«Ես գնում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում», - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրենց այս խնդրանքը հոգևորականների հասնում է տարբեր ուղիներով, այդ թվում՝ ԱԱԾ-ի աշխատակիցների կամ ծանոթների միջոցով։
«Ես գնում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում։ Մենք խնդրում ենք, որպեսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնվի։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, կարող է ԱԱԾ աշխատող լինել, բարեկամ լինել, կարող է իմ օգնականը լինել․․․ կախված է նրանից՝ ով ում ճանաչում է, ում հետ կապ ունի։ Այստեղ ԱԱԾ-ն և մյուս ինստիտուտնրը կապ ունեն այնքանով, որքանով՝ որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է»,- հայտարարեց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ ճի՞շտ է, որ ԱԱԾ աշխատակիցներն ասում են քահանաներին, որ չհնչեցվի կաթողիկոսի անունը։
«Այնպես չէ, որ քահանաները պետական մարմինների հետ միայն իմ՝ պատարագի գնալու առիթով են շփվում, բազմաթիվ այլ առիթներ կան, այնպես որ շատ մի նեղվեք այդ փաստից», - նշեց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցուն ոչինչ ավելի մեծ վնաս չի հասցնում, ինչքան Կտրիճ Ներսիսյանի ներկայությունը»:
«Կարծում եմ՝ եկեղեցու դեմ գործող անձը Կտրիճ Ներսիսյանն է, այն միջավայրը, որը գործում է հակահոգևոր և հակաեկեղեցական տրամաբանությամբ: Կարծում եմ՝ հենց նրանց ներկայությունը Մայր Աթոռում ամենաշատն է վիրավորում Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդների, այդ թվում՝ իմ հոգևոր զգացումները», - ասաց վարչապետը:
«Դա ուղղակի պահանջի ժանր չէ, որ ինչ-որ մեկը պահանջում է կտրիճ Ներսիսյանի հրաժարականը, մենք ասում ենք, որ պրոցես է սկսվել և նա պետք է գնա այդտեղից, այսինքն էստեղ ընտրության հարց չէ՝ կտա հրաժարական, թե չի տա, ինքը պետք է գնա այդտեղից», հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու շուրջ բարձրացած աղմուկի մասին հարցին, Փաշինյանն ասաց. «Կարծում եմ՝ աղմուկն առողջացնող է, ժողովրդավարական երկրները չպետք է աղմուկից ու հրապարակային քննարկումներից խուսափեն»: