Չնայած աղքատության պատճառների մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հաճախ կրկնվող թեզին՝ պաշտոնական վիճակագրությունը փաստում է՝ Հայաստանում աղքատության ճիրաններից բարձրագույն կրթություն ստացածներն էլ չեն կարողանում դուրս գալ:
«Եթե աշխատանքը արդյունք չի տալիս, այսինքն՝ կարճ ասած՝ եթե աշխատանքը մարդու բարեկեցությունը չի ապահովում, ինչ՞ է պետք անել, պետք է վերադառնալ կրթությանը, աշխատանքային հմտությունների զարգացմանը: Եթե դրանից հետո էլի իր աշխատանքն իր բարեկեցությունը չի ապահովում, էլի է պետք վերադառնալ կրթությանը և աշխատանքային հմտությունների զարգացմանը, և սա պետք է լինի մեր քաղաքականությունն աշխատանքի ոլորտում», - ավելի վաղ ասել էր վարչապետը:
Խոսուն թվեր
Կրթության ու լավ կենսամակարդակի մասին դիֆերամբներին զուգահեռ թվերը խոսուն են՝ բուհ ավարտած ավելի քան 100 հազար մարդ աղքատության մեջ է ապրում, 2024-ի տվյալներով՝ նրանք չեն կարողացել ամսական գոնե 53 հազար դրամ ծախսել: Վիճակագրական կոմիտեն մի քանի օր առաջ հրապարակեց Հայաստանի սոցիալական պատկերն ամփոփող տարեկան զեկույցը: Վերջին տվյալներով՝ բնակչության մոտ 22 տոկոսը կամ ավելի քան 660 հազար մարդ պաշտոնապես աղքատ է: Ավելի քան 18 հազար մարդ ծայրահեղ աղքատության մեջ է ապրում, 2024-ին ամսական նույնիսկ 29 հազար դրամ ծախսելու, գոյատևելու համար ամենաանհրաժեշտը գնել չի կարողացել: Ծայրահեղ աղքատների թվում նաև բարձրագույն կրթություն ունեցողներ կան:
Չքավորության ամենացածր այս մակարդակում չպետք է գտնվի և ոչ մի մարդ, ու սա ոչ թե ինչ-որ մեկի բարի ցանկությունն է, այլ կառավարության ստանձնած հիմնական պարտավորություններից մեկը: 2021-ին ընդունված հնգամյա ծրագրում խոստացել են վերացնել ծայրահեղ աղքատությունը, վիճակագրությունը փաստում է՝ առայժմ խնդիրը լուծել չի հաջողվել:
Հայաստանում մոտ 150 հազար աշխատող աղքատ կա
«Աղքատությունը՝ կլինի ծայրահեղ, թե այլ, հաղթահարվում է աշխատանքով», - վարչապետ Փաշինյանի տեսակետն է:
Աղքատության մասին խոսելիս կրթությանը զուգահեռ իշխանականները նաև աշխատանքի կարևորության մասին են խոսում: Իրենց իսկ տված խոստումը չկատարելու պատճառների մասին խոսելու փոխարեն վարչապետը հաճախ սլաքները թեքում է իրենց կողմից ու կրկնում իր բանաձևը՝ աղքատությունն ընտրություն է. «Ոչ մեկ պարտավոր չի գնա առավոտից իրիկուն աշխատի, որ դու քո 7 անգամ ռեմոնտ արած դիվանի վրա պառկես ու սերիալ նայես»:
Մինչդեռ ծայրահեղ աղքատներ կան նաև աշխատողների թվում, 2024-ին գործ ունեցողների 0.4 տոկոսը կյանքի համար առաջին անհրաժեշտության ապրանք չի կարողացել գնել, պաշտոնական թվերի հիմքով մոտավոր հաշվարկը վկայում է, որ այդ պայմաններում են ապրում աշխատանք ունեցող ավելի քան 3 հազար քաղաքացիներ, խոսքը միայն ծայրահեղ չքավորության մասին է: Աղքատության ընդհանուր մակարդակը գործ ունեցողների շրջանում 19 տոկոս է կազմել, այսինքն՝ Հայաստանում մոտ 150 հազար աշխատող աղքատ կա:
«Հայաստանի Հանրապետությունում այլևս աղքատության պատճառն այն չէ, որ աշխատատեղ չկա, չկա, այդ պրոբլեմը վաղուց վերացված է, հակառակ դեպքում չէր լինի, որ հազարավոր, էլ չեմ ասում տասնյակ հազարավոր մարդիկ ուրիշ տեղերից գային, Հայաստանում աշխատեին և ուրիշ տեղերում իրենց ընտանիքները պահեին», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Իր այս վերջին ելույթում, սակայն, վարչապետը չի անդրադարձել գործազրկության երկնիշ ցուցանիշներին, ոչ էլ հիշատակել այն 10 տոկոսից նվազեցնելու կառավարության խոստումը:
Այլ երկրների համեմատությամբ
Պաշտոնապես գործազուրկ են համարվում այն մարդիկ, որոնք ցանկանում են աշխատել, գործ են փնտրում, սակայն չեն գտնում: Ահա այս ցուցանիշով, ըստ Համաշխարհային բանկի, Հայաստանը հետխորհրդային երկրների շարքում հետնապահների թվում է:
Աղքատությունը նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է:
Համաշխարհային բանկը չքավորությունը գնահատելու համար մի քանի հաշվարկ է իրականացնում, աղքատության ստորին շեմն այժմ, ըստ Համաշխարհային բանկի, օրական 3 դոլարն է՝ գնողունակության համարժեքությամբ, եթե մարդիկ այդքան ծախսել չեն կարողանում, հայտնվում են խմբում:
Այս վիճակագրությունն էլ իր հերթին վկայում է, որ 2007 թվականից հետո մեծ փոփոխություններ առանձնապես չկան, վերջին տվյալներով՝ այդ պայմաններում է ապրում 60 հազար մարդ: Աղքատության վերին շեմն օրական 8.3 դոլարն է, այդ հաշվարկով Հայաստանի վիճակագրությունը վատագույններից է հետխորհրդային երկրների շարքում, բնակչության ավելի քան 56 տոկոսը, 2023-ի տվյալներով, աղքատության մեջ է ապրում: Ավելի վատ ցուցանիշ ունի միայն Ղրղզստանը: Ադրբեջանը վաղուց վիճակագրությամբ չի կիսվում, Ուկրաինայի վերաբերյալ տվյալներն էլ 2020-ից հետո չեն թարմացվել:
Հայաստանի ամենաաղքատ մարզը
Հայաստանի վիճակագրական կոմիտեի վերջին զեկույցը աղքատության ցուցանիշների բացվածքն է ցույց տալիս, հատկապես խոցելի են անչափահասները, մինչև 5 տարեկանների ավելի քան 30 տոկոսը կամ շուրջ 55 հազար երեխա աղքատության մեջ է ապրում, բարձր են նաև մանկական ծայրահեղ աղքատության թվերը, 5-ից 9 տարեկան հազարավոր երեխաների համար ընտանիքները բավարար մթերք գնել չեն կարողանում: Ծայրահեղ չքավորության թվերը բարձր են նաև երիտասարդների շարքում. 25-ից 29 տարեկանների 1.1 տոկոսը կամ մոտավոր հաշվարկով՝ շուրջ 2000 երիտասարդ 2024-ին ի վիճակի չի եղել անհրաժեշտ ապրանք գնել: Այդ տարիքային խմբում աշխատողների ընդհանուր, թիվը վերջին տվյալներով, ավելի քան 110 հազար է, 51 հազար երիտասարդ տարբեր պատճառներով չի աշխատում:
Հայաստանի ամենաաղքատ մարզը դարձյալ Շիրակն է, բնակչության 43 տոկոսը շարունակում է աղքատության մեջ ապրել, հաջորդում է Տավուշը՝ 40 տոկոս ցուցանիշով, Վայոց Ձորում պաշտոնապես աղքատ է բնակչության 30.3 տոկոսով: Ամենացածր թվերը դարձյալ Սյունիքում են, որտեղ գործում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:
Հայտնի ֆրանսիացի տնտեսագետ Տոմա Պիկետիի գխավորությամբ գործող World Inequality Database-ի տվյալներով՝ անկախությունից հետո այս խնդիրը չի լուծվում, Հայաստանի ամբողջ հարստության մոտ 60 տոկոսը բնակչության ամենահարուստ 10 տոկոսին է պատկանում, աղքատ 50 տոկոսի մասնաբաժինը 5 տոկոսի էլ չի հասնում:
Ամբողջական տարբերակը՝ տեսանյութում՝ քիչ հետո