«Հայաստանում օրենքը բոլորի համար չէ, որ գործում է». երկու տարի առաջ վթարի հետևանքով 24-ամյա եղբորը կորցրած Անի Վարդանյանի եզրահանգումն է։ Երկու տարի է՝ ոստիկանություն, փորձաքննություններ, դատարաններ և անվերջ թվացող քննություն: Արդյունքում եղբորը մահվան դուռը հասցրած վարորդը ազատ է, իսկ իրենց կյանքը՝ դժոխքի է նման, ասում է նա։
«Ինքն Ամերիկայում է՝ իր ընտանիքի կողքին, իր մոտ ոչ մի բան չի փոխվել, իսկ իմ եղբայրը չկա: Անունը դրել են ոչ դիտավորյալ սպանություն, մատների արանքով կնայեն, բայց ոչ դիտավորյալ բառից սպանություն բառը չի փոխվի, իմ եղբայրը հետ չի գա, մեր կյանքն առաջվանը չի լինի», - «Ազատությանն» ասաց նա:
Այդ չարաբաստիկ օրը Ռոման Մանուկյանը Գյումրիի կենտրոնում մոտոցիկլով երթևեկելիս բախվել էր «Աուդի» մակնիշի մեքենային: Ծանր վիրավորված երիտասարդը մահացել էր հիվանդանոցում։ Փորձաքննությունը հստակ է՝ «Աուդիի» վարորդը՝ Անդրանիկ Մկոյանը, հատել է կրկնակի հոծ գիծը, դուրս է եկել հանդիպակաց ճանապարհ:
«Պիտի հանգիստ նստեինք՝ իմանալով, որ օրենքի աշխատողները մեր իրավունքները պաշտպանում են ,եր փոխարեն, բայց մենք հնարավորություն չունեցանք։ Մենք մեր ցավը սրտում ելել ենք, Քննչական ենք գնացել, դատախազություն ենք գնացել, Երևան ենք գնացել, գլխավոր դատախազություն։ Ինչի՞ պիտի այդպես լինի։ Ես պիտի նստեի տունը, ես վստահ լինեի, որ իմ շահերը օրենքը կպաշտպանի, ոչ թե ես ամեն վայրկյան պայքարեմ արդարության համար, պայքարեմ, որ գործը հանկարծ չփակեն, դնեն», -նշեց Անի Վարդանյանը։
Տուժող կողմին ակնհայտ թվացող ապացույցները, մինչդեռ, կասկածի տեղիք են տվել մյուս կողմին: Մեղադրյալի փաստաբան Կարեն Սարդարյանն ասում է՝ դատարանում այսօր իրար հակասող երկու փորձաքննություն կա: Մի դեպքում փորձագետները համարել են, որ «Աուդիի» վարորդը հոծ գիծ է խախտել, իսկ մոտոցիկլավարը՝ արագություն գերազանցել: Մյուս դեպքում փորձագետն արագության գերազանցման մասին խոսք անգամ չի ասել:
«Այսինքն՝ այնպես չէ, որ մենք այդ առաջին փորձաքննության հետ ամբողջությամբ համաձայն ենք էլի, մենք դա էլ ենք վիճարկում, բայց երկրորդի ոչ նշանակման անհրաժեշտությունը կար, ոչ էլ հասկանալի է, թե փորձագետներն ինչու են անտեսում մոտոցիկլետի ակնհայտ արագության գերազանցման փաստը։ Տուժողին մենք հասկանում ենք, հասկանում ենք նրա վիշտը, ցավակցում ենք, բայց դատարանի խնդիրը օբյեկտիվ իրականության պարզումն է», - ասաց Սարդարյանը:
Դատարանը մեղադրյալ Անդրանիկ Մկոյանի նկատմամբ նախ չհեռանալու արգելք է կիրառել։ Հետո հաշվի առնելով, որ ԱՄՆ քաղաքացի է ու որ կամովին ներկայացել, չի խուսափել քննությունից, 20 միլիոն դրամ գրավի ու երաշխավորության դիմաց նրան թույլ են տվել լքել երկիրը։ Դժբախտ պատահարի զոհ դարձած Ռոմանի քույրը՝ Անի Վարդանյանը, մինչդեռ, չի բացառում, թե Մկոյանը կխուսափի պատասխանատվությունից, իսկ իրենք կմնան կսկիծը սրտում. «Որտե՞ղ մնաց արդարությունը»:
«Մի 30 լիստ նամակ, բողոք, դիմում, մի 100 հատ գրել եմ, ոչ մի արդյունք»
Ավելի վաղ՝ երեք տարի առաջ, նմանատիպ դժբախտ պատահարի զոհ է դարձել Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչ Սմբատ Հարությունյանը: Երկու տարի տևած փորձաքննությունից հետո ի վերջո հաստատվել է՝ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին հարևան գյուղի բնակիչ Դավիթ Դանիելյանը չի պահպանել անվտանգություն ապահովող տարածություն, ստեղծել է վթարային իրադրություն և վրաերթի ենթարկել մայրուղու ոչ երթևեկելի հատվածում՝ իր անսարք մեքենայի մոտ կանգնած 27-ամյա Սմբատ Հարությունյանին: Դեպքից երեք տարի անց, մինչդեռ, Սմբատի ընտանիքը դեռ իրավապահ մարմինների դռներն է ծեծում ու արդարություն պահանջում:
«Մի 30 լիստ նամակ, բողոք, դիմում, մի 100 հատ գրել եմ, ոչ մի արդյունք։ Մեկը գցում է մյուսի վրա, մյուսը՝ մյուսի վրա», - «Ազատությանն» ասաց Սմբատի եղբայրը՝ Սերոբ Հարությունյանը:
Նա մեկ հարց ունի՝ ինչո՞ւ է պատիժն ուշանում, երբ փաստերն այդքան ակնհայտ են, ինչո՞ւ է գործը ձգձգվում. «Մինչև այդ փորձաքննությունը մի երկու տարի ձգձգվեց, հիմա էլ դատական նիստերն են հետաձգվում, դատախազ չկա, դատախազն է գործից հելնում, թազա դատախազ են նշանակում, ասում են՝ դատախազը պետք է մի ամիս գործին ծանոթանա, ու այսպես, գործը երկարում է: Մենք էլ գնում ենք նիստերի, մի վկա չի գալիս, մի դատավորը բան չի անում, գործը հետ է ընկնում, նիստերն էլ շատ ուշ-ուշ են նշանակում»։
Մինչդեռ այս դեպքում էլ գործում մութ կողմեր կան: Մյուս կողմում մեղքը չեն ընդունում, փորձաքննությունը՝ կասկածի տակ առնում: Մեղադրյալ Դավիթ Դանիելյանի փաստաբան Ռուբեն Բալոյանն ասում է. «Փորձագետները, կոպիտ ասեմ, հիմարություն են գրել, այդքան բան։ Մարդ ինչ որ գրում է, տակը ստորագրում է, պիտի գա, դատարանում հիմնավորի, գրելով չէ»:
Մինչ գործը տարիներով ձգվում է, փոքրիկ Սմբատը, որ հոր մահից հետո է լույս աշխարհ եկել ու նրա անունն է կրում, արդեն երեք տարեկան է։ Ծանր կորստի առաջ կանգնած ընտանիքը երեք տարի անց դեռ չգիտի՝ ով էր ի վերջո մեղավոր այս դժբախտության համար: