Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 7-ին վարչապետը պատարագի կմասնակցի՞ Գյումրիում


Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր Ռուբենը
Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր Ռուբենը

«Սատանան, դևերը և նրանց գործակիցներն են»: Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր Ռուբենը սրտնեղած է. երեկվանից համացանցում տեղեկություն են շրջանառում, թե Շիրակի թեմի բոլոր քահանաները հրաժարվել են Փաշինյանի մասնակցությամբ պատարագին շրջանցել Վեհափառի անունը՝ բացի մի հոգուց, ու այդ մեկը ինքն է:

«Ես Կարենին ասել եմ, որ ես իրավունք չունեմ տենց բան անելու, 25 տարի ես Վեհափառի անունը տվել եմ, ինչի՞ մասին է խոսքը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Տեր Ռուբեն քահանա Գասպարյանը:

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն այս կիրակի՝ երկրաշարժի զոհերի հիշատակի օրը մտադիր է Գյումրիում պատարագի մասնակցել, այս մասին պաշտոնապես ոչինչ հայտնի չէ, սակայն քահանայի խոսքից հասկանում ենք, որ այդպիսի մտադրություն կա: Ավելին, ըստ Տեր Ռուբենի, Փաշինյանը ցանկանում է, որ հենց ինքը պատարագի՝ մի առիթով վարչապետը մասնակցել է իր մատուցած ծեսին: Քահանան դեմ չէ, սիրով կպատարագի, վարչապետին բարեպաշտ քրիստոնյա է համարում, բայց խնդրում է եկեղեցու գործերին չխառնվել. - «Մենք ձեզ որ հարգում ենք, դուք էլ մեզ հարգենք»:

Նրա հետ մի շարք մարդիկ են բանակցել, քահանան պատմում է՝ նույնիսկ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն են Վեհափառի անունը պատարագից չեզոքացնելու հարցով իրեն դիմել. - «Ես ասել եմ՝ ես տվել եմ, կտամ ու էլի պիտի տամ: Երեկ էլ, իմիջիայլոց ասեմ, էստեղի ԱԱԾ-ի եկել էին Շիրակի, բա՝ «Տեր հայր ջան, խնդրում ենք ... », ասի՝ «ես գիտեմ դուք հիմա ինչ եք եկել խնդրելու», ասի՝ դա բացառվում է, Վեհափառը ոնց որ Հայրապետը մեր՝ մենք իրա անունը 25 տարի ես պատարագներին տվել եմ ու էլի պիտի տամ»:

Ըստ Տեր Ռուբենի՝ Սուրբ Հակոբում պատարագի մասնակցելու Փաշինյանի մտադրության ու քահանայի նախընտրելի պահվածքի մասին Տնտեսագիտականի Գյումրիի մասնաճյուղի ղեկավար Կարեն Պետրոսյանն է ասել, վերջինս 2018-ին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման նախաձեռնողներից էր:

«Ինքը եկավ ասեց՝ «Տեր հայր ջան, ուզում ենք, որ դու պատարագես», և այլն, հիմա ինքը պարզ ասեց, որ «Վեհափառի անունը պատարագին չտաս», - պատմեց Տեր Ռուբենը:

Կարեն Պետրոսյանը հերքեց, հայտարարեց՝ քահանաների հետ ամենօրյա ռեժիմով է կապի մեջ, այդպիս բան չի ասել. - «Իմ կողմից որևէ հորդոր նման հարցով չի եղել, և ցանկացած քահանա ինքն է որոշում պատարագի ժամանակ իր ընթացքը և էդ ամբողջ խորհրդակատարությունը: Իմ կողմից անուն զեղչելու որևէ հորդոր որևէ հոգևորականի չի եղել»:

Պետրոսյանը նկատեց՝ պիտի այնպիսի Կաթողիկոս լիներ, որ ցանկացած պատարագի ժամանակ նրա անունը հավատացյալների շուրթերին լինի:

Սուրբ Հակոբ եկեղեցու քահանան, սակայն, անընդունելի է համարում իրենց ինչ-որ գործընթացների մեջ ներքաշելու այս փորձը. - «Մեր մեծարգո վարչապետը էդ քահանաներին գցում է փորձանքի մեջ, հասկանո՞ւմ եք դա: Չի կարելի էդպես բան անել»:

Քահանայի բառով՝ «փորձանքների» մեջ արդեն մի քանի քահանաներ են հայտնվել, այսինքն՝ կարգալույծ են արվել, այսօր էլ Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադեն զրկվեց քահանայական կարգից Մայր Աթոռի որոշմամբ: Նա պատարագել էր վարչապետի մասնակցությամբ և զեղչել Կաթողիկոսի ու թեմակալ առաջնորդի՝ ազատազրկված Մկրտիչ սրբազանի անունները:

Տեր Ռուբեն քահանան տարակուսում է՝ եթե Նիկոլ Փաշինյանը որպես շարքային հավատացյալ է մասնակցում հոգևոր արարողություններին, ինչպե՞ս են ինքը կամ թիմակիցները Տեր հորը հորդորում՝ ինչ անի, ինչ չանի: Եթե Փաշինյանն այնուամենայնիվ գա իր պատարագին, քարոզի ժամանակ որոշ բաներ կբացատրի քահանան, բայց դեռ ոչինչ պարզ չէ:

«Ինձ որևէ բան չեն ասել, որ պարոն վարչապետը պետք է գա, ես դեռ ոչինչ չգիտեմ, ընդամենը դա ֆեյսբուքյան զրույցներ է», - Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու ավագ քահանա Տեր Վարուժան քահանա Տերտերյանն էլ դեռ հաստատում չունի վարչապետի մասնակցության վերաբերյալ: Շեշտեց՝ ինքն այդ օրը որտեղ էլ պատարագի, աղոթքների տեքստը խմբագրել չի պատրաստվում. - «Դա հակականոնական է, մենք ենթարկվում ենք կանոններին, այդպիսի ցուցում իմ կողմից չկա»:

Շիրակի թեմում 24 քահանաներ են ծառայություն մատուցում: Արդյո՞ք երկրաշարժի զոհերի հիշատակի օրը վարչապետը Գյումրիում կգտնի հոգևորականի, որ պատարագ կմատուցի առանց Գարեգին Երկրորդի անվան հիշատակության, հստակ չէ:

Անցած տարի դեկտեմբերի 7-ին վարչապետ Փաշինյանը տիկնոջ հետ Գյումրիում էր, ծաղկեպսակ դրեցին զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։ Հարևանությամբ՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի չմտան. այստեղ Ամենայն Հայոց կաթողիկոսն էր վերաօծում սուրբ սեղանը: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանն այդ օրը 25 տարվա անմնացորդ ծառայության համար Վեհափառից եպիսկոպոսական պանակե ստացավ, Գյումրիի այդ ժամանակ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ եկեղեցական շքանշան: Վերջին երկուսն այժմ կալանավայրում են:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG