Տավուշում հրդեհի դեմ պայքարը շարունակվում է․ կամավորներ են միացել, ՆԳՆ-ից նշում են՝ նոր խմբերի կարիք չկա

«Բնապահպանի տուն» նախաձեռնության ղեկավար Գոռ Հովհաննիսյանը երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում Դիլիջանի հարակից հատվածներում բռնկված հրդեհի տեսանյութով էր կիսվել ու կամավորներին հորդորել միանալ իրենց: Կեսգիշերին տարածված տեսանյութով իրենց էջերում 600-ից ավելի օգտատերեր են կիսվել, ավելի քան 130 մարդ էլ արձագանքել է:

«Առավոտյան ժամը 6-ին Դիլիջանի Միմինո արձանից պատիվ ունենք մեր երկրի համար ինչ-որ լավ բան անելու, բոլորի օգնությունը պետք է, մասշտաբները սարսափելի են», - ասում էր նա:

Այսօր առավոտյան բնապահպանն իր էջում նոր տեսանյութ էր տեղադրել այս անգամ Դիլիջանի հարակից սարերից՝ մի խումբ կամավորներով արդեն տեղում են. «Կողքից ոնց կարողացանք օգնեցինք, այս ամեն ինչը կանգնեցրինք, բայց որ նայում եք, այնտեղ լիքը տեղեր անտառներ է մտել, ու պիտի անընդհատ վերահսկվի, որովհետև քամի է լինում, կամ նորից կպնում է: Որ հարցնում եք՝ ինչո՞վ գանք, օգնենք, մենք մեր պստիկ խմբով արդեն անտառներում եք, մեզ չեք կարող միանալ: Դրա համար խորհուրդ եմ տալիս գաք, մոտենաք ԱԻՆ-ի մեքենաներին»:

Գոռ Հովհաննիսյանի հետ տեսազանգով զրուցել «Ազատությանը» չհաջողվեց՝ հեռախոսային կապը սարերում ընդհատումներով է աշխատում, բայց ասաց՝ կամավորների լրացուցիչ խմբի կարիք այս պահին դեռ չկա: Իրենք լուսաբացից են մասնակցում հրդեհաշիջման աշխատանքներին, իրենց միանալու ավելի քան 40 զանգ է ստացել:

«Իրավիճակը գնալով ավելի դեպի լավն է գնում: 2 օրը վատ էր, բայց վերջապես հավաքրվեցին ճիշտ քանակի ուժեր, ու ամեն ինչ ճիշտ կազմակերպվեց: Բավականին մեծ քանակի ԱԻՆ-ը մարդ է բերել: Ահավոր ուժեղ ծուխ է, ու շատ բան չի հասկացվում, 4 կիլոմետր երկարությամբ հրդեհային գիծ ենք հանգցրել՝ մի մասը շատ թույլ, մի մասը՝ շատ ուժեղ, մի մասը՝ արդեն անտառի մեջ՝ մի մասն արդեն անտառին էր հասնում», - նշեց նա հեռախոսազրույցում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դիլիջան «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է. ՆԳՆ

Ընդհանուր առմամբ հազարավոր փրկարարներ են մասնակցում Հայաստանի տարբեր հատվածներում բռնկված հրդեհաշիջման աշխատանքներին: ՆԳ նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը պնդում է՝ առայժմ կամավորների կարիք չկա:

«Հայտարարություններ կան կամավոր խմբերի կազմման և դեպքի վայր մեկնելու հետ կապված: Այս պահի դրությամբ Փրկարար ծառայության ստորաբաժանումները վերացնում են իրավիճակը, և կամավոր որևէ ջոկատների, խմբերի անհրաժեշտություն չկա, բայց լինելու դեպքում, բնականաբար, հավելյալ հայտարարություն կտարածենք», - ասաց նա:

Տավուշի մարզի Իջևան և Բերդ համայնքների անտառներում նույնպես հրդեհների օջախներ կային, դրանք ավելի մոտ են Բերդի կազմում գտնվող Նավուր բնակավայրին: Համայնքի ղեկավար Մհեր Նիգոյանն «Ազատությանն» ասաց՝ Բերդի համայնքապետարանի և համայնքի վարչական տարածքների 5 տասնյակ աշխատակիցներ առաջին օրերից միացել են փրկարարների աշխատանքներին: Բայց այսօր ասաց՝ կրակ չի երևում, միայն ծխացող օջախներ:

«Ծխացող օջախները հիմա համեմատաբար մի քիչ քիչ են, բայց ներքևը առաջացել է՝ Բերդից մի քիչ վերջ: Առայժմ ծուխն է բարձրանում, մի օջախ է, որ այսօր մի քիչ շատ ա, մի ամբողջ տարածք ծխապատված է: Մեր գյուղից մի 3-4 կմ ուղիղ գծով մենակ ծուխ է, կրակ չի երևում», - մանրամասնեց նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի տարբեր մարզերի անտառներում ու հանդերում լայնամասշտաբ հրդեհներ են, պատճառների մասին դեռ չեն հաղորդվում

«Բնապահպանի տուն» նախաձեռնության ղեկավարը, որ այս ոլորտում տարիների փորձ ունի, հրդեհների բռնկման վարկածներ է թվարկում՝ հիշեցնելով նախկինում արձանագրված դեպքերը. «Կարող է բնական լինել, որովհետև բնության մեջ մի քանի կոմպոնենտ խառնվելուց չորային եղանակին ինքն իրեն բռնկում կարող է առաջանալ, կարող է ապօրինի ծառերը կտրելու հետքերը թաքցնելու ինչ-որ քայլի հետևանք լինի, երբ վառում են, որպեսզի անհետանա, որովհետև հաշվարկ է հետո լինում, ու գործեր են բացում:

Բոլոր տարբերակներն էլ «Դիլիջան» ազգային պարկում ժամանակին եղել են: Նույնիսկ մի քանի անգամ մեկը մյուսից մուռ հանելու համար մի անտառապահը մյուսի տարածքում է հրդեհ կազմակերպել:

Ճիշտն ասած՝ այնքան մեծ է ու հսկայական է տարածքը, ու բռնկման աղբյուրներն էլ են մի քանիսը, որ չես կարող հաստատ ասել»:

5 օր է, ինչ Հայաստանի տարբեր հատվածներում լայնամասշտաբ հրդեհներ են, բայց Քննչական կոմիտում դեռ քրեական գործ չկա հարուցված, հետևաբար պատճառների մասին պաշտոնական վարկած էլ դեռ չի հաղորդվում: Կոմիտեից ասում են՝ կհարուցվի քրեական գործ, եթե հանցագործության մասին հաղորդում ստանան, այն դեռ չկա: