ՀԾԿՀ-ի նախագծով առաջարկվեց դադարեցնել ՀԷՑ-ի լիցենզիան

16:30

Նիստը մի քանի րոպեով ընդմիջվեց: Ընդմիջումից հետո կսկսվի հարցուպատասխանը ներկայացված նախագծի վերաբերյալ:

Հարցուպատասխանի համար սահմանվեց հետևյալ ընթացակարգը՝ բոլոր ներկաները հարցեր ունենալու դեպքում դրանք հնչեցնելու հնարավորություն կունենան, ապա հարցեր կտան հանձնաժողովի անդամները:

16:14

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագծով առաջարկվեց դադարեցնել ՀԷՑ-ի լիցենզիան:

15:30

Փաստաբան Արթուր Հովհաննիսյանը ևս դիմեց հանձնաժողովին՝ առաջարկելով նիստին ներկա Ռոմանոս Պետրոսյանի և նրա նշանակած ՀԷՑ աշխատակիցների դիրքորոշումը չընդունել որպես ընկերության պաշտոնական դիրքորոշում:


15:18

Հանձնաժողովի անդամները միաձայն մերժեցին «Տաշիր կապիտալի» ներկայացուցիչների միջնորդությունը Մեսրոպ Մեսրոպյանին բացարկ ներկայացնելու վերաբերյալ: Մեսրոպյանը կմասնակցի ՀԷՑ-ի լիցենզիայի հարցով նիստին:

14:52

ՀԾԿՀ նախագահը 30 րոպե ընդմիջում հայտարարեց:

14:40

«Տաշիր կապիտալի» ներկայացուցիչը հիմնավորումների մեջ նաև նշեց այն, որ Ռոմանոս Պետրոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը և մյուս անդամները ընթացակարգ են խախտել, երբ ընկերությունում չորս ամիս առաջ էկոնոմիկայի և ֆինանսների գծով տնօրեն է նշանակվել Արմեն Շահնազարյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Տաշիր կապիտալը» դիմել է Հակակոռուպցիոն՝ խնդրելով քրվարույթ նախաձեռնել Ռոմանոս Պետրոսյանի ու ՀԾԿՀ անդամների նկատմամբ

14:34

Փաստաբան Վարդան Ալոյանը մի շարք հիմնավորումներ ներկայացրեց՝ փորձելով պարզաբանել, թե ինչու պետք է Մեսրոպ Մեսրոպյանը չմասնակցի ՀԷՑ-ի լիցենզիայի հարցով որոշման ընդունմանը, այդ թվում՝ ցույց տալով այնպիսի կապեր, որոնք, ըստ «Տաշիր կապիտալի», փաստում են՝ Մեսրոպյանը ինքնուրույն չի գործել, երբ որոշել է հենց Ռոմանոս Պետրոսյանին նշանակել ժամանակավոր կառավարիչ:

Փաստաբանը հիշեցրեց վարչապետ Փաշինյանի այն հայտարարությունը, որ սկզբնական փուլում վերցնելու են ՀԷՑ կառավարումը, հետո մնացածը։ Ըստ փաստաբանի՝ Մեսրոպյանը որպես կանխարգելիչ միջոցառում ընտրել է հենց այն տարբերակը, որի մասին արդեն հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, այն է՝ ՀԷՑ ժամանակավոր կառավարչի պաշտոնում ՔՊ-ական Պետրոսյանին նշանակումը, որ տեղի ունեցավ վարույթ հարուցելուն զուգահեռ՝ հուլիսին:

«Տաշիր կապիտալի» ներկայացուցչի պնդմամբ՝ Մեսրոպյանը նաև չի միջամտել, երբ Ռոմանոս Պետրոսյանը՝ արդեն որպես ՀԷՑ կառավարիչ, սկսել է ապատեղեկատվություն տարածել:

14:24

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) քննարկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը լիցենզիայից զրկելու հարցը:

«Տաշիր կապիտալի» ներկայացուցիչներն այս պահին բացարկի միջնորդություն են ներկայացնում հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի՝ նիստին մասնակցության վերաբերյալ:

Ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ Մեսրոպյանը կողմնակալ է: Նրանք ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ Մեսրոպյանը 2023թ. նոյեմբերից «Քաղաքացիական պայմանագրի» անդամ էր:

Մեսրոպյանը 2019-20թթ․ եղել է ՀԾԿՀ անդամ, ապա՝ Կոտայքի մարզպետ։

ՀԷՑ-ը պատկանում է կալանավորված գործարար Սամվել Կարապետյանին: