Հունգարիայի համար անընդունելի է մինչև 2027 թվականի վերջը ռուսական էներգակիրների ներմուծումը փուլ առ փուլ դադարեցնելու՝ Եվամիության որոշումը. դա վտանգում է մեր երկրի էներգետիկ անվտանգությունը, հայտարարել է Հունգարիայի արտգործնախարարը։
Այսօր ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել էր, թե միության երկրներին հաջողվել է «նոր դարաշրջան բացել՝ ապահովելով Եվրոպայի լիակատար էներգետիկ անկախությունը Ռուսաստանից»։ Որոշումն ընդունվել է միության անդամ երկրների ձայների մեծամասնությամբ՝ չնայած մինչ օրս Ռուսաստանից գազ ստացող Հունգարիայի ու Սլովակիայի ընդդիմությանը։
Կրեմլը հայտարարել է, թե դրանով Եվրոպան միայն իրեն է վնասում՝ զրկվելով էժան վառելիքից։ Հունգարիայի արտգործնախարարը մինչ այդ տեղեկացրել է, որ որոշման վերջնական հաստատումից հետո Բուդապեշտն ու Բրատիսլավան դրա դեմ դատական գործընթաց կսկսեն Եվրամիության Արդարադատության դատարանում։