ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Բրյուսելում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ:
X-ում արված գրառմամբ՝ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը նշել է. «Մենք կակտիվացնենք աշխատանքները՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին»:
Մարթա Կոսը հավելել է նաև. «Թուրքիան Հարավային Կովկասի, Միջերկրածովյան և Սևծովյան տարածաշրջանների կայունության կարևոր գործընկեր է»:
ՀՀ ԱԳՆ-ն այսօր հաղորդեց, որ Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումը: Արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Զրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգի հաստատումը և երկուստեք ընդգծել դրանով նախատեսված բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ ակտիվ աշխատելու պատրաստակամությունը»։ Հաղորդվում է, որ քննարկվել են նաև ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները։