Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինական պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովն այսօր Բրյուսելում բանակցություններ կվարի եվրոպական առաջնորդների ազգային անվտանգության խորհրդականների հետ, ապա կմեկնի ԱՄՆ:
Զելենսկին Telegram-ում գրել է. «Ուկրաինայի ներկայացուցիչները Եվրոպայում իրենց գործընկերներին կտեղեկացնեն այն, ինչ հայտնի է երեկ Մոսկվայում ամերիկյան կողմի հետ շփումներից»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մենք Ուկրաինայում խաղաղությանը մոտ չենք. Կրեմլը՝ ռուս-ամերիկյան 5 ժամ տևած բանակցությունների մասինԵրեկ Մոսկվայում տեղի ունցեցած ռուս-ամերիկյան բանակցություններից հետո ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարեց, որ Ուկրաինայում խաղաղության հարցով Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները չեն հասել փոխզիջման, և խաղաղությունը ո՛չ մոտ է, ո՛չ էլ հեռու: Նա նշել է, որ կողմերը չեն կարողացել փոխզիջման գնալ ամենաբարդ հարցերից մեկի՝ տարածքային վեճերի շուրջ։
«Կողմերը քննարկել են խաղաղության ծրագրի մի քանի տարբերակներ, այդ թվում՝ տարածքների հարցը և համաձայնել են շարունակել շփումները: Ուկրաինայի համար դեռևս փոխզիջումային ծրագիր չկա. որոշ ամերիկյան առաջարկներ ընդունելի են Ռուսաստանի համար, իսկ մյուսները՝ ոչ», - ասել է ՌԴ նախագահի օգնականը:
Նախքան բանակցությունների ավարտը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դուբլինում ելույթ ունենալով հայտարարել էր, որ ամեն ինչ կախված կլինի Մոսկվայում կայանալիք բանակցություններից, բայցև վախենում է, որ Միացյալ Նահանգները կարող է կորցնել հետաքրքրությունը խաղաղության գործընթացի նկատմամբ։
«Հեշտ լուծումներ չեն լինի... Կարևոր է, որ ամեն ինչ արդար և բաց լինի, որպեսզի Ուկրաինայի մեջքի հետևում խաղեր չլինեն», - հայտարարել է Զելենսկին: