Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց փոխել Վարդան Ղուկասյանի կալանքը

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյան, արխիվ

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է փոխել կոռուպցիայի համար մեղադրվող Գյումրիի քաղաքապետի կալանքը: Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ բանտում: Փաստաբան Արամայիս Հայրապետյանը «Ազատությանն» ասաց՝ դատարանի հիմնավորումներին կծանոթանան, երբ իրենց ձեռքի տակ լինի դատական ակտը: Ամեն դեպքում, պնդում է, 21 էջից բաղկացած լուրջ հիմնավորումներ էին ներկայացրել՝ Ղուկասյանի բանտային պայմանների, առողջական խնդիրների մասին:

«Ապացույցները, հիմնավորումները, իմ կարծիքով, պաշտպանության կողմի, ինքը բավականին հարուստ էր և հիմնավոր, բայց հաշվի առնելով էն բոլոր մտահոգությունները, որ տևական ժամանակ մենք բարձրաձայնում ենք՝ կապված քաղաքական ճնշումների հետ, շատ դժվար է ակնկալել, որ որևէ դատարան, էս փուլում առնվազն, արդարադատություն կիրականացնի: Դրա վերաբերյալ լրջագույն կասկածներ մենք ունենք, էն ձև չի, որ միամիտ ենք և կարծում ենք, որ պետք է մեր գրածին նայեն մինչև վերջ կամ օրենքին նայեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը՝ շարունակելով. - «Բայց քանի որ չունենք Վերաքննիչ դատարանի որոշումը, բովանդակային առումով թույլ տվեք էս պահին որևէ գնահատական չտալ, երբ որ արդեն կծանոթանամ բովանդակությանը, էդ ժամանակ հայտարարություն կտարածենք»:

Նաև սպասում են գլխավոր դատախազին ուղղված իրենց բողոքի պատասխանին: Այս դեպքում խոսքը Հակակոռուպցիան կոմիտեի քննիչի կայացրած՝ երկու խափանման միջոցների որոշումների մասին է. դրանցից մեկով կալանք է նշանակված, մյուսով՝ միայն պաշտոնի կասեցում ու բացակայելու արգելք: «Ազատության» տեղեկություններով՝ այլընտրանքային խափանման միջոցի վերաբերյալ քննիչի որոշումը չեղարկվել է: Արամայիս Հայրապետյանը հաստատում է տեղեկությունը և կարծիք հայտնում, որ անկախ որոշման չեղարկումից՝ Ղուկասյանի կալանքը պետք է փոխվեր:

«Առաջին բողոքի պատասխանի մեջ հպանցիկ գրված է, որ պաշտոնավարման կասեցումը չեղարկվել է, բայց որոշում չունենք՝ ինչ հիմքով է չեղարկվել: Բայց դա ոչինչ չի փոխում, որովհետև մենք ասում ենք՝ եթե անգամ հիմա չեղարկվել է, պետք է արձանագրվի, որ 21-ը հոկտեմբերի 25 թվականի առնվազ անձը ենթակա է եղել ազատ արձակման, սա՝ մեկ, հետևաբար՝ եթե դրանից 10 օր հետո դուք ակտը չեղարկում եք՝ պաշտոնավարման կասեցումը, դա իրավիճակ չի փոխում, պետք է անձին ազատ արձակած լինեն: Եվ երկրորդը՝ միայն էդ ակտը չէ, նաև կա բացակայելու արգելք, որը կրկին բացառում է կալանքի կիրառման հնարավորությունը», - նշեց Հայրապետյանը:

Գլխավոր դատախազության պատասխանից է կախված, եթե բացասական լինի, ապա կդիմեն դատարան. - «Սպասենք, տեսնենք՝ գլխավոր դատախազը ինչ պատասխան կտա մեր էդ բողոքին: Եթե արդյունքի չհասանք, բնականաբար, էդ ուղղությամբ էլ դատարան ենք դիմելու իրավունքի խախտումը ճանաչելու խնդրանքով»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Անձնական բժիշկը երկու օր է՝ չի կարողանում տեսակցել Գյումրիի քաղաքապետին. փաստաբան«Կա պաշտոնավարման ու բացակայելու արգելքի մասին որոշում». փաստաբանները պահանջում են ազատ արձակել Գյումրիի քաղաքապետինԳյումրիի քաղաքապետին հիվանդանոցից տեղափոխել են կալանավայրԳյումրիի քաղաքապետին բանտից տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան«Կալանքի հետ այլ խափանման միջոց կիրառելի չէ». Ղուկասյանի փաստաբանները հայտարարում են՝ իրենց ձեռքի տակ երկու որոշում ունեն

Ղուկասյանի ձերբակալության օրը քաղաքապետարանի դիմաց Երևանից Գյումրի բերված մեծաթիվ ոստիկանների ու նրա աջակիցների միջև բախում եղավ: Չորս տասնյակից ավելի մարդ զանգվածային անկարգություններին մասնակցելու, դրդելու մեղադրանքով կալանավորվեց: Նրանց թվում էր նաև ընդդիմադիր «Մեր ձևով» շարժման Գյումրիի համակարգող, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը, ով մեկ ամիս բանտում պահվելուց հետո օրերս ազատ արձակվեց: Դատախազությունը, սակայն, համաձայն չէ Վերաքննիչ դատարանի որոշմանը և բողոքարկելու է: Մխիթարյանի փաստաբան Լիաննա Գասպարյանի համար սա կանխատեսելի զարգացում էր:

«Մենք որևիցե կերպ չենք էլ մտածել, որ հնարավոր է չբողոքարկվի էդ դատական ակտը: Ինչպես պայքարել ենք, այդպես ևս շարունակելու ենք պայքարել», - ասաց Գասպարյանը:

Ռուբեն Մխիթարյանը պատմում է՝ այդ օրը Երևանից Գյումրի է եկել, որ կարողանա մուտք գործել քաղաքապետարան ու որպես փաստաբան Վարդան Ղուկասյանին իրավական աջակցություն ցուցաբերի: Դժվարությամբ կարողացել է մուտք գործել քաղաքապետարան, ու երբ Ղուկասյանին ձերբակալել ու տեղափոխել են, գնացել է քաղաքապետարանի դիմաց, փորձել հավաքվածներին աջակցել որպես փաստաբան. - «Ձեռքերս բարձրացրած մտել եմ թե՛ ոստիկանների և թե՛ քաղաքացիների մեջտեղը, այսինքն՝ ես չեմ եղել բարիկադից այս կողմ կամ այն կողմ և մտել եմ երկուսի մեջտեղը, փորձել եմ հանգստության կոչեր անել: Էդ երևի թե, ըստ զգացողության և նաև տեսագրություններից էլ պարզվեց, որ տևել է մոտավորապես 19-ից 20 վայրկյան, ձեռքերս բաց վիճակով կանգնած եմ եղել, ու էդ պահին ինձ, առնվազն իմ համար անհասկանալի պայմաններում, բերման են ենթարկում»:

Մխիթարյանի փաստաբանը աբսուրդ է համարում, որ մեկ ոստիկանի ցուցմունքը բավարար է եղել կալանավորելու համար: Իսկ ամենազավեշտալին համարում են ոստիկանական ցուցմունքները:

«Ձերբակալման արձանագրություն կազմել է այլ անձ՝ ոստիկան, իսկ հարցաքննվել է այլ անձ, որը որ ընդհանրապես Ռուբեն Մխիթարյանի ձերբակալման հետ առնչություն չի ունեցել; Երբ որ մենք էդ տեսագրությունն ենք դիտում հարցաքննության, նա անգամ Ռուբեն Մխիթարյանին չէր էլ ճանաչում», - ընդգծեց Լիաննա Գասպարյանը:

Զանգվածային անկարգություններին մասնակցելու, դրանց դրդելու, արդարադատությանը խոչընդոտելու հոդվածներով հարուցված գործով 43 մեղադրյալ կա, այս պահին կալանքի տակ են նրանցից 23-ը:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դատախազությունը կբողոքարկի Գյումրիի գործով անցնող երեք հոգու կալանքից ազատումըԳյումրիի դեպքերի գործով երկու մեղադրյալ ազատ կարձակվի կալանքիցԳյումրիի ավագանու երեք անդամ անազատության մեջ․ Կոմկուսը փորձում է պահպանել ընդդիմության մեծամասնությունը ավագանիումԳյումրիի քաղաքապետարանի դիմացից ձերբակալված 15 մարդ կալանավորվել է