Ռուսաստանը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի արևմուտքում գտնվող Տերնոպոլ քաղաքին, կա 25 զոհ, որից երեքը՝ երեխաներ: 70-ից ավելի մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 15 երեխա: Հարվածել են նաև Լվովին, որտեղ վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքներ:
«Որդիս դեռ բնակարանում է՝ 9-րդ հարկում։ Նրա հետ խոսել եմ պայթյուններից առաջ։ Ասաց՝ մայրի՛կ, ամեն ինչ լավ կլինի, մի՛ անհանգստացիր։ Դրանից հետո զանգահարեցի նրան, բայց չկարողացա կապվել։ Ոչինչ չգիտեմ», - պատմել է Տերնոպոլի բնակիչ Օքսանա Կոբելը:
Սահմանին մոտ այս քաղաքներին հարվածներից հետո Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել։
Ռուսական զինուժը հարվածել է նաև Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաք Խարկովին, վիրավորվել է 30-ից ավելի մարդ, այդ թվում՝ երկու երեխա:
«Պայթյունի ալիքն ինձ շպրտեց միջանցքի խորքը։ Ընկա կոտրված ապակիների վրա, ապա վեր կացա և սկսեցի փնտրել հարազատներիս՝ համոզվելու, որ ապահով են: Դրսում մեքենաներ էին այրվում», - պատմել է Խարկովի բնակիչ Դանիլո Բոնդարևը:
Խարկովի դատախազության ներկայացուցի Սպարտակ Բորիսենկոն էլ ասել է. «Կեսգիշերին մոտ թշնամին «Գերան-2» անօդաչուներով մոտ տասը հարված է հասցրել Խարկովի կենտրոնական թաղամասերին։ Հարվածների տակ են հայտնվել բնակելի թաղամասեր»:
Ուկրաինական զինուժն իր հերթին հայտարարել է, որ ATACMS հրթիռներով հարվածել է Վորոնեժում ռազմական թիրախների: Ռուսական կողմը, սակայն, պնդել է, որ խոցել է այդ հրթիռները:
Զելենսկին ժամանել է Թուրքիա՝ բանակցությունների պատերազմը դադարեցնելու շուրջ
Մինչ Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են հարվածները, նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ժամանել է Թուրքիա՝ վերսկսելու պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունները, որոնց Մոսկվան չի մասնակցում: Նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից առաջ Զելենսկին հարգանքի տուրք է մատուցել Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պատրաստվում ենք ակտիվացնել բանակցությունները». Զելենսկի
Հաղորդվում էր, որ Զելենսկին և նրա գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Թուրքիայում կհանդիպեն նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ: Ավելի ուշ հաղորդվեց, որ հանդիպումը չեղարկվել է: Երմակը, սակայն, հայտնել է, որ մշտապես կապի մեջ է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների և Ուիթքոֆի հետ, իսկ բոլոր հանդիպումները տեղի են ունենում ըստ նախատեսվածի:
ԱՄՆ-ն պատերազմը դադարեցնելու ուղիներ է փնտրում. Axios
Ամերիկյան Axios-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու 28 կետանոց նոր ծրագիր է մշակում: Այն անդրադառնում է խաղաղությանը, անվտանգության երաշխիքներին, Եվրոպայում անվտանգությանն ու ապագայում Ուկրաինայի և Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններին: Սակայն հասկանալի չէ, թե ինչ է առաջարկվում Ռուսաստանի օկուպացրած ուկրաինական տարածքների մասով:
Ծրագրի մշակումը ղեկավարում է Ուիթքոֆը, որն ակտիվ աշխատում է Ռուսաստանի նախագահի բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետ։ Վերջինս ասել է, որ այս ծրագիրը հաշվի է առնում Ռուսաստանի դիրքորոշումը:
Ըստ Axios-ի՝ Ուիթքոֆն այս շաբաթ ծրագիրը քննարկել է նաև ուկրաինական հետ: Այն նաև ներկայացվել է Եվրոպային:
Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ Կիևն «ազդակներ» է ստացել ԱՄՆ-ի առաջարկների վերաբերյալ, որոնք Վաշինգտոնը քննարկել է Մոսկվայի հետ: Կիևը, սակայն, չի մասնակցել առաջարկների պատրաստմանը, նշել է աղբյուրը։
Կրեմլի խոսնակն ասել է, որ ոչ մի նոր բան չկա. «Ո՛չ։ Այս պահին այս հարցում որևէ նորություն չկա, որը կարելի է ձեզ հաղորդել։ Քննարկումներ եղել են Անկորիջում, և այնտեղ քննարկվածին ավելացնելու որևէ նոր բան չկա», - ասել է Դմիտրի Պեսկովը:
Կիևում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ փաստահավաք առաքելությամբ Կիև է ժամանել ԱՄՆ ցամաքային զորքերի նախարար Դենիել Դրիսկոլի գլխավորած պատվիրակությունը: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ կքննարկեն պատերազմը դադարեցնելու ուղիները, մարտադաշտում իրավիճակը և Ուկրաինայում զենքի արտադրությունը։ Զելենսկին պատվիրակությանը կընդունի վաղը:
Ներքաղաքական ճգնաժամ Ուկրաինայում
Ու մինչ ԱՄՆ-ն փորձում է դադարեցնել պատերազմը, Ուկրաինայում ներքաղաքական ճգնաժամ է հասունանում: Խորհրդարանը երկրորդ փորձից է այսօր կարողացել հաստատել էներգետիկայի և արդարադատության նախարարների հրաժարականը, որոնք ներկայացվել էին էներգետիկ ոլորտում կոռուպցիոն սկանդալից հետո: Ընդդիմությունը, որը երեկ արգելափակել էր խորհրդարանի ամբիոնը և թույլ չէր տվել, որ այս հարցով քվեարկություն լինի, պահանջում է պաշտոնանկ անել նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին և ողջ կառավարությանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոր զարգացումներ Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալի շուրջ
Ուկրաինան, մտահոգված հաջորդ տարվա բյուջեի պակասուրդով, Եվրոպային կոչ է արել «քաղաքական որոշում կայացնել» ռուսական սառեցված ակտիվների հաշվին Կիևին 163 մլրդ դոլարի վարկ տրամադրելու համար՝ հարց, որի շուրջ որոշումը հետաձգվել էր մինչև դեկտեմբերի 18-ը: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իրինա Մուդրան ասել է, որ սա վերջին հնարավորությունն է. «Սրան այլընտրանք չկա։ Եթե Եվրոպան ցանկանում է, որ Ուկրաինան գոյատևի, իսկ Եվրոպան՝ անվտանգ մնա, ապա այս ակտիվները պետք է օգտագործվեն։ Եվ իրականում, անհրաժեշտ մասշտաբի ֆինանսավորման իրատեսական այլ աղբյուր չկա»:
Լեհաստանը հայտարարել է, որ կփակի երկում ռուսական վերջին հյուպատոսությունը՝ դեպի Ուկրաինա գնացող երկաթգծի պայթեցումից հետո, ինչում Ռուսաստանին է մեղադրում: Ի պատասխան՝ Մոսկվան սպառնացել է նվազեցնել դիվանագիտական և հյուպատոսական ներկայությունը Լեհաստանում:
ԵՄ արտգործնախարար Կայա Կալլասն էլ հայտարարել է, որ երկաթգծի պայթեցումը վկայում է՝ եվրոպական տրանսպորտային համակարգում աննախադեպ ռիսկեր կան: