Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, թե Վաշինգտոնը չի չեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները այդ երկրի հետ բանակցություններ սկսելու դիմաց: «Ոչ, շնորհակալություն»,- Թվիթերում գրել է Դոնալդ Թրամփը` արձագանքելով Իրանի արտգործնախարարի վերջին առաջարկին:
Նախօրեին Ջավադ Զարիֆը գերմանական Der Spiegel-ի հետ զրույցում ասել էր, թե Թեհրանը պատրաստ է շարունակել բանակցությունները, եթե Վաշինգտոնը չեղարկի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները:
Տարեսկզբին երկու երկրների առանց այդ էլ լարված հարաբերություններն էլ ավելի սրվեցին, երբ ամերիկյան օդուժի հարվածներից Բաղդադում սպանվեց իրանցի ազդեցիկ զինվորական Քասեմ Սոլեյմանին, Թեհրանն էլ ի պատասխան հարվածեց Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայաններին: