Հայ առաքելական եկեղեցու 27 եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ հայտարարություն են տարածել՝ իրենց հավատարմությունը հայտնելով Կաթողիկոսին:
«Անընդունելի և վտանգավոր ենք համարում ներեկեղեցական հարցերը քաղաքական միջամտությամբ լուծելու որեւէ փորձ՝ ինչպիսի պատճառաբանությամբ էլ պայմանավորված լինի։ Եկեղեցու կառավարման եւ ներքին կյանքին առնչվող բոլոր խնդիրներն անխտիր կարգավորելի են եղբայրական սիրով, առաքելագործ եպիսկոպոսներին վայել բարձր գիտակցությամբ, եկեղեցական-ժողովական իրավասու մարմինների միջոցով՝ համաձայն մեր Սուրբ Եկեղեցու գործուն կանոնական ընթացակարգերի», - նշված է հայտարարությունում։
Բարձրաստիճան հոգևորականները «անհանդուրժելի և դատապարտելի ենք նկատում Պատարագի սրբազան արարողության ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետի անվան հիշատակման կամայական զեղչումը»:
«Վստահ ենք, որ մեր Սուրբ Եկեղեցու միասնությունն ու խաղաղությունը վեր են անձնական, խմբային կամ այլ շահերից եւ ամրապնդվելու են սիրո հաղորդության, ճշմարտության եւ արդարության ճանապարհով: Համոզված ենք, որ մեր եպիսկոպոսաց համախումբ ջանքերով արդյունավետ լուծումներ կգտնենք ի շահ մեր Սուրբ Եկեղեցու», - ասված է հայտարարությունում:
Ավելի վաղ Հայ առաքելական եկեղեցու 10 հոգևորականներ էլ հայտարարություն էին տարածել, որով կոչ էին անում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին կամովին հանգստյան գնալ:
«Մենք ակնկալում ենք, որ Գարեգին Բ Կաթողիկոսը, ի սեր մեր եկեղեցու և մեր ժողովրդի, սթափ կգնահատի ստեղծված իրավիճակը, չի տանի մեր ազգն ու մեր Եկեղեցին ավելորդ ցնցումների, կամովին հանգստյան կկոչվի և այդ կերպ հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպելու», - նշված է հայտարարությունում, որը հրապարակվել է վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ակնկալում ենք՝ կաթողիկոսը, կամովին հանգստյան կկոչվի և հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպել». եպիսկոպոսներ