Խոշոր կառուցապատող ընկերություններում ներդրված սարքերից ստացվող տվյալները ցույց են տալիս, որ օդի որակը Երևանում նոյեմբերի կեսերից վատթարանում է և սկսում է բարելավվել մարտի կեսերից, գործակարգավարական խորհրդակցությանն արձանագրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ըստ նրա՝ պատճառներից առաջինը քաղաքի աշխարհագրական դիրքն է, ապա այս ժամանակահատվածում նաև որոշակի եղանակային պայմանները:
Փոշու քանակը միայն վերջին շաբաթը սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից Կենտրոնում մինչև 4 անգամ, Արաբկիրում՝ մինչև 1.6 անգամ բարձր է եղել՝ համաձայն Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի։
Քաղաքապետի խոսքով՝ երկարաժամկետ կտրվածքով լուծումները բարդ են՝ հարյուրավոր հեկտարներով նոր անտառածածկ, մշտադալար կանաչապատ տարածքներ: Կարճաժամկետ լուծումները, Ավինյանի համոզմամբ, կարող են ինչ-որ չափով բարելավել իրավիճակը:
«10 օր ճիշտ, թիրախային աշխատանքի դեպքում մենք կարող է հնարավորություն ունենանք մոտ 20 տոկոսի ազդեցություն ունենալ», - նշեց նա:
Երևանի քաղաքապետը հավելեց, որ մարդածին գործոններն ավելի փոքր ազդեցություն ունեն:
Մասնագետները շարունակում ահազանգում են՝ փոշին, մյուս թունավոր նյութերը բազմաթիվ հիվանդությունների առաջացման ռիսկերն են բարձրացնում։ Ընդդիմությունն էլ մեղադրում է իշխանություններին համապատասխան քայլեր չձեռնարկելու մեջ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թթվածին չկա, փոշին խեղդում է. Երևանի օդի աղտոտվածությունը զայրացրել է քաղաքացիներին