Սեզոնային վիրուսներն ակտիվանում են. մասնագետները հորդորում են պատվաստվել ու ժամանակին դիմել բժշկի

Մինչև 40 աստիճան ջերմություն, քթահոսություն, հազ, մկանացավ.... այս ախտանշաններով են այսօր հիմնականում երեխաները դասերից բացակայում: Առողջապահության նախարարությունից ասում են՝ երկրում ակտիվ շրջանառվում է գրիպն ու մի խումբ սուր շնչառական այլ վարակներ:

Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնը սկսվում է հոկտեմբերից և ավարտվում մարտ–ապրիլ ամիսներին: Հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 2-ը Հայաստանի բուժկենտրոններում սուր շնչառական վարակներով 706 մարդ է հոսպիտալացվել՝ 91 տոկոսը 0-18 տարեկան երեխաներն են, 185 երեխա էլ դպրոցից տուն է ուղարկվել:

Մասնագետները խորհուրդ են տալիս մինչև հոկտեմբեր պատվաստվել գրիպի դեմ ու ժամանակին դիմել բժշկի:

«Եթե ունեք ախտանշաններ ու եթե 2-3 օրվա ընթացքում քաղաքացիները տեսնում են, որ իրենց մոտ ոչ մի դրական դինամիկա չի լինում, գնալով վիճակն ավելի ծանրանում, հատկապես երեխաների մոտ, որոնց մոտ պրոցեսը կարող է ավելի արագ ընթանալ, ժամանակին դիմել բժիշկի, չզբաղվել ինքնաբուժմամբ: Մենք ունենք կարևոր կանխարգելիչ միջոցառումներ, որոնք շատ կարևոր են գրիպի ու սուր շնչառական վարակների ժամանակ, պատվաստումներն են, որ ժամանակին պատվաստվեն, որպեսզի չունենանք այլ զարգացումներ», - ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը:

Երևանի «Մուրացան» հիվանդանոցում միայն երկու օրում դիմելիությունն աճել է՝ 184-ից 241, և մեծ մասը գրիպի ու ՍՇՎ դեպքեր են: Ֆեյսբուքյան մեր հարցմանն արձագանքած հարյուրավոր քաղաքացիներ հիմնականում նշել էին, որ արդեն հասցրել են վարակվել:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ համացանցում է հիշեցնում՝ սեզոնային վիրուսներն ակտիվանում են, գրիպ A տեսակի (H3N2) տիպի վիրուսից բացի նաև ռինո բոկա, ադենովիրուսներ և պարագրիպի հարուցիչներն են շրջանառվում: Սրանք բոլորը սովորաբար առաջացնում են մրսածության կամ վերին շնչուղիների թեթև ախտանիշներ, բայց ծանր դեպքերում կարող են զարգացնել թոքաբորբ, շնչառության դժվարություն և հոսպիտալացման անհրաժեշտություն առաջանա: Բայց մարդն ինքնուրույն չի կարող հասկանալ, թե ինչ վարակ է իր մոտ, միայն լաբորատոր ստուգումը կտա այդ հարցի պատասխանն ու ըստ դրա կորոշվի բուժման ձևը:

Տաթև Ղազարյանի 6 հոգանոց ընտանիքում առողջ է միայն ինքը, կարծում է՝ գրիպի դեմ պատվաստումն է օգնել, ենթադրում է, որ դպրոցահասակ եղբորից են վարակվել. «Իր մոտ ավելի բարդացած վիճակ է, այս պահին թոքաբորբ է տանում, տարել էինք Արտաշատի պոլիկլինիկա, միայն ռենտգենի բաժնում մոտավորապես 1,5 ժամ և ավելի հերթ ենք կանգնել, արյան անալիզի դռան մոտ ես էի հերթապահում, ռենտգենի դռան մոտ հայրիկս էր հերթապահում, որովհետև հոսքը շատ էր»:

Կրթության և Առողջապահության նախարարությունները «համաճարակային ֆիլտր» կոչվող մեթոդով դասղեկներին ու վարչակազմերին հանձնարարել են չթույլատրել հիվանդ երեխաների մուտքը դպրոց և անհրաժեշտության դեպքում կազմակերպել հեռավար ուսուցում։ Նախարարության տվյալներով՝ վերջին օրերին դպրոցներում բացակայությունների միջին ցուցանիշը չի գերազանցում 15 տոկոսը, ինչը համարվում է նորմայի սահմաններում։

Իսկ ահա Երևանի քաղաքապետարանի տվյալներով՝ մանկապարտեզ հաճախող 27.650 երեխաների շրջանում բացակայությունները տատանվում են 7000-9000-ի շրջանակներում, այսինքն մինչև 25-33 տոկոս:

Թեև ՀՎԿԱԿ-ից հայտնում են, եթե բացակայությունները 20 և ավելի տոկոս են կազմում, ուսուցումը կարող են հեռավար կազմակերպել, բայց հեռավար ուսուցման անցած դպրոց Հայաստանում դեռ չկա, Երևանում էլ վիրուսների պատճառով մանկապարտեզներ չեն փակվել:

Դպրոց, բուհ, մանկապարտեզ. ինքնուրո՞ւյն են որոշում հեռավար ուսուցման անցնելու կամ մանկապարտեզն, օրինակ, փակելու հարցը. «Կարող են ինքնուրույն դիմել և ներկայացնել առաջարկություն նախադպրոցական հաստատությունների փակման վերաբերյալ, իսկ միջին բարձրագույն ու հետբուհականներին՝ անցնել հեռավար ուսուցման»:

Չնայած բժիշկները խորհուրդ են տալիս գրիպի կամ սուր շնչառական վարակների դեպքում հակաբիոտիկներ ինքնուրույն չօգտագործել, որովհետև դրանք ազդում են միայն բակտերիաների վրա, այդուհանդերձ, դեղատները շարունակում են առանց դեղատոմսի ազատորեն հակաբիոտիկներ վաճառել: