Թթվածին չկա, փոշին խեղդում է. Երևանի օդի աղտոտվածությունը զայրացրել է քաղաքացիներին

Երևանի օդի աղտոտվածությունը ոչ միայն անհանգստացրել, այլև զայրացրել է քաղաքացիներին, որոնց փոշու դեմ պայքարելու մի տարբերակ է մնացել՝ այն էլ, ասում են՝ անարդյունք։

Քաղաքացիների խոսքով.- «Թթվածին չկա, փոշին խեղդում է, շատ մտահոգված եմ, անհանգստացած», «Տունը 5 անգամ շինաղբ ենք մաքրում, այդպիսի վիճակ է», «Տանը մի քանի անգամ էլ մաքրենք, մեկ է՝ փոշին նստում է»:

«Նույն փողոցը երկու շաբաթը մեկ քանդում են, փոշի չի՞»

Քաղաքացիները օդի աղտոտվածության գլխավոր պատճառներից են համարում Երևանում շինհրապարակների, մեքենաների մեծ թիվը, շարունակվող ծառահատումները։ «Փողոցների ծանրաբեռնվածությունը, մեքենաների գազերի բաց թողելը, որի՞ մասին խոսենք: Էլ շինարարության մասին չենք ասում: Նույն փողոցը երկու շաբաթը մեկ քանդում են, էս ամբողջը փոշի չի՞», «Շինհրապարակ է մեր քաղաքը, դեմքը կորցրած քաղաք դարձավ մեր քաղաքը», «Աղտոված է, մանավանդ, եթե բարձր դիրքից ես նայում մայրաքաղաքին»,- ասում են քաղաքացիները:

Միայն մայրաքաղաքի հյուրերը դեռ չեն շտապում դժգոհել օդի աղտոտվածությունից. «Գյումրիից եմ, էստեղ չեմ զգացել», «Երևանից չենք, էստեղ պետք է մի քիչ երկար մնանք, որ զգանք կեղտոտությունը: Տրամադրված չենք նկատելու, սիրում ենք մեր մայրաքաղաքը, ուզում ենք, որ շատ լավը լինի»:

Քաղաքացիներից մեկն էլ այսօր շտապել էր դիմակ դնել՝ փոշուց պաշտպանվելու համար, ասում է. «Ես գրիպ եմ, բայց նաև օդի աղտոտվածության պատաճռով եմ դիմակ դրել։ Հիմա օդը աղտոտված է, բայց ընդհանուր լավ է: Բայց հիմա ինչ-որ սարսափելի բան է տեղի ունենում, գուցե անտառային հրդեհներն են պատճառը»:

Հատկապես բարձր կետերից ավելի տեսանելի է փոշու թանձր շերտը, որ աշնան ու ձմռան օրերին քամու բացակայության պատճառով երկար է պահպանվում մայրաքաղաքում։ Փոշու քանակը միայն վերջին օրերին սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից Կենտրոնում մինչև 4 անգամ, Արաբկիրում՝ մինչև 1.6 անգամ բարձր է եղել։ Սա Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով, որոնք թարմացվում են շաբաթը մեկ։ Երևանի քաղաքապետարանի սարքերը, որոնք տեղադրված են մայրաքաղաքի շինհրապարակներում մեկ ժամ պարբերականությամբ են տվյալներ տալիս օդի աղտոտվածության մասին։ 177 տվիչներից ստացված տվյաներով՝ աշխատաքնային օրվա ավարտին փոշու քանակը սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից մի փոքր էր բարձր։

Քաղաքապետը՝ պատճառների մասին

Քաղաքային իշխանություններն էլ են ընդունում՝ Երևանում օդի որակն ակնհայտորեն վատացել է։ Քաղաքապետ Ավինյանը, սակայն, պնդում է՝ դրան նպաստող պատճառներից մեկը ջեռուցման սեզոնն է, մարզերում չդադարող հրդեհները։

«Օդի որակի խնդիրները Երևան քաղաքում ունեն տասնամյակների պատմություն և խնդիրը բազմաշերտ է: Առաջին հերթին պայմանավորված է ջեռուցման սեզոնով: Այս մի քանի օրը պայմանավորված է նաև որոշակի հրդեհներով, որոնք տեղի են ունենում ՀՀ տարբեր հատվածներում, բայց ամենակարևոր, ամենաբարդ հատվածը, իհարկե մեր աշխարհագրական դիրքն է և Արարատյան գոգավորության հատվածում կուտակվող և չշարժվող օդը», - ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Հանրային մեծ դժգոհության ֆոնին քաղաքապետը նոր խոստումներ էր տալիս. «Մենք շուտով կխոսենք նաև, թե ինչեր է պատրաստվում անել Երևանի քաղաքապետարանը, ինչ համագործակցության շրջանակ ենք պատկերացնում մեր Շրջակա միջավայրի նախարարության, մեր տեսչական մարմնի, Հիդրոօդերևութաբանության կենտրոնի հետ: Կարծում եմ՝ նաև կհրավիրենք երևանցիներին, ովքեր հետաքրքրված են խնդրով և, նաև, կտեղեկացնենք, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում այդ առումով»:

Ընդդիմությունն իր հերթին քաղաքային իշխանության բացթողումներ է տեսնում այս ամենում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, հանրային առողջապահության փորձագետ Քրիստինե Վարդանյանի խոսքով. «Քաղաքապետարանը պետք է շատ լուրջ ուսումնասիրի այն խնդիրները, որոնք ինքն անձամբ ստեղծել է և՛ նախկին իշխանության օրոք, և՛ այսօր շարունակաբար, բայց այն ծավալը, որ այսօր ունենք, ես չեմ հիշում, որ այսպիսի բան է տեղի ունեցել, որ մեզ մոտ փողոցներում բոլոր ծառերը փտեցին և ուղղակի պետք է որպես փրկություն՝ դա ներկայացվում է որպես բարի կամք, որպես շատ լավ աշխատանք, պետք է հատվեին Երևանի կենտրոնի ծառերը: Այս սեզոնին նաև օդափոխության խնդիր է լինելու, քամիների բացակայություն, բայց սա չի խոսում այն մասին, որ մենք մնացած սեզոններին ունենք արտակարգ վիճակ: Մենք ունենք մոտ վիճակ, ուղղակի անընդհատ կա այդ քամին, որը պարբերաբար փոփոխություններ է առաջացնում», - ընդգծում է Վարդանյանը:

Մասնագետներն ահազանգում են հիվանդությունների առաջացման վտանգի մասին

Մինչ քաղաքային իշխանությունները խոստանում են՝ լուծել օդի աղտոտվածության խնդիրները, մասնագետներն ահազանգում են՝ փոշին, մյուս թունավոր նյութերը բազմաթիվ հիվանդությունների առաջացման ռիսկերն են բարձրացնում։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Ռուբեն Գրիգորյանն ասում է. «Օդի աղտոտվածության բարձր մակարդակը բնականաբար ռիսկի գործոն է հանդիսանում քաղաքացիների առողջության տեսակյունից: Բայց, այստեղ շատ կարևոր է մի քանի հանգամանք, մասնավորապես՝ օդի աղտոտվածության որ ցուցանիշներով է աղտոտված օդը, ինչ ժամանակահատվածում է օդի աղտոտվածությունը տևել, և չմոռանանք, որ մեր հիվանդությունների առաջացման պատճառները բազմագործոն են, ունենք վարքագծային գործոններ, որ մի գործոնով չի կարելի նշել, որ այս կամ այն հիվանդությունը կարող է բարձրանալ, սակայն ռիսկի գործոնը կա, առկա է, փաստ է, որ աղտոտվածության բարձր մակադակը կարող է նպաստել որոշակի հիվանդությունների զարգացմանը»:

Օդի աղտոտվածությունը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, կարող է հանգեցնել թոքերի գործունեության նվազման, շնչառական վարակների, ասթմայի սրացմանը, ինչպես նաև առաջացնել կաթված, սրտի հիվանդություններ, քաղցկեղ։