվար ընտրության» առջև. Զելենսկի«Ազատության» տրամադրության տակ է հայտնվել Ուկրաինայում խաղաղության ամերիկյան նոր ծրագիրը. ինչ է այն ենթադրումԿիևը պատրաստ է Վաշինգտոնի հետ համագործակցել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրի շուրջ. նոր մանրամասներՌուսական բանակը հայտարարել է Կուպլյանսկը գրավելու մասին, Կիևը հերքում է