Ցմահ ազատազրկում Արցախի 5 ղեկավարների համար, Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դեպքում՝ 20 տարվա

Ադրբեջանցի մեղադրողը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել Արցախի ռազմաքաղաքական 5 ղեկավարներին՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին:

Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին Ադրբեջանի գլխավոր դատախազի ավագ օգնականը պահանջել է դատապարտել 20 տարվա ազատազրկման՝ նրանց տարիքով պայմանավորված: Ադրբեջանի քրեական օրենսգիրքը թույլ չի տալիս նախկին նախագահներին ևս ցմահ դատապարտել, քանի որ նրանց 65 տարի արդեն լրացել է:

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքուն մեղադրում մի քանի տասնյակ հոդվածներով՝ պատերազմ ծրագրելու և իրականացնելու, ցեղասպանության, բնակչության ոչնչացման, ապօրինի վերաբնակեցման, կտտանքների, կանխամտածված սպանությունների, ահաբեկչության և դրա ֆինանսավորման, հանցավոր միավորում ստեղծելու և այլ ծանր հանցագործություններ համար: Ընդորում, «հանցավոր միավորում» ձևակերպման ներքո Բաքուն նկատի ունի Արցախը, իսկ ազատագրական պայքարի ընթացքում իրականացված ինքնապաշտպանությունը ներկայացվում է որպես ահաբեկչություն:

Ցմահ ազատազրկում պահանջելով Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի համար, մեղադրողը ապացուցված է համարել, թե Հարությունյանը 1991 -ից մինչև 2023 թվականը ուղղակի և անուղղակի մասնակցություն է ունեցել Արցախի կողմից կատարված հանցագործություններին: Բաքուն, Արցախի նախկին նախագահին մեղադրել է 90-ականներին Ադրբեջանի դեմ իրականացված պատերազմի, ներառյալ Խոջալուում իրականացված գործողություններին մասնակցելու համար: Արայիկ Հարությունյանին Բաքուն նաև մեղադրել է 2023 -ի ռազմական գործողություններին մասնակցելու և խաղաղ բնակավայրերը հրթիռակոծելու համար:

Անդրադառնալով նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ադրբեջանցի մեղադրողն ասել, որ թեև Բաբայանը զենք չի վերցրել և չի մասնակցել ռազմական գործողություններին, սակայն նա անուղղակիորեն մասնակցել է Արցախի գաղափարախոսության ձևավորմանն ու իրականացմանը:

Իբրև ապացույց ներկայացվել են Դավիթ Բաբայանի հարցազրույցներն ու սոցիալական ցանցերի գրառումները, պնդելով, թե նա ոչ միայն արդարացրել է ադրբեջանական հողերի օկուպացիան, այլև կարևորել է նոր տարածքներ գրավելու անհրաժեշտությունը:

Ընդորում, Բաքուն Արցախի նախկին արտգործնախարարի մեղադրանքը ներկայացնելիս համեմատություն է անցկացրել Նացիստական Գերմանիայի ռազմական հանցագործների՝ Նյուրենբերգի դատավարության հետ, նշելով, թե պատերազմը քրեական պատասխանատվություն է նախատեսում ոչ միայն նրանց համար, ովքեր զենքը ձեռքին կռվել են, այլ այն պլանավորողների և արդարացնողների համար:

Խոսելով Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի մասին, մեղադրողը հատուկ շեշտել է, որ նա 1989 թվականից ՀՅԴ անդամ է, իսկ Դաշնակցությունն, ըստ Բաքվի, «ազգային ատելություն է տարածում ադրբեջանցիների դեմ»: Մեղադրանքում նշվում է, որ Իշխանյանը եղել է գումարտակի հրամանատար, 1989-ից 2023-ը մասնակցել է Ադրբեջանի ինքնիշխան տարածքների օկուպացիային, եղել է պատգամավոր և խորհրդարանի խոսնակ: Դավիթ Իշխանյանն, ի դեպ, Արցախի խորհրդարանի նախագահ էր ընտրվել 2023 -ի օգոստոսին, այդ պաշտոնում մինչև գերեվարվելը հասցրեց աշխատել ընդամենը 2 ամիս:

Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի դեպքում էլ ադրբեջանցի դատախազը հատուկ շեշտել է այն հանգամանքը, որ նա 1992 -ին ծառայել է «Շուշիի» առանձնակի գումարտակում, որը կազմված էր դաշնակցական կամավորականների ջոկատներից: Իսկ այդ գումարտակն, ըստ Բաքվի, մասնակցել է Հադրութի, Ասկերանի, Շուշիի, Աղդամի, Քելբաջարի և այլ տարածքների գրավմանը:

Բաքվի զինվորական դատարանում ընթացող դատավարության մյուս մասնակիցների համար մեղադրողը պահանջել է 16 -ից մինչև 20 տարվա ազատազրկում:

«Դաժան պատիժը սպասելի էր». հարազատների արձագանքը

«Սպասում էինք, որ էդպիսի դաժան պատիժ պետք է լինի», - ասաց գերիներից մեկի հարազատը:

Բաքվի ռազմական դատարանում խիստ պատժաչափերի առջև կանգնած հայ գերիների հարազատները, որոնց չենք ներկայացնում անվտանգության նկատառումներով, ասում են, որ իրենց համար սպասելի էր ցմահից մինչև 20 տարվա ազատազրկման պահանջը, քանի որ շուրջ 1 տարի շարունակվող դատավարությունը ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթաց է: Եվ դա է պատճառը, որ ըստ հարազատների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի էլ փորձել Ադրբեջանում փաստաբան վարձել, բացառությամբ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի:

«Էս վերջերս Ռուբեն Վարդանյանն էլ հրաժարվեց իր պաշտպանից, որովհետև անիմաստ էր այդ շոուին մասնակցելը», - նշեց «Ազատության» զրուցակիցը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սա հարկադրված որոշում էր». Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները

Ի դեպ, հարազատների փոխանցմամբ՝ դատավարությունը լուսաբանող միակ լրատվամիջոցը՝ ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարություններն ու արտահայտած մտքերը ամբողջությամբ չի փոխանցում, խմբագրում է, հաճախ սխալ թարգմանում, ինչը նույնպես պետական մակարդակով ընթացող շոուի մի մաս է. «Տեղեկացրել են մեր հարազատները, որ իրենք այնտեղ շատ ավելի են խոսում, շատ ավելի բաց ես խոսում, բայց չի ներկայացվում»:

Տարիներով իրենց հայրերին, ամուսիններին, եղբայրներին դատավարության միջոցով հետևող հարազատները դժգոհում են, որ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատած Հայաստանի կառավարությունը գործուն քայլեր չի ձեռնարկում հայ գերիներին ազատ արձակելու համար: Հարազատների փոխանցմամբ՝ անցած 2 տարիների ընթացքում գոնե մեկ անգամ կառավարության որևէ ներկայացուցիչ գերիների ընտանիքներին չի հանդիպել, չի խոսել:

«Ինձ թվում է՝ մենք պետք է տեղյակ լինեինք, եթե ինչ-որ գործընթաց անում են: Գոնե կառավարության ինչ-որ ներկայացուցիչ պիտի մեր հետ այս երկու տարվա ընթացքում հանդիպեր», - ասաց գերիներից մեկի հարազատը:

Օրերս խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց իր մոտեցումը՝ խաղաղությունն է, որ կնպաստի նաև գերիների ազատ արձակմանը:

«Ես էլ ասում եմ՝ ինչքան բարենպաստ լինի միջավայրը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այդքան ավելի հեշտ կլուծվի նաև այդ հարցը», - նշել է Փաշինյանը: