Գլխավոր դատախազությունը պնդում է, որ մեծահարուստ գործարար Գագիկ Ծառուկյանը չի կատարել դատարանի որոշումը և խախտել է քրեական օրենսգիրքը: Այս է պատճառը, որ իրավապահները մեղադրանք են առաջադրել գործարարին՝ դատական ակտը չկատարելու հոդվածով և ստորագրություն վերցրել նրանից չբացակայելու մասին:
Ըստ իրավապահների, Ծառուկյանը դեռ 2023 թվականից անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի գործով: Գլխավոր դատախազությունը կասկածներ ունի, որ մեծահարուստ գործարարն իր ունեցվածքը ձեռք է բերել ապօրինի ճանապարհով: Դատարանն արգելանք էր դրել նրա ունեցվածքի վրա, ինչը նշանակում է, որ Ծառուկյանը չէր կարող այն վաճառել: Բայց, ինչպես դատախազությունն է պնդում, Բուլղարիայում գրանցված «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ՍՊ ընկերության 98.03 տոկոս բաժնեմասը, որ պատկանում է գործարարին ու նրա կնոջը, Ծառուկյանները վաճառել են ավելի քան 23 միլիոն եվրոյով: Այսինքն՝ ըստ դատախազության, իմանալով, որ Սոֆիայում գտնվող գույքը ևս արգելանքի տակ է, նրանք խախտել են դատարանի որոշումը:
Եթե Ծառուկյանի մեղքն ապացուցվի, նրան սպառնում է առավելագույնը մեկ տարվա ազատազրկում: Ծառուկյանն անցնում է նաև այլ քրեական գործով, որը դատարանում է 2023 թվականից: ԲՀԿ 69-ամյա առաջնորդը մեղադրվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր կուսակցության օգտին 90 միլիոն դրամ ընտրակաշառք տալու համար, մեղքը չի ընդունում: