Մատչելիության հղումներ

Կարգալույծ է հռչակվել Տ․ Թադե քահանա Թախմազյանը


Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ․Թադե քահանա Թախմազյանը, հայտնում է Մայր Աթոռը:

Ըստ ներկայացված հիմնավորումներների՝ Թադե քահանան վարկաբեկել է Հայ Եկեղեցին և եկեղեցականներին, այդ թվում՝ հրապարակային զրպարտիչ հայտարարություն տարածելով, իրականացրել է հակաեկեղեցական գործողություններ՝ մասնակցելով կարգալույծ հռչակված անձի մեղքին, պատարագներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը կամայականորեն զեղչել է՝ փաստացի ժխտելով նվիրապետական կարգը, իրեն դուրս դնելով Եկեղեցուց և, ըստ էության, հարելով հերձվածողական շարժմանը, եկեղեցական իշխանության նկատմամբ դրսևորել է անհնազանդություն, ասված է Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունում:

Նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել էր Տեր Թադե Թախմազյանի մատուցմամբ պատարագին: Թախմազյանի հարցը դրված է եղել Մայր Աթոռի կարգապահական հանձնաժողովում քննության: Նա ևս ընդվզում է հոգևոր վերնախավի դեմ: Ավելի վաղ նա հայտարարել էր. «Ես միանում եմ Տեր Արամի արդար ձայնին, քանզի այլևս չեմ կարող լուռ մնալ։ Ես Տեր Արամի խոսքում տեսնում եմ ճշմարտության ձայն, ոչ թե ապստամբության կոչ։ Դրան ի պատասխան արդար խոսքը պատժվում է, իսկ հայհոյախոս խավարը, քահանայի պատմուճանի տակ՝ ողջունվում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG