«Հայաստանի կառավարության տիրապետության ներքո Քի Վեսթի փաստաթուղթ չկա»,- այսօր խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե ինչո՞ւ կառավարությունը բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթերը հրապարակելիս Քի Վեսթի փաստաթուղթը չի հրապարակել:
«Ես շատ մտածել եմ, թե ինչո՞ւ չկա, և իմ պատասխանը մեկն է՝ որովհետև դա նույնիսկ բանակցային լիարժեք փաստաթուղթ չի եղել, դա եղել է դավադրություն: Եվ դա է պատճառը, որ էդ համատեքստում տեղի է ունեցել Հոկտեմբերի 27 -ը և դրան նախորդած և հաջորդած իրադարձությունները: Ուրիշ բացատրություն չկա», - նշեց վարչապետը:
Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, հակադարձեց՝ Փաշինյանը չի հրապարակել բանակցային գործընթացին վերաբերող այդ փաստաթուղթը, քանի որ դա իրեն «ձեռք չի տվել»:
«Որովհետև Քի Վեսթով Արցախը Լաչինի միջանցքով միանում էր Հայաստանին: էդքան վատն է, գտեք և հրապարակեք»,- հորդորեց Ագնեսա Խամոյանը: Ի պատասխան Փաշինյանը կոչ արեց, որ հենց ընդդիմությունն էլ դա անի, եթե ունի Քի Վեսթի փաստաթուղթը:
«Դուք հրապարակեք Քի վեսթի թուղը, մենք չունենք, տվեք էդ թուղթը, կստուգենք, կապագաղտնիացնենք, կհրապարակենք», - ասաց վարչապետը: