Ինչու է Արցախի հոգևոր առաջնորդը հանդիպել վարչապետ Փաշինյանին: Արցախի վերջին նախագահը հենց հաջորդ օրն է լսել Վրթանես սրբազանի հիմնավորումները: Սամվել Շահրամանյանին մասնավորապես հետաքրքրել է՝ արդյոք կաթողիկոսը տեղյակ է եղել Վրթանես սրբազանի քայլից:
«Ես ստացել եմ իր հիմնավորումները, ինձ մեկ հարց էր հետաքրքրում հիմնականում՝ արդյոք այդ հանդիպումը համաձայնեցված էր իրենց ղեկավարի՝ Վեհափառի հետ և ստացել եմ բացասական պատասխան ու իմ եզրակացությունն արել եմ», - լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Շահրամանյանը:
Արցախի թեմի առաջնորդն էլ այն եպիսկոպոսների խմբում է, որ միացել են կաթողիկոսի դեմ Փաշինյանի պայքարին: Թե ինչ եզրահանգումներ է արել Շահրամանյանը Վրթանես եպիսկոպոսին լսելուց, չասաց: Արդյոք պետք է թեմի առաջնորդին փոխեն, այս հարցին էլ ուղիղ չպատասխանեց. «Ես կսպասեմ մինչև համապատասխան որոշումը»:
Կաթողիկոսի հրաժարականը պահանջող վարչապետի հետ հանդիպումից հետո Վրթանես սրբազանն արժանացավ արցախցիների զայրույթին ու քննադատությանը, թե հոգևոր առաջնորդը միացել է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած Փաշինյանին: Արցախի թեմական խորհրդի անդամ Լեռնիկ Հովհաննիսյանն էլ հայտարարեց, թե համաձայն չեն Վրթանես սրբազանի քայլի հետ: Ու նրա արարքի վերաբերյալ քննարկումներ են սկսել խորհրդում, շուտով հայտարարություն էլ կանեն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի թեմական խորհրդում անակնկալ է եղել վարչապետի հետ հանդիպած Վրթանես սրբազանի քայլըՍամվել Շահրամանյանը ո՛չ Վրթանես սրբազանի հետ հանդիպման մասին մանրամասն խոսեց, ո՛չ էլ այսօրվա դատական նիստի: Նա 9-րդ դասարանի պատմության դասագրքի հեղինակների, Կրթության նախարարության դեմ հայց է ներկայացրել: Այսօր առաջին դատական նիստն էր: Սամվել Շահրամանյանն իր փաստաբանի միջոցով պահանջում է 9-րդ դասարանի պատմության դասագրքի Արցախի հայաթափման հատվածը խմբագրեն: Պնդում են, թե այնպես են շարադրել, որ Արցախի կորստի համար Սամվել Շահրամանյանին մեղավոր նշանակեն: «Մի քանի տողով են գրել. Ադրբեջանի ռազմական ագրեսիան սկսեց, զոհեր եղան, ԼՂ նախագահը ստորագրեց Արցախի լուծարման հրամանագիր ու Արցախը հայաթափվեց»,- մեջբերեց փաստաբան Ռոման Երիցյանը:
«Այնուհետև այդ նույն պատմության դասագրքի հեղինակը հարցադրում է բարձրացնում աշակերտների առջև. ինչպե՞ս հայաթափվեց Արցախը, ըստ դասագրքի տրամաբանության՝ աշակերտը կարող է դրան տալ մեկ տրամաբանական պատասխան՝ Արցախի նախագահի հրամանագրի հետևանքով», - ասաց Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը:
Այդ հրամանագիրը իրավական ուժ չի ունեցել, իսկ արցախցիները Հայաստան են տեղափոխվել սպանդի ու ադրբեջանական ագրեսիայի ճնշման տակ: Դասագրքում նշված չեն այն օբյեկտիվ հանգամանքերը, որի ճնշման ներքո էլ եղել է իրավական ուժ չունեցող այդ հրամանագիրը, - շեշտում է Սամվել Շահրամանյանի ներկայացուցիչը՝ ընդգծելով. «Մենք չենք ասում՝ ընդհանրապես հերքեք, որ Արցախի նախագահը ստորագրել է նման հրամանագիր, մենք ասում ենք՝ ընդամենը տեղեկությունը ներկայացրեք ամբողջությամբ. նշեք սպանդի շարժառիթը, նշեք, որ նախագահը չունի նման լիազորություն, նշեք, որ այդ հրամանը եղել է հակասահմանադրական, նշեք, որ այն չեղարկվել է, որպեսզի ապագա սերունդը դրա վերաբերյալ ունենա տեղեկատվություն»:
Պատմության դասագրքի այս էջի հեղինակն էլ էր դատարանում: Ինչու Նժդեհ Հովսեփյանը չի նկարագրել այն ծանր հանգամանքները, որ ճնշման տակ Արցախի նախագահը ստիպված հայտարարել է Արցախը լուծարելու մասին:
«Ես ինչ գրել եմ, բացառապես իմ դիտանկյունն այն է եղել, որ պիտի գրեմ այն, ինչ փաստն է, ոչ թե մեկնաբանությունը», - լրագրողների հետ զրույցում ասաց Նժդեհ Հովսեփյանը:
Դասագրքում 44-օրյա պատերազմի զոհերի մասին հստակ թիվ չկա, միայն Սերժ Սարգսյանի օրոք պայթած քառօրյա պատերազմի զոհերի թիվն են նշել: Մինչդեռ, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չորս օր առաջ հայտարարեց, թե վերջին պատերազմում զոհվել է 3833 հոգի:
Նժդեհ Հովսեփյանի խոսքով.- «Ես տարբեր տվյալներ եմ ստացել վիճկոմից, ՊՆ-ից, ՔԿ-ից և այլն: Այդ թվի հետ կապված չեմ ունեցել վերջնական հստակություն, որովհետև բացատրել են, որ այնտեղ նաև անձնական պահեր կան, ես չեմ ներառվում այդ խոսակցությունների մեջ, դա այս պահին, կարծում եմ, խոսակցության հետ որևէ կապ չունի»:
Կրթության նախարարության ու պատմության հեղինակների դեմ Արցախի վերջին նախագահի հայցի քննությունը կշարունակվի տարեսկզբին: