«Պատրաստվում ենք ակտիվացնել բանակցությունները». Զելենսկի

Ուկրաինա - Ռուսների հարվածից հետո Դնեպրի երկաթուղային դեպոյում հրդեհ է բռնկվել, 18-ը նոյեմբերի, 2025թ.

Ռուսական զինուժը գիշերը հարվածել է Դնեպր քաղաքին, վնասվել են բնակելի և վարչական շենքեր, այդ թվում՝ շենքը, որտեղ գտնվում են հանրային հեռարձակողի մասնաճյուղն ու «Դնեպր» ռադիոկայանը: Հարվածներից հրդեհ է բռնկվել, շենքում այդ պահին մարդ չի եղել:

«Ամենակարևորն այն է, որ հարձակման պահին այստեղ ոչ ոք չի եղել։ Պատահում է, որ մինչև ուշ ժամի ենք ստիպված լինում աշխատել, բայց երեկ, բարեբախտաբար, այդպիսի օր չէր, այստեղ ոչ ոք չկար և ոչ ոք չի տուժել», - ասում է Դնեպրի «Սուսպիլնե» հանրային հեռարձակողի խմբագրության ղեկավար Վալերիա Բովշան:

«Կարծում էինք, թե ամեն ինչ տեսել ենք՝ բալիստիկ հրթիռներ և այլն, բայց նման բան երբեք չէինք զգացել, նման բան չէր եղել», - ասում է քաղաքի մի բնակիչ:

Հարձակման է ենթարկվել նաև քաղաքի երկաթուղային ենթակառուցվածքը։

Ռուսական հարվածներից ենթակառուցվածքներ են վնասվել նաև Դնեպրոպետրովսկում։ Հրթիռակոծվել է նաև Խարկովի Բերեստին քաղաքը, որտեղ սպանվել է 17-ամյա աղջիկ, վիրավորվել ինը մարդ: Եվս երկու կին է սպանվել Չեռնիգովում:

Ուկրաինական զինուժն, իր հերթին, անօդաչուներով հարվածել է Բելգորոդի մարզի Կորոչա քաղաքին: Հարվածից հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում, վնասվել են բնակարաններ։ Դոնեցկի օկուպացված հատվածում ուկրաինական հարվածներից վնասվել է երկու խոշոր ջերմաէլեկտրակայան:

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ վաղը Թուրքիայում հանդիպումներ կունենա՝ նվիրված խաղաղության շուրջ բանակցություններին: Կանդրադառնան նաև գերիների փոխանակմանը։

«Պատրաստվում ենք ակտիվացնել բանակցությունները և մշակել ենք լուծումներ, որոնք կառաջարկենք մեր գործընկերներին։ Ուկրաինայի գերակա խնդիրն է անել ամեն ինչ, որպեսզի պատերազմին վերջ դրվի», - ասել է Վլադիմիր Զելենսկին:

Ըստ Reuters-ի՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ոիթքոֆը ևս կմասնակցի հանդիպմանը։

Մոսկվան, սակայն, չի մասնակցի հանդիպմանը և կսպասի դրա արդյունքներին, հայտարարել է Կրեմլի խոսնակը: Դմիտրի Պեսկովը նաև ցավալի է համարել, որ Ուկրաինան և Ֆրանսիան երեկ գործարք են կնքել, որով Փարիզը Կիևին 100 Rafale կործանիչներ և հակաօդային պաշտպանության համակարգեր կտրամադրի: Ուկրաինային զինելով՝ Ֆրանսիան չի նպաստում խաղաղությանը, ասել է Պեսկովը:

«Ինչ ինքնաթիռներ էլ մատակարարվեն Կիևին, դրանք չեն փոխի առաջնագծում տիրող իրավիճակը կամ դինամիկան, որը տեսնում ենք ոչ միայն մենք, այլև ողջ աշխարհի ռազմական փորձագետները», - հայտարարել է Կրեմլի խոսնակը:

Ու մինչ Մոսկվան ցավալի է համարում այդ գործարքը, ԱՄՆ ֆինանսների նախարարության վերլուծությունը պարզել է, որ ռուսական նավթային խոշոր ընկերությունների՝ «Ռոսնեֆտ»-ի և «Լուկօյլ»-ի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն արդեն տալիս են ցանկալի արդյունքը: Ըստ գերատեսչության՝ նավթի գինը նվազել է, արդյունքում պակասել են նաև Ռուսաստանի եկամուտները, ինչը սահմանափակում է Ուկրաինայի դեմ ագրեսիան ֆինանսավորելու Մոսկվայի կարողությունները:

Բացի այդ, ռուսական նավթի հիմնական գնորդներ հնդկական և չինական մոտ մեկ տասնյակ ընկերություններ հայտարարել են, որ պատժամիջոցների պատճառով մտադիր են դեկտեմբերից դադարեցնել ռուսական նավթի գնումը՝ չնայած Ռուսաստանը նավթը զգալիորեն ցածր գնով է վաճառում:

Reuters-ը Սպիտակ տան աղբյուրին հղումով հայտնում է, որ ԱՄՆ նախագահը պատրաստ է ստորագրել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող հանրապետականների օրինագիծը՝ պայմանով, որ ինքը վերջնական որոշում կայացնի ցանկացած սահմանափակման հարցում:

Ռուսաստանը խնդիրներ ունի նաև իր էներգետիկ ոլորտում: Ըստ «Նովայա գազետա Եվրոպա»-ի վերլուծության՝ միայն այս տարի տեղի է ունեցել ավելի քան 4 հազար վթար՝ երեք անգամ ավելի, քան նախորդ տարի: Ընդ որում՝ անջատումների գլխավոր պատճառը ոչ թե ուկրաինական անօդաչուների հարվածներն են, այլ համակարգի մաշվածությունը: Անօդաչուներին բաժին է հասնում 10 վթարից մեկը միայն: Թերթի լրագրող Ալեսյա Սոկոլովան «Ազատության» «Նաստոյաշչեե վրեմյա» հեռուստաալիքին ասել է, որ անջատումները ռեկորդային են եղել սեպտեմբեր-հոկտեմբերին:

«Ամենայն հավանականությամբ՝ տարվա վերջին նման հարձակումներն ավելի կշատանան, քանզի դրանք ավելանում են ջեռուցման սեզոնին, ինչպես Ռուսաստանն է անում Ուկրաինայի վրա հարձակվելով», - նշում է Սոկոլովան:

Ուկրաինայի պետական «Ուկրէներգո» ընկերությունը հայտարարել է, որ ռուսական հարվածների հասցրած վնասի պատճառով հովհարային անջատումները կշարունակվեն առնվազն մինչև տարվա վերջ: Որոշ փորձագետներ էլ կանխատեսում են, որ ամբողջ Ուկրաինան կարող է ինչ-որ պահի զրկվել էլեկտրաէներգիայից:

Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարար Իվան Պլաչկովն «Ազատության» «Նաստոյաշչեե վրեմյա» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է, որ նման սցենարը հնարավոր է՝ հաշվի առնելով, որ էներգետիկ ենթակառուցվածքների մեծ մասը ոչնչացված է, մյուսը՝ մշտական հարձակման տակ, ատոմակայաններն ամբողջ հզորությամբ չեն աշխատում, իսկ հարվածները չեն դադարում:

«Ագրեսորի նպատակն է հասնել ամբողջական հոսանքազրկման: Տեսականորեն նման հնարավորություն կա, եթե շարունակվեն զանգվածային հարձակումները, իսկ մեր հակաօդային պաշտպանությունը չկարողանա պաշտպանել ջերմաէլեկտրակայաններն ու էլեկտրակայանները», - նշել է նախկին նախարարը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը չի մասնակցի Թուրքիայում կայանալիք բանակցություններին. ՊեսկովՄոսկվան հայտարարում է ևս երկու ուկրաինական գյուղերի գրավման մասին Կիևը Փարիզից կգնի 100 Rafale ինքնաթիռ. Մակրոնը և Զելենսկին 10 տարով փաստաթուղթ են կնքելՌուսաստանը հաղորդում է Ուկրաինայի արևելքում ևս երեք գյուղ գրավելու մասինՌուսաստանում հերթական նավթամշակման գործարանն է խոցվելՈւկրաինական ԱԹՍ հարձակման հետևանքով Վոլգոգրադում կան վիրավորներՌուսները գիշերը հարվածներ են հասցրել Ուկրաինային, Պոկրովսկում մարտերն ավելի են թեժանումԱՄՆ-ը հետաձգել է «Լուկօյլ»-ի դեմ մի շարք պատժամիջոցներ՝ արտերկրյա ակտիվների վաճառքի նպատակով«Լուկօյլ»-ը մտադիր է վաճառել իր արտերկրյա ակտիվները