Միրզոյանն ու Կոսը քննարկել են ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։

Արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Զրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգի հաստատումը և երկուստեք ընդգծել դրանով նախատեսված բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ ակտիվ աշխատելու պատրաստակամությունը»։

Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսն անդրադարձել են փոխկապակցվածության, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ներդրումների, դրանով իսկ տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, փոխանցում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը: Հաղորդվում է, որ քննարկվել են նաև ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի՞նչ է նախատեսում ՀՀ-ԵՄ գործընկերության նոր փաստաթուղթը. մանրամասներ Բրյուսելից

Բրյուսելում Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի վեցերորդ հանդիպմանը երեկ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը համագործակցության նոր՝ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթ ստորագրեցին։

Ավելի քան 70 էջանոց փաստաթղթի հիմնական բաղադրիչներից մեկը Հայաստան-Եվրամիություն անվտանգային ու պաշտպանական գործակցությունն է:

Բրյուսելը պատրաստվում է աջակցություն տրամադրել Երևանին դիմակայության բարձրացման համար: Փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո «Ազատություն»-ը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչից հետաքրքրվեց, թե կոնկրետ ինչ կարիքներ է ներկայացրել Հայաստանը պաշտպանության և անվտանգության ոլորտում, և ինչ տեսակի համագործակցություն և ֆինանսավորում է դա ենթադրում, արդյոք այդ գործակցությունը ներառում է նաև սպառազինության ոլորտում հնարավոր աջակցություն։ Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը հստակ պատասխան չտվեց։

«Մենք քննարկել ենք սահմանային կառավարման հարցում օգնություն տրամադրելը, ինչպես նաև նախկին հակամարտությունների և անվտանգության հետ կապված ականազերծման գործողությունների, ականազերծման հետ կապված վարժանքների, ինչպես նաև ականազերծման հետ կապված սարքավորումների տրամադրման հարցերը, և մենք քննարկել ենք նաև գործիքներ, որոնք վերաբերում են ընթացիկ և ինտենսիվացող ապատեղեկատվական արշավներին հակազդելուն։ Սա նաև այն գործիքակազմն է, որ մենք ունեցել ենք Մոլդովայում, և որով Հայաստանը ևս հետաքրքրված է», - ասաց նա։