30-ամյա Զվարթ Բաղդասարյանը 2 տարում ընկերներից մեկի հետ հայկական լեռնաշխարհի 7 ամենաբարձր գագաթներն է բարձրացել:
Զվարթը ծրագրավորող է, արշավական կյանքը սկսվել է 5 տարի առաջ ծննդյան նվերից. «Ծննդյանս օրը ինձ արշավական կոշիկներ էին նվիրել ու ասացին՝ դե գնանք արշավի: Ու գնացինք Խուստուփ», - պատմում է Զվարթը ու շարունակում. «Ինչ-որ պահի հասկացա, որ արշավների գնալը, բնությունը, մարդկանց հետ շփվելը, քաղաքի առօրյայից կտրվելը, այդ ամենը հանգստություն է քեզ ապահովում: Հասկացա, որ դա իմ գտած ամենալավ հանգստանալու միջոցն է ու սկսեցի շատ արշավել»:
Զվարթն իրեն սիրողական արշավական է համարում, բայց պրոֆեսիոնալ դառնալու ճանապարհին է: Հիմա տարբերակներ է փնտրում ու առաջարկում՝ սերտիֆիկացված դասընթացներից սովորելու. «Աշխատանք չեմ դիտարկել ու դիտարկում: Երբ ինչ-որ բան շատ ես սիրում, դա պետք է անես առանց սպասելիքների: Ու, եթե դա ինչ-որ արդյունք է տալու՝ կտա, եթե չի տալու, արդյունքում քեզ կմնա քո վայելած էմոցիաները, իսկ սպասելիքները շատ հաճախ շատ բան փչացնում են: Դրա համար պետք է ուղղակի ապրել»:
Պատմում է, թե ինչու է սիրտը նաև ուզել սարերի, քարերի ու անտառների միջով մենակ քայլել. «Տեղեր կան, որ մենակ եմ գնում, օրինակ՝ քայլարշավներին: Երբ մենակ ես ճամփորդում ու ճամփորդում ես մարդկանց հետ, դրանք տարբեր փորձառություններ ե: Մենակ գնալը շատ հաճախ քեզ հնարավորություն է տալիս զգալ, հասկանալ, թե ինչքանով է քեզ հաճելի քեզ հետ կամ ինչքանով ես դու քեզ հետաքրքիր»:
Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում.