Մատչելիության հղումներ

Բանակցությունները Կրեմլում՝ «օգտակար, կառուցողական և իմաստալից, սակայն փոխզիջումային լուծում դեռ չկա»


Ռուսաստան - Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ, Մոսկվա, Կրեմլ, 2-ը դեկտեմբերի, 2025թ.
Ռուսաստան - Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ, Մոսկվա, Կրեմլ, 2-ը դեկտեմբերի, 2025թ.

Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով Կրեմլում երեկ տեղի ունեցած ռուս-ամերիկյան բանակցությունները օգտակար էին, կառուցողական և իմաստալից, սակայն փոխզիջումային լուծում դեռ չկա, խաղաղությունն էլ ո՛չ մոտ է, ո՛չ հեռու, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնականը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ Վլադիմիր Պուտինի մոտ հինգ ժամ տևած բանակցությունները:

Սերգեյ Ուշակովն ասել է, որ քննարկել են ոչ թե ամերիկյան ծրագրի կոնկրետ ձևակերպումները, այլ դրանց էությունը: Թրամփի ծրագրի որոշ դրույթներ ընդունելի են Ռուսաստանի համար, իսկ մյուսները՝ ոչ, ասել նա՝ հավելելով, որ քննարկել են տարածքային կոնկրետ հարցեր, սակայն այս հարցում փոխզիջումային տարբերակ դեռ չկա: Ռուսաստանը պահանջում է, որ ուկրաինական զորքը դուրս բերվի առնվազն Դոնեցկի մարզի ամբողջ տարածքից, ինչին Ուկրաինան և Եվրոպան դեմ են:

Պուտինի օգնականը նաև հայտնել է, որ կողմերը համաձայնել են շարունակել շփումները և չգաղտնազերծել բանակցությունների դետալները: Լրագրողները հետաքրքրվել են՝ այս հանդիպմամբ կողմերը մոտեցե՞լ են խաղաղությանը, թե՞ հեռացել: Ուշակովը պատասխանել է. - «Չենք հեռացել, դա հաստատ կարող եմ ասել: Բայց դեռ շատ աշխատանք կա անելու՝ թե՛ Վաշինգտոնում, թե՛ Մոսկվայում։ Այսքանը։ Եվ շփումները կշարունակվեն»։

Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը, որը ևս մասնակցել է բանակցություններին, մեկ բառով է բնութագրել դրանք՝ արդյունավետ։

Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ խնդրի կարգավորման համար Ռուսաստանը պատրաստ է հանդիպել այնքան, որքան անհրաժեշտ է: Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հիմա հնարավոր գործարքի վրա աշխատում են փորձագետները:

Reuters-ը հայտնում է, որ Ուկրաինայի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովն այսօր Բրյուսելում կբանակցի եվրոպացի պաշտոնյաների հետ, ինչից հետո կարող է մեկնել ԱՄՆ՝ նոր հանդիպումների:

Իսկ Վլադիմիր Պուտինը ամերիկացիների հետ հանդիպումից առաջ դարձյալ Եվրոպային էր մեղադրել խաղաղության գործընթացին խոչընդոտելու համար: Ըստ Պուտինի՝ նրանք ամերիկյան ծրագրում այնպիսի փոփոխություններ են առաջարկում, որոնք անընդունելի են Ռուսաստանի համար, ինչից ակնհայտ է դառնում, որ Եվրոպան մտադիր է արգելափակել գործընթացը: Ռուսաստանի նախագահը նաև ասել է՝ մտադիր չեն պատերազմել Եվրոպայի դեմ, բայց պատրաստ են:

«Եթե Եվրոպան հանկարծ որոշի պատերազմ սկսել մեր դեմ և սկսի այն, մենք պատրաստ ենք հենց հիմա։ Դրանում կասկած չի կարող լինել։ Հարցն այն է [...] եթե Եվրոպան որոշի պատերազմ սկսել, իրավիճակը շատ արագ կարող է հասնել մի կետի, որ ոչ ոք չի մնա, որի հետ բանակցենք», - հայտարարել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահն անդրադարձել է նաև Սև ծովում ռուսական նավերի վրա ուկրաինական զինուժի հարձակումներին՝ դրանք անվանելով ծովահենություն և սպառնալով փակել Ուկրաինայի ելքը դեպի ծով, եթե հարձակումները շարունակվեն: Նաև սպառնացել է ուժեղացնել ուկրաինական օբյեկտներին և նավերին հարվածները ու թիրախավորել այն երկրների տանկերները, որոնք օգնում են Ուկրաինային։

Պուտինի սպառնալիքների ֆոնին Նորվեգիան, Գերմանիան և Կանադան հայտարարել են, որ ընդհանուր 900 մլն դոլար կհատկացնեն Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենք գնելու նպատակով:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էլ հույս է հայտնել, որ բանակցությունները կհաջողեն և խաղաղություն կհաստատվի, իսկ մինչ այդ պետք է շարունակվեն Ուկրաինային զենքի մատակարարումն ու Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները: Ըստ Մարկ Ռյուտեի՝ Ուկրաինան պետք է հնարավորինս ուժեղ դիրքերում լինի՝ բոլոր ճակատներում:

«Մենք պետք է համոզվենք, որ մինչ բանակցություններ են ընթանում … Ուկրաինան լինի ամենաուժեղ դիրքերում՝ շարունակելու պայքարը, հակահարված տալու ռուսներին, բայց նաև լինի ամենաուժեղ դիրքերում, երբ խաղաղության բանակցությունները հասնեն այն կետին, երբ նստեն բանակցելու», - ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը:

Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնան հայտարարել է, որ Էստոնիան զորք կուղարկի Ուկրաինա, եթե երկրի անվտանգության երաշխիքները ներառեն խաղաղապահ ուժերի տեղակայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG